ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նոր կառավարությունն իշխանության գալուց հետո հայտարարեց, որ պատրաստ է վարորդներին ներել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տույժերն ու տուգանքները։ Օրինագծի երկարատև քննարկումներից հետո այն հուլիսի 12–ին վերջապես հավանության արժանացավ ԱԺ–ի կողմից։ Սակայն ոչ բոլորը կարող են օգտվել համաներումից։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է պատմել, թե կոնկրետ որ վարորդները կազատվեն սահմանված տույժերից և ով, ամեն դեպքում, ստիպված կլինի պատասխան տալ օրենքի առաջ։
Չի կարելի տուգանել
Իշխանությունները համաներման (տուգանքների ներում) որոշում են ընդունում այն ժամանակ, երբ նրանք ցանկանում են քաղաքացիների նկատմամբ զիջումների գնալ հարկային վարչարարության հարցում։ Օրինակ, ձեզ տուգանել են, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով չեք կարողացել այն վճարել։ Որոշակի ժամանակ հետո տուգանքին կսկսեն գումարվել լրացուցիչ տույժեր տուգանքը չվճարելու համար, չնայած որ դուք ի վիճակի չեք վճարել անգամ հիմնական գումարը։ Որքան երկար դուք չեք վճարում, այնքան ավելի է մեծանում ձեր պարտքը։ Երբ կառավարությունը համաներման որոշում էր ընդունում նման մարդկանց նկատմամբ, այն ղեկավարվում էր հետևյալ սկզբունքով. եթե մարդը մինչև հիմա չի վճարել, նշանակում է չի ունեցել նման հնարավորություն, այդ պատճառով նպատակահարմար չէ նրա նկատմամբ սահմանել նոր տույժեր։
Ի՞նչ կներեն և ո՞ր ժամանակահատվածի համար
Համաներմամբ նախատեսված է ազատել քաղաքացիներին մինչև 2017 թ.–ի դեկտեմբերի 31–ը կատարած մի շարք վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքներից։ Համաներում արդեն կիրառվել է 2014 թ.–ի դեկտեմբերին, երբ քաղաքացիներին ամբողջությամբ ներեցին մինչև 2012 թ.–ի վերջը կատարված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքները, այդ պատճառով օրինագիծը հիմա տարածվում է 2012–2017 թթ. ժամանակահատվածի վրա։ Համաներման ժամկետը մինչև 2018 թ.–ի հուլիսի 1–ը երկարացնելու սպասված հույսերը չեն արդարանա։ Ւշխանությունների կարծիքով, եթե մարդիկ ժամանակից շուտ իմացել են սպասվող համաներման մասին, ապա իրավախախտումները ևս կարող էին լինել կանխամտածված։
Հիմնականում ներվելու են վարչական տուգանքները Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի մի քանի հոդվածներով, մասնավորապես 123–րդ, 123.1–րդ (բացառությամբ 2–րդ մասի), ) 123.3–րդ, 123.4 –րդ, 123.5–րդ (4, 4.1, 4.2, 5, 7, 8, 9 և 10 կետերով նախատեսված խախտումներից բացի), 124.1–րդ, 124.2–րդ, 124.3–րդ, 124.4–րդ, 124.6–րդ, 124.7–րդ, 125–րդ, 128–րդ, 129.2–րդ (2–րդ և 3–րդ հոդվածից բացի), 131–րդ, 132–րդ, 135.2–րդ և 140–րդ հոդվածներով։
Ինչի՞ համար է պետք վճարել
Ընդ որում համաներումը չի տարածվի ավելի լուրջ իրավախախտումների վրա, մասնավորապես, դուք ստիպված կլինեք տուգանք վճարել առանց համարանիշների մեքենա վարելու կամ մեքենայի պետական համարանիշները երրորդ անձանց փոխանցելու համար։ Տուգանքները պետք է վճարեն նաև նրանք, ովքեր անօրիանական օգտագործել են ավտոմեքենայի ձայնային ազդանշանները, չեն ենթարկվել ՃՈ աշխատակցին ու չեն կանգեցրել մեքենան, վարել են մեքենան առանց ԱՊՊԱ կտրոնի, չեն վերադարձրել դեղին համարանիշները պետական տրանսպորտի սպասարկման ոլորտում աշխատելուց հետո։ Բնականաբար, վարորդները պետք է վճարեն նաև տուգանքը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։
