Եկա աշխատելու, բայց մնացի սիրո համար․ հայտնի բիզնես քոուչը՝ Մոսկվայում նախատեսված TOON EXPO-2025–ի և Goght Urban Valley բացառիկ նախագծի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայտնի բիզնես քոուչ, TOON EXPO-2025-ի բանախոս և Goght Urban Valley մասշտաբային նախագծի մասնակից Բորիս Ֆոկինը պատմում է, թե ինչպես է Հայաստանը փոխել իր հայացքները կյանքի, կրթության և ներդրումների հարցում։ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում նա պարզաբանել է, թե ինչու են օտարերկրացիները խաղաղություն զգում Հայաստանում, երեխաները՝ հեռանկարներ, իսկ ձեռնարկատերերը՝ վստահություն ապագայի նկատմամբ, ինչպես նաև այն, թե ինչն է հայկական անշարժ գույքը դարձնում գրավչության նոր կետ ոչ միայն սփյուռքի, այլև ամբողջ աշխարհի ներդրողների համար։
«Նովոստի-Արմենիա»․ հոլանդացի ճանապարհորդ Անտուան Օգյուստինի հին քարտեզի վրա (Փիթեր Սթարքմանի փորագրություն, 1722թ.) դրախտը գտնվում է Երևանի տեղում՝ Վանա, Ուրմիա և Սևանա լճերի միջև։ Գիտեի՞ք ղրա մասին, երբ որոշեցիք տեղափոխվել Հայաստան 2016 թվականին։
Բ. Ֆոկին․ ոչ։ Ես ոչինչ չգիտեի Հայաստանի մասին։
«Նովոստի–Արմենիա»․ իսկ ո՞րն էր վճռորոշ գործոնը։
Բ. Ֆոկին․ Մոսկվայի ներդրողները ինձ հրավիրեցին բացել Քեմբրիջի միջազգային դպրոցը Երևանում։ Ես եկա այս նախագծի վրա աշխատելու, և մենք բացեցինք դպրոցը։ Ինչպես մի քանի տարի առաջ ձևակերպել եմ ինձ համար. ես եկա աշխատելու, բայց մնացի սիրո համար։ Մոտ երեք տարի անց հասկացա, որ այստեղ լավ է ապրել, և ընդհանուր առմամբ ինձ հարմարավետ և երջանիկ եմ զգում այստեղ։ Եվ դա, երևի, ամրապնդվեց 2020 թվականին, երբ Արցախում պատերազմ էր, և ես սկսեցի իմ հասարակական գործունեությունը։ Առաջացավ իմաստ ու դրա զգացողությունը։ Այդ ժամանակ հայտնվեցին այստեղ մնալու ավելի շատ պատճառներ և ցանկություն։
«Նովոստի-Արմենիա» ․ հետադարձ հայացք գցելով՝ կարո՞ղ եք խոսել Հայաստանից ստացած ձեր առաջին տպավորության մասին։
Բ. Ֆոկին․ առաջին տպավորությունները ինչպես բոլորի մոտ են։ Սկզբում երկրին նայում ես զբոսաշրջիկի աչքերով։ Ընդ որում, Հայաստանում զբոսաշրջային առաջին տպավորությունները միշտ միջին են, քանի որ այն լավագույն զբոսաշրջային երկիրը չէ։ Այն ունի շատ ավելի շատ ուրիշ առավելություններ։ Բայց սկզբում նայում ես զբոսաշրջիկի աչքերով. ամեն ինչ հետաքրքիր է, աուտենտիկ, անսովոր, ոչ մի ավել բան։ Հայաստանն ինձ համար իսկապես բացահայտվեց մոտ երկու տարի անց՝ մի քանի երկրներ այցելելուց հետո։ Այդ ժամանակ այցելեցի Սինգապուր, Ֆրանսիա, Մալայզիա, Թաիլանդ, Էմիրություններ։ Եվ ես շատ հստակ հիշում եմ այն զգացողությունը, երբ վայրէջք կատարեցի Հայաստանում, որտեղ, ըստ էության, չունես ո՛չ հարազատներ, ո՛չ ընկերներ, բայց զգում ես, թե ինչպես է մարմինդ թուլանում, քեզ անվտանգ և խաղաղ ես զգում։ Եվ այդ ժամանակ ես մտածեցի, որ այստեղ ինչ-որ այլ բան կա։ Չէի գիտակցում, բայց մարմինս պարզապես այլ կերպ էր զգում Հայաստանում։ Եվ հենց այդ ժամանակ, կարծում եմ, սկսեցի մտածել, թե ինչու եմ ինձ այստեղ լավ զգում։
«Նովոստի–Արմենիա»․ և ինչու՞։
Բ. Ֆոկին․ դե, առաջին հերթին՝ անվտանգությունը։ Որովհետև այստեղ մարդը միշտ ունեցել է, ունի և կունենա նշանակություն։ Այստեղ երբեք չկան ուրիշի խնդիրներ, մարդիկ բաց են։ Հայաստանում կարելի է շատ հեշտությամբ խոսել ցանկացած մեկի հետ։ Ակնհայտ է միջանձնային շփման և աջակցության արժեքը։ Բոլորը շատ բարյացակամ են, չկա ագրեսիա, ամեն ինչից անկախ, ի տարբերություն, օրինակ, Վրաստանի։ Երկրորդը՝ իմաստի զգացումն է։ Երկիրը փոքր է, զարգանում է։ 2016 թվականից ի վեր, ամեն տարին ինձ համար նախորդից ավելի լավն է։ Նույնիսկ չնայած 2020 թվականի Արցախյան պատերազմին, 2021-2022 թվականների իրադարձություններին, աշխարհաքաղաքական դժվարին իրավիճակին, երկիրը, քաղաքը գնալով ավելի ու ավելի լավն են դառնում։ Ամեն տարի ինչ-որ բան փոխվում է. դադարեցին ծխել սրճարաններում, քաղաքում ինչ-որ բան բարելավվեց, հայտնվեցին տեխնոլոգիաներ։ Երևանի սրճարանները, ռեստորաններն իրենց մակարդակով գերազանցել են Եվրոպային, դրանք կարելի է համեմատել միայն Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հետ։ Եվ այստեղ իտալական խոհանոցն ավելի համեղ է, քան Իտալիայում, սպասարկումն ավելի լավն է, շատ ավելի հեշտ է գտնել որակյալ կապուչինո կամ էսպրեսո, քան Միլանում։ Եթե այն ժամանակ կային կրթական հիմնադրամներ, որոնցով ես հիանում էի, հիմա դրանք արդեն պտուղներ են տալիս. և՛ COAF-ը, և՛ Tumo-ն, որոնցից Ճապոնիայի և Գերմանիայի կառավարությունները ֆրանշիզա են գնում։
«Նովոստի–Արմենիա»․ ի դեպ կրթական նախագծերի մասին, որքան գիտեմ, դուք այժմ իրականացնում եք Հայաստանի համար աննախադեպ կրթական նախագիծ Կոտայքի մարզում՝ Goght Urban Valley քոթեջային թաղամասում։
Բ. Ֆոկին․ Գողթի հետ առանձին պատմություն ունենք։ Օգնում եմ զարգացնել կրթական էկոհամակարգը։ Այնտեղ շատ հավակնոտ ծրագրեր կան, շատ բան է արվել երազանքների կրթական միջավայր ստեղծելու համար։ Ես օգնում եմ ստեղծել ճիշտ հաղորդակցություններ և ընտրել կրթական ծառայությունների ճիշտ մատակարարների, որպեսզի այս ամենը դառնա մեկ միասնական էկոհամակարգ, և երեխան ունենա զարգացման համար բացարձակապես բոլոր հնարավորությունները։
«Նովոստի-Արմենիա». Goght Urban Valley-ի ներդրողներից մեկը՝ Մովսես Ձավարյանը, ասել է, որ նախագծի նպատակն է ապահովել որակյալ կրթություն՝ մանկապարտեզից մինչև հեղինակավոր միջազգային բուհեր ընդունվելը։ Այսինքն, դուք հիմա աշխատում եք նման կրթական համալիր ստեղծելու վրա՞:
Բ. Ֆոկին․ Goght Urban Valley–ն նախագիծ է, որտեղ աշխատում են լավագույն ռուս ինժեներները և ուրբանիստները։ Նրանք նախագծում են տարածքը, այգիները, ամբողջ էկոհամակարգը ոչ միայն Գողթի, այլև շրջակա տարածքի բնակիչների համար։ Նրանք նախագծում են, թե ինչպես են զբոսաշրջային երթուղիները վերածվելու Հայաստանի լավագույնի ցուցասրահների։ Նրանք ներկայացնում են այն, ինչով երկիրը կարող է հպարտանալ՝ հեռանալով այնպիսի կարծրատիպերից, ինչպիսիք են կոնյակը, խորովածը, Արարատը։ Օրինակ՝ դպրոցի համար հատկացվել է ֆենոմենալ 8 հեկտար տարածք։
«Նովոստի-Արմենիա»․ փաստորեն, Goght Urban Valley նախագիծն աննախադեպ է դառնում ոչ միայն անշարժ գույքի, այլև կրթության ոլորտում։ Դուք ձգտու՞մ եք սահմանել կրթության նոր չափանիշներ։
Բ. Ֆոկին․ Գողթն այն վայրն է, որտեղ իսկապես ցանկանում ես անշարժ գույք գնել և ապրել։ Այնտեղ կատարյալ մաքուր օդ է, էկոլոգիա, այգիներ, անվտանգության և առողջապահության եզակի համակարգեր։ Դրան զուգահեռ կստեղծվի կրթական էկոհամակարգ՝ դպրոց՝ լրացուցիչ նախագծային ուսուցման համակարգով, ինժեներական կրթությամբ, հարուստ մարզական ենթակառուցվածքներով։ Կլինի նաև չինական կենտրոն, ներկայացված կլինեն COAF-ը, Armath-ը։ Ուսուցումն իրականացվելու է միջազգային ծրագրերով, մասնավորապես, բրիտանական (բանակցություններ են ընթանում British International School–ի հետ), ինչը հնարավորություն կտա շրջանավարտներին դառնալ աշխարհի ամենահեղինակավոր բուհերի ուսանողներ։ Յուրաքանչյուր ոք կցանկանա, որպեսզի իր երեխան ապրի այնտեղ և սովորի արտասահմանյան և հայկական լավագույն փորձով։ Երեխան այս ամենը կստանա՝ գտնվելով բնության հետ շփման մեջ։ Նորարարությունը հենց սա կլինի. երեխան համակողմանի կզարգանա առողջ միջավայրում, ինչն անհնար է անել քաղաքային պայմաններում։ Կրթական համալիրը բաց կլինի բոլոր ցանկացողների, մասնավորապես՝ հարևան գյուղերում բնակվող երեխաների համար։
«Նովոստի-Արմենիա»․ չե՞ք ցանկանա ինքներդ տուն գնել Գողթում։
Բ. Ֆոկին․ իհարկե, արդեն պատկերացնում եմ տուն՝ պատուհանից Արարատի համայնապատկերով և սպիտակ դաշնամուրով, չորս ննջասենյակով, որտեղ մենք բոլորս ապրում ենք երեխաների հետ միասին։ Իսկ Երևան գնում եմ մեքենայով և 30 րոպեում հասնում կենտրոն։ Չէ որ, սա հրաշալի վայր է, այն ձևաչափերից մեկը, որում ուզում ես լինել։
«Նովոստի-Արմենիա»․ այս նախագիծը կներկայացվի Մոսկվայում կայանալիք հայկական անշարժ գույքի առաջին ցուցահանդես-վաճառքում՝ TOON EXPO-2025-ում, որտեղ դուք հանդես կգաք որպես բանախոս և կներկայացնեք Հայաստանի անշարժ գույքի շուկայի ներդրումային հնարավորությունները։
Բ․ Ֆոկին․ TOON EXPO-ն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։ Անցյալ տարի՝ հոկտեմբերին, Երևանում կայացած ցուցահանդեսում երեք օրում վաճառվել է 200 միլիոն դոլարի անշարժ գույք։ Եվ մենք ասացինք, որ պետք է փորձենք դուրս գալ ռուսական շուկա։ Ավելին, խոսքը միայն հայերի մասին չէ, որոնց համար հաճելի է ունենալ Հայրենիքից մի մասնիկ։ Եվ′ նրանց, և′ մյուսներին պետք է ցույց տալ, որ Հայաստանն այժմ այլ է՝ շատ փոխվելով 2000-ականներից ի վեր։ Մեր խնդիրն է Մոսկվայում կայանալիք այս ցուցահանդեսին բերել ռուս բրոքերների, ներդրողների, գնորդների և տեսնել, թե որքան գրավիչ է հայկական անշարժ գույքը նրանց համար թե՛ ներդրումների, թե՛ նորարարության տեսանկյունից։ Հիմա Հայաստանի անշարժ գույքի շուկան շատ է փոխվել։ Այստեղ հայտնվել են իսկական կառուցապատման նախագծեր, որոնք զբաղվում են տարածքների զարգացմամբ, կառավարմամբ, ներդրումային գրավչության հաշվարկով, նախագծերի կառավարմամբ, կառուցվում են տեխնոպարկեր։ Մոսկվայում TOON EXPO-2025-ը հնարավորություն է առանց Հայաստան գալու տեսնել լավագույն հայկական անշարժ գույքը և մի փոքր փոխել սեփական տեսլականը։ Վերջերս մեզ այցելեց բրոքերների միջազգային խումբ։ Մեծ մասը հայեր չէին, ովքեր կյանքում առաջին անգամ էին եկել Հայաստան, նրանք վաճառում են էլիտար անշարժ գույք Մոսկվայում, Լոնդոնում, Դուբայում։ Եվ նրանք հեռացան բոլորովին այլ պատկերացմամբ այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը և ինչու կարող են գրավիչ լինել ներդրումները հայկական անշարժ գույքում։
«Նովոստի-Արմենիա»․ չնայած աշխարհաքաղաքական ռիսկերի՞ն։
Բ. Ֆոկին․ իհարկե։ Այժմ ամենուր աշխարհաքաղաքական ռիսկեր են։ Այսօր մենք տեսնում ենք թռիչքների քարտեզը՝ Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցածից հետո. թռիչքների համար բաց միակ միջանցքն անցնում է Հայաստանի և Վրաստանի վրայով։
«Նովոստի-Արմենիա»․ ինչո՞ւ է ձեռնտու ներդրումներ կատարել Հայաստանում, մասնավորապես՝ անշարժ գույքում։
Բ. Ֆոկին. կնշեմ երկու, հավանաբար ամենակարևոր գործոնները, որոնք կարող են նշանակալից լինել ոչ հայերի համար։ Առաջին գործոնն այն է, որ երկրի տնտեսությունը ենթարկվում է խոշոր վերակառուցման և տեխնոլոգիական զարգացման։ Հայաստանը միգուցե զիջում է առաջատար զբոսաշրջային ուղղություններին, բայց այն ունի գիտատար տեխնոլոգիական հիմք։ Եվ մենք արդեն ունենք ապացույցներ։ Հայաստան են եկել և գրասենյակներ բացել Յանդեքսը, Nvidia–ն, Boston Genes–ը, Synopsys–ը, Service Titan–ը, Pixar–ը, AMD–ին։ Եվս երեք ընկերություն ներդնում է 500մլն դոլար տարածաշրջանում խոշորագույն տվյալների կենտրոնի գործարկման մեջ, որը նախատեսված է արհեստական բանականության համար։ Այս ամենը կգրավի հսկայական թվով նախագծեր, տեխնոպարկեր, նոր գրասենյակներ, անհրաժեշտ կլինեն նոր շինություններ և բնակելի տարածքներ, և դրանցից շատերը դեռ կկառուցվեն 20 տարում։
«Նովոստի–Արմենիա»․ իսկ երկրորդ պատճա՞ռը։
Բ. Ֆոկին․ երկրորդ պատճառը հայկական սփյուռքի գործոնն է։ Տեսնելով, թե ինչպես է ամեն ինչ փոխվում, ինչ նոր, լավ նախագծեր կան իրենց հայրենիքում, մարդիկ միշտ կցանկանան այնտեղ ինչ-որ բան գնել։ Պահանջարկը կաճի, քանի որ մենք հասկանում ենք, որ Հայաստանն արդեն բոլորովին այլ երկիր է և ունի բոլորովին այլ օբյեկտներ։ Պահանջարկն ավելի բարձր կլինի, քան առաջարկը, քանի որ հայերի մեծ մասն ապրում է Հայաստանից դուրս։ Միշտ կա թիրախային լսարան, որը պահանջարկ ունի հայկական անշարժ գույքի նկատմամբ։ Հայերը ցանկանում են կապ ունենալ Հայրենիքի հետ, և դա չի անհետանալու։
