Խոհարարական իմպրովիզ Եգոր Գլումովից. ինչպես ձուկը ջրում

28.10.2015, 13:41
Հայաստանում հայտնի ռադիոհաղորդավար և բլոգեր Եգոր Գլումովը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը պատմել է այն մասին, թե ինչպես է պատրաստվում վարել «Ձկան օր» նոր խոհարարական շոուն, որի առաջին թողարկումը եթեր կհեռարձակվի նոյեմբերի 8–ին։
Խոհարարական իմպրովիզ Եգոր Գլումովից. ինչպես ձուկը ջրում
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հայտնի ռադիոհաղորդավար և բլոգեր Եգոր Գլումովը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը պատմել է այն մասին, թե ինչպես է պատրաստվում վարել «Ձկան օր» նոր խոհարարական շոուն, որի առաջին թողարկումը եթեր կհեռարձակվի նոյեմբերի 8–ին։ Գլումովը նաև խոսել է իր խոհարարական նախապատվությունների և այլ տաղանդների և ունակությունների մասին։

– Ինչո՞վ է բացատրվում այն փաստը, որ Դուք որոշեցիք փոխել մասնագիտացումն ու դառնալ «Ձկան օր» խոհարարական շոուի հաղորդավարը։

– Իրականում, երևի, ես չեմ որոշել, այլ հեռուստաալիքի ղեկավարությունն է առաջարկել ինձ դառնալ այդ ծրագրի հաղորդավարը։ Սակայն այն խոհարարական չէի համարի, չնայած, որ ծրագրի գլխավոր գործընկերը ձկան խանութ է, որը շուտով պետք է բացվի։ Ինձ համար, ամեն դեպքում, ավելի կարևոր է շփվել մարդկանց հետ և փորձել տեսնել նրանց անսովոր միջավայրում, զրուցել նրանց հետ որպես ծնողներ, բարձրացնել «հայրերի և երեխաների» թեման։ Չէ՞ որ մեր երկիրը փոքր է, և հյուրերի թիվը սահմանափակ է։ Նրանք արդեն ամենուրեք եղել են, և նրանց հետ անհեթեթ ու անհետաքրքիր է խոսել նույն թեմաների շուրջ։ Իսկ հետո արդեն կգա ձկան և խոհարարության հերթը։ Ընդհանրապես շատ բան է ասում այն, թե ինչպես է մարդը ուտելիք պատրաստում։  

– Այսինքն արդեն հասկանալի է, թե ինչու է հենց ձուկն ընտրվել որպես հիմնական ճաշատեսակ։ Ով վճարում է, նա երաժշտություն է պատվիրում...

– Ինձ համար կարևոր է, որ ճաշատեսակները պատրաստվելու են Սևանի իսկական ծիածանափայլ իշխանից, որն արդեն վաղուց դելիկատես է։ Եվ հիմա գտնվել են մարդիկ, ովքեր փորձում են Սևան վերադարձնել իշխանն այնպիսին, ինչպիսին այն կերել են մեր պապերն ու նախապապերը։

– Դուք, ամեն դեպքում, հասկանու՞մ եք, որ հայերը միս են նախընտրում։ Որքա՞ն հայտնի կլինի ձկան շոուն։

– Իրականում մեր գեներում առկա է սերը ձկան նկատմամբ` սկսած այն ժամանակներից, երբ Հայաստանը «ծովից ծով էր»։ Ընդհանրապես, ձուկը զարմանալի բան է։ Եկեք չմոռանանք այն մասին, որ ցուրտ և սոված տարիներին մեզ փրկեց ձուկը, քանի որ միս ընդհանրապես չկար։ Հասկանալի է, որ այսօր մենք ավելի շատ միս ենք ուտում, սակայն ձուկը շատ արժեքավոր և օգտակար մթերք է։

– Այսինքն, Դուք միաժամանակ առողջ ապրելակե՞րպ եք քարոզում։

– Իհարկե։ Դատեք ինքներդ. հայերի շրջանում չկա ոչ մի Նոբելյան դափնեկիր, իսկ Ճապոնիայում նրանց թիվն հարյուրից ավել է։ Միաժամանակ ճապոնացիներն օրը երեք անգամ ձուկ են ուտում։  


