ԿԲ-ն հորդորել է առևտրային բանկերին վարկառուների վարկային պարտավորությունների հանդեպ ցուցաբերել անհատական մոտեցում

16.03.2020, 12:24
ԿԲ-ն հորդորել է առևտրային բանկերին վարկառուների վարկային պարտավորությունների հանդեպ ցուցաբերել անհատական մոտեցում
ԿԲ-ն հորդորել է առևտրային բանկերին վարկառուների վարկային պարտավորությունների հանդեպ ցուցաբերել անհատական մոտեցում

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում վարկառուների վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, հաղորդում է armbanks.am ֆինանսաբանկային պորտալը:

«Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավարությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդիրներ կունենան, կարող են դիմել իրենց սպասարկող բանկին»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի արդյունքներից խուսափելու համար:

«Եվս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս, որ կապ հաստատվի բանկերի և վարկառուների միջև, իսկ ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950, 010592697 հեռախոսահամարներով»,- հաղորդվում է հայտարարության մեջ: -0-​