Երևանում փողոցի երթևեկելի հատվածում դանակահարված կինը տեղափոխվել է հիվանդանոց. ինչ է կատարվել

05.12.2024, 14:10
Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկում վիճել, հարվածել են իրար, ապա երիտասարդը դանակահարել է 20-ամյա կնոջն ու փախել

Երևանում փողոցի երթևեկելի հատվածում դանակահարված կինը  տեղափոխվել է հիվանդանոց. ինչ է կատարվել

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 4-ի գիշերը՝ ժամը 2-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գլինկայի փողոցի հասցեներից մեկի մոտ՝ երթևեկելի հատվածում, դանակահարված կին կա:

Հաջորդ ահազանգը հիվանդանոցից էր. շտապօգնության խումբը «կրծքավանդակի բաց վերք՝ ձախից» ախտորոշմամբ Գլինկայի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկից բուժօգնության էր տեղափոխել 20-ամյա կնոջ:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողը և 31-ամյա երիտասարդը Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, ինչը շարունակել են նաև փողոցում, և այդ ընթացքում էլ 31-ամյա երիտասարդը սուր-կտրող առարկայով հարվածել է 20-ամյա կնոջն ու դիմել փախուստի:

Հետագա միջոցառումների արդյունքում Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը Խանջյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է քննչական բաժին, որտեղ սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: