Եղեռնի հարցը Արևմուտքի կողմից Թուրքիայի վրա ճնշման գործոն է-հայ քաղաքագետ

11.10.2007, 16:47
Եղեռնի հարցը Արևմուտքի կողմից Թուրքիայի վրա ճնշման գործոն է-հայ քաղաքագետ
Եղեռնի հարցը Արևմուտքի կողմից Թուրքիայի վրա ճնշման գործոն է-հայ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Եղեռնի հարցը Թուրքիայի վրա Արևմուտքի ճնշման փաստարկներից մեկն է, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց «ՌԻԱ-Նովոստիի» փորձագիտական խորհրդի անդամ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Հայերի Ցեղասպանության հարցը այն ոչ մեծ, բայցևայնպես փաստարկներից մեկն է, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Արևմուտքը ազդում Թուրքիայի վրա։ Դա Թուրքիայի Արևմուտքի հետ մեծ խաղի կետերից մեկն է»,-հայտարարեց քաղաքագետը՝ մեկնաբանելով ԱՄՆ ներկայացուցիչնմերի պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից հայերի Ցեղասպանությանը վերաբերող 106-րդ բանաձևն ընդունելու վերաբերյալ նախաձեռնությունը։

Նրա խոսքերով, այս հարցը հայոց Ցեղասպանությունից ավելի լայն և ընգրկուն է և Թուրքիայի համար ճակատագրական նշանակություն ունի։

Ինչպես կարծում է Իսկանդարյանը, 106-րդ բանաձևի ընդունումը դժվար թե գլոբալ և  ուժեղ կերպով ազդի Հայաստանի և Թուրքիայի հարաբերություների վրա, քանի որ երկու երկրների միջև գրեթե ոչ մի կապ չկա։

Բացի այդ, ամերիկյան օրենսդիրների այս որոշումն արտացոլում է Եվրոպայի և ԱՄՆ-ի Թուրքիայի հետ փոխհարաբերությունների ընդհանուր միտումները ինչպես եղեռնի, այնպես էլ աշխարհաքաղաքական բնույթի այլ հարցերի վերաբերյալ։

Նրա խոսքերով, այդ ամենը նոր չի սկսվել։

Քաղաքագետը կանխատեսում է, որ ԱՄՆ-ի կոնգրեսի կոմիտեի որոշումից հետո պաշտոնական Անկարայի և թուրքական մամուլի կողմից բացասական հայտարարություններ կլինեն և, միևնույն ժամանակ, դրական արձագանքներ սփյուռքի և Հայաստանի կողմից։

Կես տարի անց, ըստ Իսկանդարյանի, այդ ամենը կանցնի, և բանաձևի ընդունման փաստը կմնա անցյալում, ինչպես աշխարհում ընդունված տասնյակ նման բանաձևերից մեկը։

«Բայց գործընթացը կմնա, և Թուրքիան կշարունակի արձագանքել նրան»,-վստահ է փորձագետը։

«Գնացքը տեղից շարժվել է և անհնար է այն կանգնեցնել։ Թուրքիան կամ պետք է համակերպվի այդ փաստի հետ, կամ  չհամակերպվի և դադարի լինել այն ատլանտիկ տարածքի մասը, ուր ձգտում է»,-ասաց Իսկանդարյանը։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովն անտեսելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դիտողությունները հոկտեմբերի 10-ի նիստում 27 կողմ և 21 դեմ ձայներով ընդունեց 106-րդ բանաձևը՝ կոչ անելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ արտացոլել թուրքերի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության փաստը։

«Կոնգրեսը ԱՄՆ նախագահին կոչ է անում ամենամյա նախագահական ուղերձում, որով նա ելույթ է ունենում ապրիլի 24-ին՝ Եղեռնի տարեդարձին, 1,5 մլն. հայերի նպատակադրված և համակարգված ոչնչացումը հստակորեն բնութագրել որպես Ցեղասպանություն»,-նշվում է հաստատված փաստաթղթի տեքստում։

Հայերի ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին և նրա ընդունման համար պարտադիր չէ Սենատի հավանությունն ու նախագահի ստորագրությունը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ --0—