Սննդամթերքը տրվել է մանրէաբանական հետազոտության. ՍԱՏՄ-ն՝ Սյունիքում տեղի ունեցած սննդային թունավորման դեպքի մասին
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 25-ին Սյունիքում տեղի ունեցած թունավորման դեպքին։
Օգոստոսի 26-ի առավոտյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գորիսի բժշկական կենտրոն է ընդունվել 17 քաղաքացի՝ աղեստամոքսային տրակտի խանգարումներով և նախնական «սուր էկզոգեն սննդային թունավորում» ախտորոշմամբ:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ արագ ձեռնարկված վերահսկողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է Գորիսում «Փոսիկի աղբյուր» կոչվող բացօթյա տաղավարում կազմակերպված խնջույքի ժամանակ:
ՍԱՏՄ տեսուչների կողմից կատարվել է նմուշառում տեղում օգտագործված առկա սննդամթերքից (ձմերուկ, երշիկ, բաստուրմա, հավի մսով-մայոնեզով աղցան, խորոված բանջարեղեն՝ սմբուկ, պոմիդոր, խոզի խորոված, տավարի խաշլամա) և տրվել մանրէաբանական լաբորատոր հետազոտության:
Փորձաքննության արդյունքները կհրապարակվեն:
Հիշեցնենք, որ հայտնել էինք, որ Սյունիքում օգոստոսի 25-ին ծննդյան խնջույքի մասնակիցները «սուր էկզոգեն սննդային թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացվել են «Գորիս» բժշկական կենտրոն։
Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում

