Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վերջերս ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության մասին, ըստ որի` բոլոր պետական կառույցներն ու հասարությունը պետք է իրենց ավանդը ներդնեն երկրի անվտանգության և պաշտպանության խնդիրների լուծման գործում։
Այս գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը։
«Նովոստի–Արմենիա» – Հայաստանի ռազմաքաղաքական նոր ղեկավարությունը ներկայացրել է նոր տեսլական, որտեղ կարևորագույն դերակատարություն ունի «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը: Ի՞նչ կասեք այդ առնչությամբ:
Վ. Ավետիսյան – Բանակաշինությանը զուգահեռ մշտապես կարևորվել և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում է եղել «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը: Այժմ բանակաշինությունից անցում ենք կատարել «Ազգ-բանակ» գաղափարախոսական հենքի վրա խարսխված «Հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունքի հասնելու» ռազմավարական սկզբունքին: «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը «Ազգ-հավատ-բանակ-պետություն» արժեհամակարգի խտացված բանաձևն է: Այն որոշիչ ու թելադրող գերակայությունն է և այդ գերակայությունից ցանկացած նահանջ Հայաստանի և Արցախի համար կունենա ծանրագույն հետևանքներ: «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը ենթադրում է, որ կառավարման բոլոր մարմինները, քաղաքական ու հասարակական հոսանքները, յուրաքանչյուր ոք պետք է վերլուծի և հասկանա, թե ինչպես է նպաստել պետության պաշտպանունակությանը, առկա խնդիրների լուծմանը: «Ազգ-բանակ» գաղափարախոսական հենքի վրա հիմնված արժեհամակարգի արմատավորումը թույլ կտա հանրային իրազեկման, բանակ-հասարակություն կապի և զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ընդլայնման, կոռուպցիայի և հովանավորչության դեպքերը բացառելու միջոցով լուծել արդարության ու թափանցիկության մթնոլորտի ամրապնդման, բանակում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորման խնդիրները: Սա նշանակում է գնալ մեկ քայլ առաջ և առավել ամուր հիմքերից՝ ներգրավելով հասարակության բոլոր շերտերին, նոր թափով զարկ տալ Զինված ուժերի զարգացմանն ու հայրենիքի պաշտպանունակության ամրապնդմանը:
«Նովոստի–Արմենիա» – Ապրիլյան մարտական գործողություններից հետո տևական ժամանակ Ադրբեջանը սահմանին պահպանում էր հանգստություն: Սակայն վերջին օրերի ընթացքում կրկին աճել է սահմանային լարվածությունը, ադրբեջանական զինուժը կիրառում է նաև խոշոր տրամաչափի զենքեր, իրականացնում դիվերսիոն հարձակումներ: Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի կողմից նման ակտիվությունը:
Վ. Ավետիսյան – Ապրիլյան մարտական գործողություններից հետո դեռ երկար ժամանակ Ադրբեջանը չէր կարողանում ուշքի գալ, քանի որ ունեցած մարտական կորուստները` թե՛ անձնակազմի, թե՛ սպառազինության, հսկայական էին, և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ժամանակ էր անհրաժեշտ կատարվածը վերլուծելու և գործողությունների նոր մարտավարություն մշակելու համար: Ինչ վերաբերում է վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի ակտիվացմանը շփման գծում, դիվերսիոն գործողությունների փորձերով լարվածության հրահրմանը, ապա դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով:
Բազմիցս հայտարարվել է, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջնագծում մեծածավալ ամրաշինական աշխատանքներ են իրականացվել, ԶՈւ ստորաբաժանումները համալրվել են ժամանակից սպառազինությամբ, դիտարկման նոր միջոցներով և գիշերային տեսանելության սարքերով: Հայկական ռազմարդյունաբերության նոր մշակումները ներկայացվեցին վերջերս կայացած «Արմհայտեք 2016» սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի ընթացքում: Իսկ սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 25 ամյակի կապակցությամբ տեղի ունեցած զորահանդեսից հետո, որի ընթացքում ցուցադրվեց զինված ուժերի նորագույն սպառազինությունը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուղղակի խուճապահար էր: Դիվերսիոն գործողությունների ակտիվացմամբ Ադրբեջանը փորձում է ստուգել հայկական բանակի զգոնությունը, տեխնիկական միջոցների, սպառազինության, դիտարկման սարքերի որակն ու արդյունավետությունը, և, իհարկե, հայ դիրքապահների զգոնությունը:
