Ողբերգական դեպք՝ Գորիսում. Խնձորեսկի կամրջի վրա օտարերկրյա քաղաքացու դի է հայտնաբերվել

09.10.2025, 14:40
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գերմանիայի քաղաքացի է, որը որպես զբոսաշրջիկ այցելել էր Հայաստան  
Ողբերգական դեպք՝ Գորիսում. Խնձորեսկի կամրջի վրա օտարերկրյա քաղաքացու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից այն մասին, որ Խնձորեսկ գյուղի կամրջի վրա դի կա:  

Կայքի տեղեկացմամբ, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը և դեպքի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՔԿ-ի Գորիսի քննչական բաժին։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 73-ամյա Ու. Լ. է, ով որպես զբոսաշրջիկ այցելել էր Հայաստան:  

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Մարմինը դիատարին մոտեցնելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավելի օպերատիվ լուրերին կարող եք ծանոթանալ մեր Տելեգրամում