Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ է ախտորոշվել

19.05.2025, 11:06
Նախագահ Ջո Բայդենն անցյալ շաբաթ հետազոտվել է, այն բանից հետո, երբ նրա շագանակագեղձում հայտնաբերվել է հանգույց
Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ է ախտորոշվել

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախկին նախագահ 82-ամյա Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է «շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ», կիրակի՝ մայիսի 18-ին, հայտարարել է նրա մամուլի քարտուղարը, գրում է dw.com–ը։

«Նախագահ Ջո Բայդենն անցյալ շաբաթ հետազոտվել է, այն բանից հետո, երբ նրա շագանակագեղձում հայտնաբերվել է հանգույց, և նա սկսել է հաճախակի միզարձակման ախտանիշներ ունենալ», - հայտարարությունը մեջբերում են մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ, այդ թվում՝ CNN-ը և The Hill առցանց հրատարակությունը։

«Ուրբաթ (մայիսի 16-ին - խմբ.) նրա մոտ ախտորոշվեց շագանակագեղձի քաղցկեղ, ՝ մետաստազներով դեպի ոսկորներ», – նշվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ չնայած խոսքը «հիվանդության ավելի ագրեսիվ ձևի» մասին է, քաղցկեղային ուռուցքը, ըստ երևույթին, «զգայուն է հորմոնների նկատմամբ, ինչը թույլ է տալիս այն արդյունավետորեն բուժել»։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ջո Բայդենը և նրա ընտանիքը «աշխատում են նրա բժիշկների հետ՝ բուժման տարբերակները գնահատելու համար»։

CNN հեռուստաալիքի կայքը, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ Բայդենն այս հանգստյան օրերին գտնվում է Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում գտնվող իր տանը։ Լրագրողները փորձել են իրենց զրուցակցից պարզել, թե որտեղ է նախկին նախագահը բուժում ստանում, պարզաբանել է հրատարակությունը։

Մի քանի օր առաջ Բայդենի ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱՄՆ նախկին նախագահը վերջերս անցել է հետազոտություն՝ շագանակագեղձում հայտնաբերված «փոքր հանգույցի» պատճառով, հաղորդում է CNN-ը։