«Նովոստի-Արմենիա» ․ նշեք հինգ պատճառ, թե ինչու ազգությամբ ոչ հայը պետք է անշարժ գույք գնի Հայաստանում, օրինակ՝ Goght Urban Valley–ում։
Բ. Ֆոկին․ նախ՝ Հայաստանում շատ հարմարավետ է և երջանիկ է ապրել։ Այստեղ ապրող ռուսների շրջանում շատ բարձր է երջանկության մակարդակը։ Երկրորդը, այստեղ հարուստ, հրաշալի բնություն է։ Գողթում օդը մաքուր է, ջուրը՝ համեղ, սա առողջություն է, հարմարավետություն։ Երրորդը զարգացող տնտեսությունն է, որտեղ յուրաքանչյուր տարին նախորդից ավելի լավն է։ Երբ դու անընդհատ աճում ես, անշարժ գույքը թանկանում է։ Այն, ինչ հիմա գնում ես, ավելի է թանկանալու, չնայած շատերը կարծում են, որ այն արդեն շատ թանկ է։ Պարզապես պետք է հարմարվել այն փաստին, որ Հայաստանն այլևս էժան չէ գների առումով։ Գները կմոտենան Արևմտյան Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ այլ երկրների գներին։
Եվ այս ամենը կհիմնավրովի այստեղ ներկա գտնվող խոշոր տեխնոլոգիական ընկերությունների և խոշոր բիզնեսների կողմից։ Չորրորդը, ռուսալեզու մարդու համար այստեղ շատ հարմարավետ է։ Գրեթե բոլորը խոսում են ռուսերեն։ Ռուսաստանի ներքին անձնագրով կարելի է Մոսկվայից երեք ժամում հասնել Երևան. օրական մոտ 20-30 չվերթ կա։ Կան գրախանութներ, որոնք լի են ռուսերեն և անգլերեն գրքերով։ Բազմաթիվ երաժշտական, մշակութային իրադարձություններ, շատերը՝ ռուսերեն։ Օրինակ՝ դասական երաժշտության միջոցառումների մակարդակը Երևանում կարող եմ համեմատել միայն Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի հետ։ Այն, ինչ անում է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, պարզապես անհավանական համաշխարհային մակարդակ է։ Հինգերորդը, ուզում եմ, որ իմ երեխաները մեծանան այստեղ։ Նրանք այստեղ են ծնվել, չունեն հայկական արմատներ։ Բայց այստեղ նրանք շատ լավ դաստիարակվում են։ Բոլորը լավ են վերաբերվում նրանց և շատ են սիրում երեխաներին։ Այստեղ երեխաների համար կան բազմաթիվ հեռանկարներ, հնարավորություններ։ Դե, եթե խոսում ենք Գողթի նման նախագծի մասին, անմիջապես փակում ենք Երևանի բոլոր թերությունները, քանի որ Հայաստանի մայրաքաղաքը քիչ մարզահրապարակներ, այգիներ, հետիոտնային գոտիներ ունի։ Գողթում այդ ամենը կլինի, ընդ որում շատ բարձր մակարդակով։
«Նովոստի-Արմենիա»․ մեր գործակալության «Армения: Перезагрузка» հատուկ նախագծի շրջանակում տված հարցազրույցում 2021 թվականին դուք ասել եք, որ ամբողջ աշխարհը գալու է Հայաստան՝ սովորելու, թե ինչպես գործել անորոշության և սթրեսի պայմաններում։ Այնպես որ մենք ճիշտ տեղում ենք ապրում։
Բ. Ֆոկին․ մենք, անկասկած, ապրում ենք ճիշտ տեղում, և ժամանակը միայն ապացուցում է մեր համոզմունքը։