ԵԱԶԲ․ զբաղվածությունը Հայաստանում 2025թ․–ի 9 ամսում աճել է՝ մինչև 52%, աշխատավարձերը ՏՏ և ֆինանսական ոլորտներում կտրուկ ավելացել են

18.03.2026, 21:21
ԵԱԶԲ-ի գնահատմամբ՝ Հայաստանում զբաղվածության մակարդակը 2019 թվականի 48%-ից աճել է մինչև 52%՝ 2025 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ
ԵԱԶԲ․ զբաղվածությունը Հայաստանում 2025թ․–ի 9 ամսում աճել է՝ մինչև 52%, աշխատավարձերը ՏՏ և ֆինանսական ոլորտներում կտրուկ ավելացել են

 ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի աշխատաշուկան 2021–2025 թվականներին անցել է ինտենսիվ ադապտացիայի փուլ՝ հետհամավարակային վերականգնման, աշխարհաքաղաքական շոկերի և տնտեսության կառուցվածքային փոփոխությունների ֆոնին, ասվում է Եվրասիական զարգացման բանկի մարտյան մակրոտնտեսական տեսության մեջ:

ԵԱԶԲ-ի գնահատմամբ՝ Հայաստանում զբաղվածության մակարդակը 2019 թվականի 48%-ից աճել է մինչև 52%՝ 2025 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ, իսկ աշխատավարձերն այդ ժամանակահատվածում ավելացել են գրեթե 70%-ով: Հատկապես զգալի աճ է արձանագրվել ծառայությունների բարձր արտադրողականություն ունեցող հատվածներում. ՏՏ ոլորտում աշխատավարձերն աճել են 97%-ով՝ 2019 թվականի համեմատ, իսկ ֆինանսական հատվածում՝ 143%-ով:

Ինչպես բխում է բանկի տեսությունից, Հայաստանն ակտիվ աճի փուլ է թևակոխել սկսած 2021 թվականից: 2021–2025 թվականներին տարեկան միջին 8% աճը նպաստել է աշխատուժի նկատմամբ պահանջարկի մեծացմանը, հատկապես շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտում:

Միևնույն ժամանակ, գործազրկության մակարդակը նվազել է նախահամավարակային արժեքների համեմատ՝ 2019 թվականի 18,2%-ից հասնելով միջինը 13%-ի՝ 2025 թվականի ինն ամիսների ընթացքում: Բնակչության թվաքանակի նկատմամբ զբաղվածության ցուցանիշը բարելավվել է: Սակայն, ինչպես կարծում են բանկի վերլուծաբանները, գործազրկության նվազումը բացատրվում է ոչ միայն նոր աշխատատեղերի ստեղծմամբ, այլև աշխատուժի առաջարկի դինամիկայով՝ այդ թվում՝ արտագաղթի և ժողովրդագրական գործընթացները:

Այսպես, սկսած 2022 թվականից, բնակչության թվաքանակն աճել է տարեկան միջինը 44 հազար մարդով, որից 35 հազարն ապահովել է միգրացիայի դրական սալդոն աշխատանքային միգրանտների, ինչպես նաև ՌԴ քաղաքացիների ներհոսքի հաշվին։

2022 թվականից հետո միջին աշխատավարձը ՏՏ և ֆինանսական ծառայությունների ոլորտում զգալիորեն գերազանցել է համապետական ցուցանիշները (աճը համապատասխանաբար՝ 2021 թվականի ամսական 574 հազար դրամից մինչև 894 հազար դրամ՝ 2025 թվականին, և 430 հազարից մինչև 960 հազար): Չնայած 2022 թվականի գնաճի թռիչքին, դրամի արժևորումը և 2023–2024 թվականներին գնաճային գործընթացների դանդաղումն ապահովել են բնակչության իրական եկամուտների աճը:

Աշխատավարձերի սրընթաց աճը բացատրվում է բարձր որակավորում ունեցող մասնագետների և ընկերությունների ներհոսքով, ինչն ուժեղացրել է որակյալ աշխատուժի պահանջարկը: Ըստ տեսության՝ դա հանգեցրել է կադրերի տեղային դեֆիցիտի և աշխատավարձերի աճի համապատասխան սեգմենտներում: Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության և ցածր արտադրողականություն ունեցող այլ ոլորտներում աշխատավարձերի աճը հետ է մնում, ինչն ուժեղացնում է բնակչության եկամուտների միջև խզվածքը: