Եվս 1 տարով կհետաձգվի ԱԱՀ-ից ազատման արտոնությունը էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման դեպքում․Պապոյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Եվս 1 տարով կհետաձգվի ԱԱՀ-ից ազատման արտոնությունը այն ֆիզիկական, իրավաբանական անձանց համար, որոնք էլեկտրական շարժիչով մեքենաներ են ներմուծում՝ 1 բացառությամբ։
Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգը Պապոյանը՝ ներկայացնելով «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Բացառությունը հետևյալն է․ մենք առաջարկում ենք այս նոր կարգավորումը կիրառել 2023 թ.-ի դեկտեմբերի 31–ից հետո թողարկված, այսինքն` 2024, 2025 և 2026 թթ.-երի արտադրության մեքենաների համար», - ասել է Պապոյանը։
Նախարարը ներկայացրել է նաև վիճակագրություն, ըստ որի՝ Հայաստանը 2022, 2023, 2024 թթ.-երին ունեցել է ոչ միայն ԱԱՀ արտոնություն, այլև մաքսատուրքից ազատման արտոնություն քվոտայի շրջանակում: 2022 թ.-ին՝ 7000 միավոր, իսկ 2023, 2024 և 2025 թթ.-երին՝ 8000-ական միավոր:
Պապոյանը հայտնել է, որ 2023-ին մեքենաների ներմուծման ծավալը կազմել է 9635 միավոր, որը 2022 թ.-ի համեմատությամբ աճել է 75%-ով, իսկ 2024 թ.-ին ներմուծման ծավալը կազմել է 11793 միավոր, ինչը 2023 թ.-ի համեմատությամբ աճել է 22%-ով։ 2019 թ.-ի համեմատությամբ 2024 թ.-ին 17,6 անգամ ավելի շատ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ և նմանատիպ էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցներ են ներմուծվել ՀՀ:
«Նոյեմբերի 19-ի դրությամբ (2025 թվականի վիճակագրություն) Հայաստան է եկել 16381 միավոր ավտոմեքենա, 7 միավոր ավտոբուս և 2479 միավոր մոտոցիկլետ կամ մոբեդ։ Այսինքն՝ փաստացի արդեն 19000 տրանսպորտային միջոց է այս տարի Հայաստան եկել, ինչը նախորդ տարվա համեմատ բավականին շատ է, և, հետևաբար, կարող ենք ակնկալել մինչև տարեվերջ, որ կկրկնապատկվի նախորդ տարվա նկատմամբ», - ասել է Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու , կանաչ տնտեսության նպատակներին հասնելու, ինչպես նաև ՀՀ ավտոպարկի թարմացման և էներգետիկ անվտանգության համար։
<

