Արտակարգ դրության կանոնները խախտելու պատճառով կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ բոլոր մարզերում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրականացրած ակտիվ մշտադիտարկումների արդյունքում մինչ օրս գործունեության ժամանակավոր կասեցման որոշում է կայացվել շուրջ 650 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ԱԱՏՄ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։
ԱԱՏՄ «Թեժ գծով» ստացվող զանգերի և բողոքների ամենամեծ մասն առնչվում է առևտրի օբյեկտներին, ապա և՝ սպասարկման կենտրոններին, դեղատներին, գեղեցկության սրահներին և այլն։ «Թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում։
«Տնտեսվարողների կողմից կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելուն ուղղված՝ ՀՀ պարետի հաստատած անվտանգության կանոնների պահպանումը ենթակա է պարտադիր կատարման»,- նշվում է հաղորդագրության մեջ։-0-