Այստեղ, իհարկե, կարևոր նշանակություն ունեն նաև պաշտպանության նոր նախարարի նշանակումը և պաշտպանական գերատեսչությունում վերջին փոփոխությունները, հակառակորդը փորձում է ստուգել ՊՆ նոր ղեկավարության արձագանքը և գնահատականները սահմանային միջադեպերին, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ զարգացումները: Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթաթաժողովից և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի որոշակի ակտիվացումից հետո` երկու երկրների նախագահների նոր հանդիպման նախաձեռնման առումով, Ադրբեջանը փորձում է սահմանային լարվածության հրահրմամբ շոշափել միջազգային հանրության դիրքորոշումը ԼՂ խնդրի վերաբերյալ և կրկին անգամ վերահաստատում, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով:
Բացի վերոնշյալ գործոններից, Ադրբեջանում գագաթնակետին է հասել տնտեսական ճգնաժամը: Նավթային գների անկումը, Բաքվում գործող արտասահմանյան մի շարք ընկերությունների մասնաճյուղերի փակումն ու մանաթի արժեզրկումը լուրջ խնդիրներ են հարուցել երկրի ներսում, և Ադրբեջանի իշխանությունը հասարակական դժգոհությունները զսպելու, ներքին խնդիրներից հասարակական ուշադրությունը շեղելու համար սահմանային լարվածություն ստեղծելու այլընտրանք է փնտրում:
«Նովոստի–Արմենիա» – Իսկ կարո՞ղ են սահմանային լարվածություն ստեղծելու փորձերը վերաճել լայնածավալ գործողությունների, մանավանադ, որ Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նկրտումները:
Վ. Ավետիսյան – Այդ հավանականությունը երբեք չի կարելի բացառել: Իհարկե, սա չի նշանակում, թե հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերին և հետախուզական-դիվերսիոն գործողությունների փորձերին կարող են հաջորդել լայնածավալ, լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Սրանք, պարզապես, ադրբեջանցիների հերթական դիվերսիոն գործողություններն են, ինչն ամբողջությամբ համապատասխանում է Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող հիստերիկ ռազմատենչ քաղաքականության տրամաբանությանը: Ինչքան հսկայական գումարներ վատնի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սպառազինության ձեռքբերման վրա, այնուամենայնիվ, Ադրբեջանը պատրաստ չէ երկարատև պատերազմի, այլ ուղղակի ձգտում է լարվածության պահպանմամբ իր համար բարենպաստ միջավայր ձևավորել բանակցային գործընթացում: Կարծում եմ, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական վերջին դիվերսիոն փորձերի տապալումը ստիպել են հարևան երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը հետևություններ անել և համակերպվել մեր սահմանների հուսալիության հետ:
«Նովոստի–Արմենիա» – Ապրիլյան մարտական գործողությունների օրերին և դրան հաջորդած իրավիճակի կայունացման ժամանակահատվածում հայրենասիրական բարձր ոգու և ազգային համախմբվածության ականատեսը եղանք: Պահպանվե՞լ է, արդյոք, այդ ոգևորությունը:
Վ. Ավետիսյան – Ասեմ, որ հայկական զինված ուժերը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր պատրաստ են հայկական երկու հանրապետությունների սահմանների պաշտպանությանը՝ այն գիտակցումով, որ երկրի անվտանգության ապահովումը կարևորագույն առաքելությունն է:
Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում և դրան հաջորդած օրերին, իրոք, աննախադեպ էր մեր հասարակության դրսևորած պահվածքը, որն արտահայտվեց «բանակի կողքին», «հանուն բանակի» կոչերով ու բանակին աջակցելու պատրաստակամությամբ և կոնկրետ օգնությամբ ու գործունեությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ համապատասխան հրահանգավորում անցնելուց հետո կամավորական հիմունքներով առաջնագիծ մեկնած ազատամարտի վետերանները, երկրապահներն ու կամավորականները ամուր թիկունք եղան զինված ուժերի ստորաբաժանումներին և նպաստեցին Հայաստանի և Արցախի պաշտպանունակության ամրապնդմանը:
Ապրիլյան դեպքերի արձագանքները մեկ անգամ էլ ընդգծեցին այն առանձնահատուկ սերն ու ջերմությունը, որ տածում է հայ մարդը հանուն հայրենիքի արիաբար մարտնչելու և հերոսաբար զոհվելու պատրաստ շարքային զինվորի և ազգային բանակի հանդեպ:
Այսօր էլ պաշտպանության նախարարությունը շարունակում է համագործակցությունը կամավորական ջոկատների հետ և աշխատանքներ են իրականացվում այդ համագործակցությունն առավել կանոնակարգելու համար: Պարբերաբար իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման ու պատրաստման վարժական հավաքներ և, ըստ անհրաժեշտության, կամավորականների ներուժն ու փորձառությունը օգտագործվելու է հայրենիքի անվտանգության ապահովման համար:–0–

