Վերջին 5-6 տարիների ընթացքում Հայաստանում աղիքային հիվանդությունները գտնվում են կայուն մակարդակի վրա
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Վերջին 5-6 տարիների ընթացքում Հայաստանում աղիքային հիվանդությունները գտնվում են կայուն մակարդակի վրա։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության վարակիչ և տարածվող հիվանդությունների բաժանմունքի պետ Լիլիթ Ավետիսյանը, աղիքային վարակների զանգվածային աճ չկա։
«Երբեմն տարբեր շրջաններում ջրատարի վնասվելու հետևանքով ջրի աղտոտման կամ կերակրի գործոնի ազդեցությամբ տեղի է ունենում վարակների բռնկում», - ասաց նա։
Ավետիսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում աղիքային հիվանդությունների իրավիճակն ավելի բարվոք է, քան տարածաշրջանի այլ երկրներում։ Այսպես, ըստ նրա տվյալների, 100 հազ. մարդու հաշվով հիվանդացության միջին ցուցանիշը կազմում է մոտավորապես 100 դեպք, իսկ ամառային շրջանում այդ ցուցանիշը կարող է բարձրանալ 20 դեպքով։ «Անցայլ տարիներին Հայաստանում աղիքային հիվանդությունները շատ տարածված էին, սակայն այժմ հիվանդացության ֆոնը կայունացել է»,- ասաց նա։
Մասնագետները պնդում են, որ ամառային շրջանը նպաստում է աղիքային հիվանդությունների աճին։ Ավետիսյանի խոսքերով, ամառային շոգը բարենպաստ է վարակի հարուցիչների բազմացման համար։ Մասնավորապես, այս տեսակետից առավել վտանգավոր է լցնովի պաղպաղակը, որը վաճառվում է փողոցներում՝ առանց հիգիենայի նորմերի պահպանման։
Համաճարակաբանները կարծում են, որ Հայաստանում կենցաղային հիգիենայի հարցերը գտնվում են անբավարար մակարդակի վրա։ «Իհարկե, բնակչությունը հիգիենայի հարցերում դառնում է ավելի գրագետ և տեղեկացված, սակայն մենք մշտապես աշխատանքներ ենք իրականացնում այդ ուղղությամբ՝ տեղեկացնելով մարդկանց հնարավոր վտանգների մասին», - ասաց Ավետիսյանը՝ ավելացնելով, որ Պետական հիգիենիկ-հակահամաճարակային տեսչությունը բոլոր պոլիկլինիկաներում տարածել է «Զգուշացեք աղիքային վարակներից» տեղեկատվական գրքույկը։
Հայաստանի սպառողների իրավունքների պաշտպանները կոչ են անում հասարակությանը՝ ամառվա շոգին մթերքի ընտրության ժամանալ լինել առավել զգոն։
Ինչպես լրագրողներին հայտարարեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը, մթերքի անվտանգության խնդիրը առավել սրվում է ամառվա ամիսներին։ «Ամառային շոգի պայմաններում նույնիսկ ամենաանվտանգ և բարձրորակ սնունդը դառնում է վտանգավոր», - ասաց նա։
Աբգարյանի խոսքերով, իրականացված մոնիտորինգի ընթացքում արձանագրվել է ժամկետանց պարենային ապրանքի և պահպանման պայմանների խախտման մոտավորապես 400 դեպք։
«Մայրաքաղաքի իշխանությունների արգելքներին հակառակ՝ Երևանի փողոցներում լցնովի պաղպաղակի և տարբեր զովացուցիչ ըմպելիքների վաճառքը շարունակվում է։ Ավելին, սնունդը վաճառվում է առանց պատշաճ հսկողության, առանց անհրաժեշտ սանիտարական և հիգիենիկ նորմերի պահպանման, նաև կասկած են հարուցում այդ սննդի պահպանումն ու արտադրության պայմանները», - նկատեց նա։
Միաժամանակ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի Երեխաների և դեռահասների առողջության հանրապետական կենտրոնի ղեկավար Սերգեյ Սարգսյանը «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց, որ աղեստամոքսային տրակտի հիվանդությունները Հայաստանում մեծ տարածում են գտնում։
Նրա խոսքերով, աղիքային հիվանդություններն առաջանում են մանուկ հասակում և տարիքի հետ սրվում են։
«Մեր երկրում դեռևս դպրոցական հասակից ձևավորվել է ոչ առողջ սննդակարգ և սնվելու ոչ ճիշտ ռեժիմ, ինչը հետագայում հանգեցնում է պաթոլոգիաների», - նշեց Սարգսյանը։-0-

