«HighFest»-ը Հայաստանում ձեռք է բերում կատարողական արվեստների փառատոնի կարգավիճակ

27.09.2007, 11:05
«HighFest»-ը Հայաստանում ձեռք է բերում կատարողական արվեստների փառատոնի կարգավիճակ
«HighFest»-ը Հայաստանում ձեռք է բերում կատարողական արվեստների փառատոնի կարգավիճակ

«HighFest» հինգերրորդ միջազգային թատերական փառատոնի կազմկոմիտեի նախագահ Արթուր Ղուկասյանի բացառիկ հարցազրույցը՝ «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությանը։

Նովոստի-Արմենիա. Այս տարի «HighFest»-ը նշում է իր փոքրիկ հոբելյանը՝ 5-ամյակը, ինչո՞վ կզարմացնեք հանդիսատեսին այս անգամ

Ա. Ղուկասյան. Ամեն ինչ  կլինի  այնպես որակյալ, ինչպես անցած չորս տարիների ժամանակ էր։ Նշեմ, որ այս տարի փառատոնին կներկայացվեն գրեթե բոլոր խոշոր միջազգային թատերական կազմակերպությունները՝ ITI, ACCITEJ. Մեր հյուրերի թվում են վենետիկյան հայտնի Վեններ-ֆեստ փառատոնի թատերական մասի տնօրեն Շտեֆանի Գարպը, էդինբուրգյան փառատոնի freenge ծրագրի տնօրեն Պոլ Գաժինը։ Հարկ չէ մոռանալ նաև թատերագիր Ժենյա Գրիշկովեցին։ Նրա երկու ներկայացումները՝ «Ինչպես ես կերա շանը» և «Միաժամանակ» կցուցադրվեն փառատոնի շրջանակներում։

Աստղերից մեզ մոտ կժամանի ավստրիացի Կլաուս Օբերմայերը իր մուլտիմեդիայի թատրոնով։ Մենք կտեսնենք նրա տեսապրոեկցիաները մարդկային մարմնի վրա։ Նա շատ հայտնի մարդ է։ Մենք երկու տարի աշխատել ենք, որպեսզի փառատոնին մասնակցելու նրա համաձայնությունը ստանանք։

Ավելացնեմ, որ«HighFest» միջազգային հինգերրորդ թատերական փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 4-14-ը՝ Երևանում։ Փառատոնի ծրագրում ներկայացված են 33 երկրների 75 ներկայացումներ։ Այս տարի փառատոնի անցկացման համար Հայաստանի կառավարությունը հատկացրել է 35 միլիոն դրամ, ևս 4 միլիոն դրամ հատկացրել է Մշակույթի նախարարությունը։

   Նովոստի-Արմենիա. Ինչո՞վ կհիշվի փառատոնի բացումը

Ա. Ղուկասյան. «HighFest»-ի բացման համար մենք իսկական տոնական շոու ենք պատրաստում։ Այն բեմադրում է տաղանդավոր ռեժիսոր Վահան Բադալյանը։ Դա փողոցային մեծ դիմակահանդես է։ Փառատոնի մասնակիցները կանցնեն Երևանի կենտրոնական փողոցներով։ Իսկ բացման արարողությունը տեղի կունենա Շառլ Անձնավուրի հրապարակում՝ հրավառության և հրատեխնիկայի միջոցների օգտագործմամբ։ HighFest-2007-ը կբացվի Պետերբուրգից ժամանած Նատալյա Կասպարովայի կողմից բեմադրած «Կոմիտասի երգերը» ներկայացմամբ։

Նովոստի-Արմենիա. Բացի ավանդական ծրագրից, փառատոնի շրջանակներում նախատեսվա՞ծ են արդյոք նոր նախագծեր

Ա. Ղուկասյան. Հինգ տարվա ընթացքում մեր ձեռքբերումը եղել է այն, որ «HighFest»-ը թատերական փառատոնից վերածվել է կատարողական արվեստների փառատոնի։ Այն արդեն ունի այլ կառուցվածք, ավելի լայն ձևաչափ։ Այսպես, օրինակ, մենք ունենք պարային մի քանի համույթներ Գերմանիայից, Իսրաելից, Ֆինլադիայից, Ֆրանսիայից։  

Իսկ ինչ վերաբերվում է առանձին ծրագրերին, ապա բացի մանկական և տիկնիկային ներկայացումներից, այս տարի փառատոնը համալրվել է «Թատրոնը և կինոն» ծրագրով, որի համակարգողն է Մելիք Կարապետյանը։ Այս  նախագիծը  հանրահայտ ռեժիսորների, մասնավորապես Պիտեր Բրուկի և Ջորջիո Ստրելլերի,  ներկայացումների հետահայաց ցուցադրումն է։ Մի քանի գրառումներ ուղղարկել է ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը։ Այս ծրագրի շրջանակներում նախատեսված է 12-13 հանրահայտ բեմադրությունների ցուցադրում։

Այս տարի մենք նաև մտադիր ենք շարունակել նյու-ռայտինգի՝ նոր դրամայի ծրագիրը։ Նրա հիմքի վրա ծրագրվում է անցկացնել մի քանի երկրների ջանքերով կազմակերպած իմպրովիզացիաների երկու երեկո։ Ընթացիկ տարվա փետրվարին մենք արդեն անցկացրել ենք այս ծրագրին նվիրված սեմինարներ։ Այդ ժամանակ ներկայացվեցին միայն Ռուսաստանը, Ուզբեկստանը և Վրաստանը։ Այժմ նրանց կմիանան Չեխիան, Հունգարիան, Մեծ Բրիտանիան։ Այս ծրագրի շրջանակներում սեմինարներ կանցկացնեն ՄԽԱՏ դպրոց-ստուդիայի տնօրեն Անատոլի Սմելյանսկին, ինչպես նաև թատերագիր Մարիուս Իվաշկյավիչուսը։

Նովոստի-Արմենիա. Ինչպիսի՞ ներկայացումներ են պատրաստում ազգային թատրոնները «HighFest» փառատոնին մասնակցելու համար

 Ա. Ղուկասյան. Ծրագրում մեր կողմից բեմադրված 15 բեմադրություն կա։ Այդ թվում երեքը բեմադրվել են հատուկ փառատոնի համար, մասնավորապես ռեժիսորներ Վահան Բադալյանը և Արթուր Տեր-Հարությունյանը պատրաստում են իրենց ներկայացումները։ Նշեմ նաև նկարիչ, պարող և ռեժիսոր Ցոլակ Մլքե-Գալստյանին։ Նա իր «Միհր» պլաստիկ պարի թատրոնի հետ առաջին անգամ Հայաստանում պատրաստում է  action-painting՝ «Գույներ» վերնագրով։ Սա մեզ համար նոր ժանր է, որը ներկայացված է շարժման, կտավի և գույների համադրությամբ։-0-