 - рис.1

– Ու՞մ եք արդեն հրավիրել, իսկ ու՞մ կցանկանայիք տեսնել ծրագրի հյուրի կարգավիճակում։


– Առաջին հաղորդման հյուրը, ամենայն հավանականությամբ, կլինի դերասան Լևոն Հարությունյանը, իսկ երկրորդը` երգիչ Գրիգոր Կյոկչյանը, ով ներկայացրեց Հայաստանը «Նոր ալիք» մրցույթում։ Կցանկանայի, որպեսզի իմ հաղորդման հյուրը լիներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա հետ շատ թեմաների շուրջ կարելի էր խոսել։

Ընդհանրապես, կցանկանայի, որպեսզի մենք հնարավորություն ունենայինք մեր հաղորդմանը մասնակցելու համար հրավիրել Հայաստան այցելող բոլոր հետաքրքիր մարդկանց։ Ես ստուդիայում կցանկանայի տեսնել հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին, հաղորդավար, երաժիշտ և մոլի ձկնորս Անդրեյ Մակարևիչին։ Նրանցից, ովքեր արդեն ողջ չեն, կցանկանայի հրավիրել գրող Էրնեստ Հեմինգուեյին, ում հետ ևս հաճելի կլիներ զրուցել։

– Բացի ձկից, էլ ինչո՞վ կտարբերվի Ձեր շոուն նմանատիպ այլ շոուներից։

– Այս շոուի համար ոչ ոք սցենար չի գրում։ Այդ ամենը ես եմ անելու։ Իսկ որպես չափազանց ծույլ մարդ` ես այդ ամենը սկսում եմ անել օն–լայն, այսինքն այն ժամանակ, երբ տեսնում եմ այդ մարդուն ստուդիայում և հասկանում, թե ինչի մասին կարելի է խոսել նրա հետ, իսկ ինչի մասին` ոչ։ Ահա և նոր շոուի հիմնական «մեխը»։

– Սննդի պատրաստումը որոշ չափով ինտիմ գործընթաց է։ Ձեր կարծիքով` այդ պահին մարդը սովորականից ավելի շա՞տ է բացահայտվում։

– Գիտեք, այն, թե ինչպես է մարդը բռնում դանակը, գազար կտրում, կարողանու՞մ է, արդյոք, կանաչի կտրել, շատ բան է ասում նրա մասին։ Ուշադիր մարդը, անգամ առանց իմ մեկնաբանությունների, կարող է ինչ–որ բան հասկանալ։

– Դուք նույնպե՞ս պատրաստելու եք Ձեր հյուրերի հետ։

– Իհարկե, ես ևս օգնելու եմ կամ խանգարելու։ Ինչպես կստացվի...

– Ո՞րն է ձկով պատրաստվող Ձեր սիրած ճաշատեսակը։

– «Ռիգայի շպրոտներ» հիանալի պահածոներն են։ Ես դրանք շատ եմ սիրում թե սև հացով, թե «Միմոզա» աղցանում։ Նաև սիրում եմ թոնրում պատրաստված ձկան խորոված։

–  Իսկ ինքներդ կարողանու՞մ եք արդյոք պատրաստել։

– Ես շատ հազվադեպ եմ պատրաստում։

– Ներկայացրեք ձկով պատրաստվող ճաշատեսակի Ձեր սիրած բաղադրատոմսը։

– Սևանի իսկական ծիածանափայլ իշխանով կարելի է ամեն ինչ պատրաստել։ Իշխանի փափկամիսը կարելի է պարզապես տապակել մի քանի րոպե` նախօրոք թաթախելով այն ալյուրի մեջ, և դա չափազանց համեղ կլինի։ Մեկ այլ տարբերակ է, իշխանի վրա լցնել լիմոնի հյութ և փաթաթել փայլաթիթեղով, պատրաստել ջեռոցում։ Ընդհանրապես կան ձկան տեսակներ, որոնք պատրաստելիս հարկավոր է ջանք գործադրել, որպեսզի այն համեղ լինի, իսկ կա ձուկ, որն ինքնին արդեն չափազանց համեղ է։ Կարևոր է այն չփչացնել որևէ ավելորդ բաղադրամասով։ Իմ կարծիքով` որքան քիչ են ձկան ճաշատեսակների բաղադրամասերը, այնքան ավելի համեղ է այն ստացվում։ –0–