Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը պարունակում է բազմաթիվ ռիսկեր, չկան հնարավորություններ Հայաստանի համար․ Միքայելյան (ԲԱՑԱՌԻԿ)

13.08.2025, 16:25
Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բազմաթիվ ռիսկեր է պարունակում, բայց հնարավորություններ չի բացում Հայաստանի համար։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց տնտեսագետ և քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը պարունակում է բազմաթիվ ռիսկեր, չկան հնարավորություններ Հայաստանի համար․ Միքայելյան (ԲԱՑԱՌԻԿ)

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բազմաթիվ ռիսկեր է պարունակում, բայց հնարավորություններ չի բացում Հայաստանի համար։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց տնտեսագետ և քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

«Ամենամեծ ռիսկը պատերազմի իրական սպառնալիքն է՝ հակառակ կառավարության քարոզչամեքենայի ասածներին։ Եթե Ադրբեջանը պարտադրում է, որպեսզի Հայաստանի տարածքով ստեղծվի արտատարածքային միջանցք, ապա նրան թվացող ցանկացած խախտմանը կհետևի ռազմական պատասխան։ Բաքուն անընդհատ բարձրաձայնում է այս մասին։ Եվ միջանցքի մասին ցանկացած խոսակցություն ապագայում կհանգեցնի Ադրբեջանի համար casus belli–ի։ Սա ամենամեծ ռիսկն է», - նշեց Միքայելյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն անընդհատ հնչեցնում են այն թեզը, որ պատերազմ չի լինի և դրան պատրաստվել պետք չէ։ Սակայն իրականում պատերազմի սպառնալիքը նվազագույնի չի հասցվել։

«Ադրբեջանը հենց հիմա շատ ակտիվորեն կառուցում է իր ռազմական ենթակառուցվածքները, այդ թվում՝ օկուպացված Արցախում։ Սա իրականում արվում է Հայաստանի դեմ և շատ մեծ ռիսկ է», - նշեց Միքայելյանը։

Նրա կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ոչ այլ ինչ է, քան միակողմանի հրաժարում Արցախից։

«Միակ հնարավորությունը խաղաղություն հաստատելն է, ինչը միանշանակ տեղի չի ունենա, ինչպես չի լինիհաղորդակցությունների ապաշրջափակում կամ այն կլինի միայն միակողմանի», - պարզաբանեց Միքայելյանը։

Նա ընդգծեց, որ բացվում է ճանապարհ Ադրբեջանից Ադրբեջան, որի համար Բաքուն չի ուզում վճարել տուրքեր և այնտեղ տեսնել հայ սահմանապահների։

Խոսելով Իրանի արձագանքի մասին՝ Միքայելյանը նշեց, որ այն երկիմաստ էր։ Սկզբում Իրանի արտաքին գործերի նախարարությունը դրական արձագանքեց, սակայն հետո հնչեց ծայրահեղ բացասական արձագանք։ Այսպիսով, Իրանի քաղաքական արձագանքում կա պառակտում։

«Իրանում այժմ տեղի են ունենում ներքին գործընթացներ։ Ակնհայտ է, որ Իրանի երկարաժամկետ շահերի տեսանկյունից միջանցքի նախագիծը անընդունելի է», - ասաց Միքայելյանը։

Իրանի արձագանքը վաշինգտոնյան բանակցություններին

Օգոստոսի 10-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ միջանցքի հարցը լիովին մի կողմ է դրվել, և որ այն տարանցիկ երթուղի է, որը կանցնի Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո՝ նրա տարածքում։ Միևնույն ժամանակ, ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության, տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայություն ցանկացած ձևով կարող է բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար։

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Իրանը դեմ է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը և կարգելափակի Կովկասում ամերիկյան միջանցքը։ Վելայաթիի խոսքով՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը կարող է իրականացվել Իրանի միջոցով։

Վաշինգտոնյան հռչակագրի մասին

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։