Երևանում 34–ամյա կինն ու օտարերկրացի տղամարդը ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի իրացման կասկածանքով (ՎԻԴԵՈ)

12.03.2025, 14:18
Մաքսանենգ ճանապարհով Հայաստան ապօրինի թմրամիջոց են տեղափոխել, պահել և իրացրել․ ՎԻԴԵՈ
Երևանում 34–ամյա կինն ու օտարերկրացի տղամարդը ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի իրացման կասկածանքով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի ծառայողների, Արաբկիրի համայնքային ոստիկանների և մայրաքաղաքի պարեկների հետ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Մարտի 6-ին, ժամը 6.35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Երևանի Բաղրամյան պողոտայում ձերբակալվեց և իր վարած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Արաբկիրի բաժին տեղափոխվեց Նորք-Մարաշի բնակիչ 34-ամյա մի կին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման` մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, որի ընդհանուր քաշը 125 գրամ էր:

Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում շարունակելով իրացնել օպերատիվ տվյալները` նույն օրը, ժամը 13.55-ին, մաքսանենգ ճանապարհով Հայաստան ապօրինի թմրամիջոց տեղափոխելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում, բնակության վայրի մոտ, իրավապահները ձերբակալեցին և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխեցին 45-ամյա մի օտարերկրացու: Անձնական խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող 2,36 գրամ զանգվածով փաթեթ, «Մեթադոն» տեսակի 25 դեղահաբ և բյուրեղանման հետքերով ապակյա երկու գլանակ:
Երկուսն էլ ձերբակալվել են։

Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել 34-ամյա կնոջ բնակության վայրում. հայտնաբերվել է 21,3 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, ապակյա հինգ գլանակ և լիրիկա տեսակի հոգեմետ 12 դեղահաբ։