Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ. փորձագետ
Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ, հայտարարեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեր Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի երեքշաբթի արած հայտարարությունները։
Մոսկվայում թուրք դեսպան Քուրթուլուշ Թաշկենտը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Երևանը պետք է հրաժարվի իր երկրի հանդեպ ունեցած տարածքային պահանջներից։
«Դիվանագետի խոսքերը նորություն չեն, դա թուրք վերնախավի համընդհանուր տեսակետն է։ Սակայն բանն այն է, որ ոչ Հայաստանի Անկախության հռչակագրում և ոչ էլ Հայաստանի Սահմանադրությունում չկա Թուրքիայի հանդեպ որևէ տարածքային պահանջ», - ասաց Սաֆրաստյանը՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։
Փորձագետը կարծում է, որ թուրք դեսպանը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի Անկախության հռչակագրի այն դրույթը, որտեղ ասվում է այն մասին, որ Հայաստանը պետք է աջակցի Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Ընդ որում, Մայր օրենքի ներածական մասում ասվում է, որ հայ ժողովուրդն ընդունել է Սահմանադրությունը՝ հիմք ընունելով Հայաստանի Անկախության հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները։
«Վերջին 15 տարիների ընքացքում թուրքական քարոզչությունը և քաղաքական օղակները համառորեն պնդում են, որ «Արևմտյան Հայաստան» արտահայտությունը պարունակում է Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ, ինչն ընդհանրապես որևէ հիմք չունի», - ընդգծեց Սաֆրաստյանը։
Նրա խոսքերով, պաշտոնական մակարդակով Հայաստանը որևէ տարածքային պահանջ Թուրքիայի հանդեպ չի ներկայացրել՝ ոչ անցած տարիներին, ոչ էլ Ռ. Քոչարյանի նախագահության ժամակաշրջանում։
«Թուրքական քարոզչությունը և այդ երկրի իշխող օղակները, օգտվելով այն փաստից, որ Հայաստանը չունի ելք դեպ ծով, դիմում են մտացածին պատրվակի՝ իբրև թե հայկական կողմի տարածքային պահանջների մասին՝ Հայաստանի մեկուսացման և շրջափակման քաղաքականությունը շարունակելու և նրա հանդեպ ճնշում գործադրելու համար», - ասաց Սաֆրաստյանը։
Նա թերահավատորեն մոտեցավ նաև թուրք դիվանագետի արած այն հայտարարությանը, թե Թուրքիան բաց է Հայաստանի հետ համագործակցության համար, ինչի վկայությունն այն փաստն է, որ Թուրքիայի տրամադրած օդային միջանցքով Հայաստանից ամսական գրեթե 100 չվերթ է իրականացվում։
«Սխալ կլիներ օդային միջանցքի տրամադրումը համարել Հայաստանի հանդեպ առանձնահատուկ տրամադրվածության նշան։ Հարևան պետությունները պարտավոր են միմյանց տրամադրել օդային միջանցք։ Դա նորմալ միջազգային պրակտիկա է, և Թուրքիան չպետք է դրանով առանձնապես գովի իրեն», - ասաց փորձագետը։
Նրա խոսքերով, նորմալ պայմաններում հարևանները պետք է ունենան ոչ միայն բաց սահման, այլև դիվանագիտական հարաբերություններ։ «Հակառակ դրան՝ թուրքական կողմը հրաժարվում է բացել Հայաստանի հետ սահմանները և դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ», - ասաց Սաֆրաստյանը։
Նրա խոսքերով, համագործակցության համար բաց լինելու մասին հայտարարությունը չի խոսում այս խնդրի շուրջ թուրքական քաղաքականության փոփոխության մասին։
«Վերջին 10-15 տարիների ընթացքում ճարտասանության մակարդակով այս մասին խոսել են բոլոր թուրք ղեկավարները։ Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն ճարտասանությունը, այլև կոնկրետ քայլերը։ Իսկ Թուրքիան, խոսքերով հայտարարելով Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման պատրաստակամության մասին, այնուամենայնիվ, հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել և դադարեցնել Հայաստանի փաստացի շրջափակումը», - ասաց Սաֆրաստյանը։
Փորձագետը կարծում է, որ Թուրքիայի նոր արտգործնախարար Ալի Բաբաջանի դիրքորոշումը, դատելով նրա պաշտոնական հայտարարություններից, նույնպես ոչնչով չի տարբերվում Հայաստանի հանդեպ թուրքական իշխող օղակների ավանդական «ճնշման քաղաքականությունից»։-0-

