Ճապոնիայում բռնցքամարտիկը, ով մահապատժի էր սպասում 56 տարի, արդարացվել է

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ճապոնիայում 88-ամյա Իվաո Հակամադան, ով սպանության համար մահապատժի էր սպասում ավելի քան կես դար, արդարացվել է։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հակամադան պրոֆեսիոնալ բռնքամարդիկ է եղել։ 1966 թվականին նրա տնօրենի տանը հրդեհ է բռնկվել։ Հակամադան պնդել է, որ փորձել է մարել կրակը, որից հետո դանակահարված է գտել տնօրենի ընտանիքին, կնոջը և երկու երեխաներին։
Բռնցքամարտիկին ձերբակալել էին երկարատև հարցաքննություններից հետո, որտեղ նա խոստովանել էր սպանությունը։ Նրա հագուստի վրա արյան հետքեր էին հայտնաբերվել։
Ըստ եզրակացության՝ նա նախ դանակահարել էր տնօրենին և ընտանիքին, ապա այրել տունը, փոխել հագուստը և վերադարձել հանցագործության վայր՝ ձևացնելով, թե հանգցնում է կրակը։
Ավելի ուշ դատարանում Հակամադան պնդեց, որ ոստիկանությունը խոշտանգումների միջոցով նրան ստիպել է նման ցուցմունք տալ։ 1968 թվականի սեպտեմբերի 11-ին Հակամադան դատապարտվեց մահապատժի։ Նրան պաշտպանում էին փաստաբանների մի քանի թիմեր, իսկ հարյուրավոր ճապոնացի մարզիկներ խնդրել էին վերանայել դատավճիռը:
2014 թվականին դատապարտյալն ազատ արձակվեց, սակայն դատարանը բեկանեց որոշումը՝ պատճառաբանելով, որ հագուստի վրայի արյան հետքերի ԴՆԹ-ի կրկնվող արդյունքները կարող էին շինծու լինել։ 78-ամյա տղամարդուն կրկին կալանքի ենթարկեցին։
Սեպտեմբերի 26-ին, երկար տարիներ սպասելուց հետո դատարանը որոշում կայացրեց արդարացնել նրան՝ ընդունելով, որ իր դեմ ապացույցները շինծու են։
Միացյալ Նահանգները և Ճապոնիան G7-ի միակ երկրներն են, որոնք դեռևս կիրառում են մահապատիժ։ Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Ճապոնիայում մահապատիժներն իրականացվում են հիմնականում կախաղանի միջոցով։ Պատժի կատարման մասին բանտարկյալները ծանուցվում են մի քանի ժամ առաջ։