Ժողովրդական համերգ Արցախի համար

06.07.2016, 13:51
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
Ժողովրդական համերգ Արցախի համար
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Պատերազմը ոչ միայն մարդկային կորուստներ եմ, ունեցվածքի ավերում, այլ նաև մեծ հոգեբանական սթրես նրանց համար, ովքեր հայտնվել են հակամարտության գոտում։ Այս ամենը վերաբերում է արցախցիներին, որոնց համար Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիան դարձավ մեծ բարոյական փորձություն, հատկապես` երիտասարդների համար, ովքեր ապրում են հարաբերական հրադադարի ժամանակահատվածում։

Նման պահի շատ կարևոր է զգալ, որ կյանքը շարունակվում է, որ կան հասարակ ուրախություններ և դրական լիցք ստանալու հնարավորություն։ Հենց այդ պատճառով Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։

Նովոստի–Արմենիա – Դենիս, ո՞վ է ԼՂ–ում համերգ կազմակերպելու գաղափարի հեղինակը։

Դվորնիկով – Գաղափարն, ինչպես ասում են, «օդից կախված է»։ Մարդկանց, հատկապես երիտասարդների համար, կարևոր է ոչ միայն հացը, այլ նաև դրական հույզերը։ Երբ Facebook–ում գրեցի առաջին հաղորդագրությունը հնարավոր համերգի մասին, ստացա բազմաթիվ մեկնաբանություններ արցախցի երիտասարդների կողմից։ Նրանք կարիք ունեն զգալու, որ գտնվում են ընդհանուր երիտասարդական, մշակութային միջավայրում։

Նովոստի–Արմենիա – Ո՞ր խմբի մասին է խոսքը։

Դվորնիկով – Հասկանալի պատճառով ես դեռ պատրաստ չեմ ներկայացնել խմբի անունը, սակայն այն լուրջ և պրոֆեսիոնալ կոլեկտիվ է։

Նովոստի–Արմենիա – Եթե համերգը «մարդասիրական է», ապա ինչու՞ երաժիշտները չեն կարող ելույթ ունենալ անվճար։

Դվորնիկով – Քանի որ դա նրանց հացն է։ Հավատացեք, տղաները ճոխ կյանքով չեն ապրում։ Մոսկվայից կամ Սանկտ Պետերբուրգից Ստեփանակերտ գալը ժամանակ և շատ ուժ է պահանջում։ Ավելին, հոնորարն այդքան էլ մեծ չէ։ Այն համադրելի է տոմսերի արժեքի հետ։ Մենք գումար ենք հավաքում ճանապարհածախսի և համերգի վճարի համար։ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը խոստացել է լուծել խմբի անդամների բնակության հարցը։ Նախարար Նարինե Աղաբալյանը հիանալի մարդ է, նա մեծապես աջակցում է մեր և շատ այլ նախագծերին։

Նովոստի–Արմենիա – Որքա՞ն է համերգի ընդհանուր բյուջեն։

Դվորնիկով – Հարկավոր է հավաքել 250 հազար ռուբլի (1,9 մլն դրամ կամ 3900 ԱՄՆ դոլար, խմբագրություն)։ Բիզնեսի համար այս գումարը չնչին է, սակայն, ցավոք, կոմերցիոն կառույցներից ոչ մեկ չցանկացավ օգնել։ Այդ պատճառով որոշեցինք կազմակերպել «ժողովրդական համերգ», գումար հավաքել մի միջոցառման համար, որն ուրախություն կպարգևի Արցախի երիտասարդներին։ Եթե ավելի շատ գումար հավաքենք, կփոխանցենք այն Արցախի հիվանդանոցներին դեղորայք և բժշկական սարքավորումներ գնելու համար։

Նովոստի–Արմենիա – Դիմե՞լ եք ռուսական կառույցներին կամ հիմնադրամներին։

Դվորնիկով – Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ դա ժամանակի զուր վատնում է, անգամ եթե նախագիծը կազմակերպվում է Հայաստանի տարածքում, Արցախի մասին խոսելն արդեն ավելորդ է։ Պատասխանը մեկն է. «փող չկա, պինդ կացե՛ք»։

Նովոստի–Արմենիա– Ինչպե՞ս կարելի է օգնել։

Դվորնիկով – Facebook–իս էջը բաց է, հրապարակային։ Պարզապես գրեք ինձ կամ ուղարկեք էլեկտրոնային նամակ dendvornikov77@mail. ru հասցեին։ –0–