Մենք շատ կարևոր իրադարձության` Հայաստանի կողմից Ղարաբաղի պաշտոնական ճամաչման շեմին ենք. Դվորնիկով
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը կարծում է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման մասին օրինագծերի նման նախագծերը չեն ներկայացվում քննարկման, որպեսզի մերժվեն։
«Կարծում եմ, որ մենք շատ կարևոր իրադարձության` Հայաստանի կողմից ԼՂՀ–ի պաշտոնական ճամաչման շեմին ենք։ Ակնհայտ է, որ նման օրինագծերը չեն ներկայացվում քննարկման մերժելու համար», – հայտարարեց Դվորնիկովը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։
ՀՀ կառավարությունը կդիտարկի Արցախի ճանաչման նախագիծը>>
Հայաստանի կառավարությունն իր հերթական նիստի օրակարգում ընդգրկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրենքի նախագծի քննարկումը։ Օրինագծի հեղինակներն են ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը։
Նրա խոսքով` այս կապակցությամբ կան մի քանի ենթադրություններ։
«Հայաստանի իշխանությունների գործողությունները լիովին համարժեք են նոր իրականության և հասարակության պահանջի նկատմամբ։ Հավանաբար, Երևանը վերջին շրջանում առաջին անգամ չի արձագանքելու օտար օրակարգին, այլ թելադրելու է սեփականը», – ասաց Դվորնիկովը։
Նա վստահ է, որ նման քայլը քննարկվել է Մոսկվայի հետ։
«Ձեռնպահ կմնամ «համաձայնեցվել» բառից, քանի որ հիմա Հայաստանը ցույց է տալիս, որ պատրաստ է կատարել իսկապես ինքնուրույն աշխարհաքաղաքական քայլ։ Այդուհանդերձ, խաղաղ բանակցությունների շարունակության դեպքում դրանք կընթանան հակամարտող երեք կողմերի մասնակցությամբ, և Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կաջակցի նման ձևաչափին», – կարծում է Դվորնիկովը։
Նրա կարծիքով` խոսքն իսկապես նոր իրականության, Հարավային Կովկասում տիրող նոր իրավիճակի մասին է։
«Բարձր է հավանականությունը, որ Ադրբեջանը դուրս կգա բանակցային գործընթացից, և անխուսափելի է այդ հանրապետության պաշտոնական դիրքորոշման մարգինալացումը։ Նման պայմաններում Հայաստանը պետք է միշտ մեկ քայլ առաջ լինի, և կարծես` նա դրան պատրաստ է», – հայտարարեց Դվորնիկովը։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-

