Փոխզիջումների քաղաքականությունը չի հանգեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման. ադրբեջանցի վերլուծաբան
Փոխզիջումների քաղաքականությունը չի հանգեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման։ Նման կարծիք է հայտնել ադրբեջանցի վերլուծաբան, "3-View" վերլուծական հրատարակության գլխավոր խմբագիր, Խաղաղության դեսպան Ռաուֆ Ռաջաբովը՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։
«Փոխզիջումը, ուզում ենք մենք դա, թե ոչ, զուգորդվում է ինչ-որ կորստի հետ, ինչ-որ բանից հրաժարվելու հետ։ Հայաստանում և Ադրբեջանում կան ծայրահեղական խմբեր, իսկ նրանց համար փոխզիջումը՝ պարտություն է», - ասաց Ռաջաբովը։
Նրա խոսքերով, փոխզիջումների քաղաքականությունը կարող է հանգեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ձգձգման։
«Սակայն մարդիկ ապրում են այսօր, և շուրջ մեկուկես միլիոն մարդ երկու կողմից էլ հարկադրված վերաբնակվածներ են, որոնք հակամարտության զոհերն են։ Այսօր խնդիրը հենց այս խմբերի մեջ է, որոնք առավել խոցելի են, արձագանքում են բանակցությունների գործընթացի ժամանակ առաջացող խնդիրներին», - ասաց Ռաջաբովը։
Նրա խոսքերով, փոխզիջումների քաղաքականությունը հաղթողի հետ պարտվողի դիրքային առևտուր է, «երբ բանակցությունները վարում են երկու կողմերը, սակայն ոչ նրանք, որոնք փորձում են կարգավորման ուղիներ գտնել»։
«Մի կողմը հանդես է գալիս հաղթողի դիրքից, իսկ մյուս կողմը ռևանշ է պահանջում։ Այս քաղաքականությունը ոչ մի տեղ չտանող մոդել է», - կարծում է Ռաջաբովը՝ հտակեցնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ գերակայում է քաղաքական կարգավորման սկզբունքը։
Նրա խոսքերով, որպես հիմք պետք են ընդունվեն տնտեսական և սոցիալական գործոնները։
«Պետք է Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքներին իրավունք տալ անցակացնել հանրաքվե՝ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ՝ չվախենալով արդյունքներից», - հայտարարեց ադրբեջանցի վերլուծաբանը՝ հստակեցնելով, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է դրսևորել քաղաքական կամք՝ երկու կողմից էլ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