Վաուչերնե՞ր, թե՞ քարտ–բլանշ
Երթևեկության կանոնների խախտման տուգանքները ներելու կառավարության որոշումը ոտնահարում է օրինապահ քաղաքացիների զգացմունքները, ովքեր ժամանակին և ամբողջ ծավալով վճարել են բոլոր տուգանքները։ Այս կապակցությամբ պատգամավորներն առաջարկել են ներդնել վաուչերների հատուկ համակարգ. վճարեցիր տուգանքը, ստացար վաուչեր, որով հնարավոր է օգտվել հաջորդ խախտման տուգանքը վճարելիս։
Կառավարությանը, սակայն, նման նախաձեռնությունը դուր չեկավ։ Գործադիր մարմնի կարծիքով, նման մոտեցումը խախտում կատարելու ինքնատիպ քարտ–բլանշ է տալիս։ Օրինակ, եթե ավելի վաղ վարորդները չէին անցնում կարմիր լույսի տակ, քանի որ պետք է վճարեին 20 հազ. դրամ տուգանք, ապա օրինակ 100 հազ. դրամի վաուչերի դեպքում նրանք հանգիստ կխախտեն օրենքն ու կհայտնվեն շահավետ իրավիճակում, քանի որ դեռ կունենան 80 հազ. դրամ։ Որպեսզի օրինապահ վարորդները չհուսահատվեն և արդարությունը հաղթի, նախատեսված է զիջում։ Ժամանակին բոլոր տուգանքները վճարած վարորդների համար կզրոյացվեն բոլոր խախտումները։ Եթե դրանից հետո նրանք կրկին խախտում թույլ տան, ապա նրանք կտուգանվեն ինչպես առաջին խախտման դեպքում։ Այսինքն, տուգանքը չի աճի, ինչպես նախատեսվում է ճանապարհային երթևեկության կանոնների կրկնակի խախտման դեպքում։
Քանի՞ վարորդ և որքա՞ն գումար կներվի
2014–ից 2017 թ.–ն ընկած ժամանակահատվածում դուրս գրված տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 59,3 մլրդ դրամ (ավելի քան 123 մլն դոլար), որից 40 մլրդ դրամը վճարվել է (մոտ 83 մլն դոլար)։ Փաստորեն, համաներման շրջանակում քաղաքացիներին կներվի 13,7 մլրդ դրամի (28,4 մլն դոլար) տուգանք։ Ըստ կառավարության, նման որոշումը թույլ կտա լավացնել 150 հազար վարորդների սոցիալ–տնտեսական վիճակը։
Համաներու՞մ, թե՞ ամենաթողություն
Սակայն պետք չէ համաներումը շփոթել ամենաթողության հետ։ Նախատեսվում է, որ համաներումն առաջինը պետք է տարածվի սոցիալապես անապահովների, բազմազավակ ընտանիքների, թոշակառուների վրա, ովքեր իսկապես կշահեն տուգանքների ներումից։ Համաներումը չպետք է տարածվի բոլորի վրա, քանի որ խախտողների շրջանում կան նաև թանքարժեք մեքենաների սեփականատերեր կամ տաքսու վարորդներ, ովքեր միտումնավոր չեն վճարում տուգանքները` սպասելով հերթական զիջմանը պետության կողմից։
Սակայն այսօր օրենքը չի նախատեսում նման դիվերսիֆիկացում, համաներումը տարածվում է բոլոր այն վարորդների վրա, ովքեր խախտումներ են թույլ տվել նշված ժամանակահատվածում։ Բայց կառավարությունում արդեն սկսել են մտածել համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ և որոշել են, որ եթե մինչ այժմ այս ոլորտի քաղաքականությունը կրում էր բացառապես ֆիսկալ բնույթ, ապա հիմա այն պետք է ուղղված լինի երթևեկության անվտանգության բարձրացման ապահովմանը։ Այս համատեքստում իշխանությունները մշակում են «Վարչական իրավախախտումների մասին» օրինագիծը, որպեսզի որոշակիորեն թեթևացնեն տուգանքները բնակչության համար, իսկ մյուս կողմից զգալիորեն բարձրացնեն երթևեկության մասնակիցների կարգապահությունը։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-