Այսօր Արցախում, Սյունիքում, ՀՀ սահմանամերձ շրջաններում կատարվողն «ինֆորմացիոն բլոկադա» է. փորձագետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Արցախում, Սյունիքում, ՀՀ սահմանամերձ շրջաններում կատարվողն «ինֆորմացիոն բլոկադա» է, իշխանությունները թաքցնում են, թե այնտեղ ինչ է կատարվում, հայտարարեց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության Youtube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» ծրագրի ժամանակ։
«Նույն խնդիրը զոհված զինծառայողների անուններն են։ Այսինքն իշխանությունն ամեն ինչ խառնում է իրար։ Սկզբից մի թիվ են ասում, հետո մի քիչ ավել են ասում, հետո մի ամսից մի քիչ էլ են ավել ասում։ Ես համոզված եմ` հատուկ քաղաքականություն է` իրար հակասող ինֆորմացիա տալ, անորոշություն տալ, փոքր հույսեր տալ մարդկանց լրիվ կեղծ` շատ լավ հասկանալով, որ դա կեղծ հույս է։ Արդյունքում մարդկանց գլխում շիլափլավ է առաջանում», – ասաց նա։
Վրթանեսյանը հայտարարեց, որ Հայաստանում 2010թ.–ից իշխանություններն ընդամենը երեք անգամ չեն հայտնել մարտական զոհվածի մասին։
«Այդ երեք դեպքում էլ խոսքը եղել է հակառակորդի տարածքում հատուկ գործողություններ կատարող զինծառայողների մասին։ Դրանում ռազմական տրամաբանություն կա։ Բայց հետո այդ անունները որոշ ժամանակ անց դուրս էին գալիս։ Այս պատերազմում, կարծես թե, հայկական կողմը, իշխանություններն այդ կանոնը խախտեցին։ Եվ այն վստահության վարկը, որ տարիներով կառուցվել էր, հենց բանակի պաշտոնական ինֆորմացիայի հանդեպ, ըստ էության միանգամից սպառվեց», – նշեց փորձագետը։
Վրթանեսյանի հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել մեր Youtube-յան ալիքում։–0–