ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հաճախ է հանդիպում մի իրավիճակ, երբ մարդիկ հայտնվում են վարկային կախվածության մեջ` ի վիճակի չլինելով մարել սեփական պարտքերը։ Նման իրավիճակը շտկելու համար վարկային կազմակերպությունները երբեմն ստիպված են լինում ներել իրենց պարտապանների պարտքերը։ Մասնավորապես, Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունների հաստատումից հետո հայկական բանկերը 19 000 ֆիզիկական անձանց ներել են ժամկետանց վարկերի գծով 9,5 մլրդ դրամի կամ 19,4 մլն դոլարի տույժ ու տուգանք։ Ֆինանսական գրագիտության նրբություններից «գլուխ չհանող» քաղաքացիները հաճախ չեն կարողանում վճարել վարկային պարտավորությունները։ Դա տեղի է ունենում կամ սեփական ֆինանսական հնարավորությունները ոչ ադեկվատ գնահատելուց կամ սեփական բյուջեն պլանավորելու հմտությունների բացակայության հետևանքով կամ այն պատճառով, որ մարդիկ սխալ են մեկնաբանել վարկային պայմանագրի կետերը։ Սակայն հաճախ ֆինանսապես գրագետ քաղաքացիներն անգամ հայտնվում են ծանր վարկային բեռի տակ և չեն կարողանում շտկել վարկային պարտավորությունների չկատարման հետևանքները։ Այս մասին է մասնավորապես վկայում Իրավական հետազոտության և զարգացման կենտրոնի «Բանկերի կողմից տրամադրվող վարկեր. օրենսդրական կարգավորումները և գործնականում հանդիպող խնդիրները Հայաստանում» խորագրով ուսումանսիրությունը։
Կենտրոնի աշխատակից, քաղաքացիական գործերով իրավաբան Արթուր Հարությունյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը ներկայացրեց չորս հիմնական պատճառներ, որոնք հանգեցնում են վարկային բեռի ավելացմանը, վարկային պարտավորությունների կատարման անհնարինությանը, ինչպես նաև այդ կապակցությամբ ծագած դժվարությունների հաղթահարման ուղիները։
Վարկային ծանր բեռի առաջացման առաջին պատճառը պայմանավորված է վարկի անվանական և իրական տոկոսադրույքի միջև տարբերությամբ
Հայաստանում կան վարկային կազմակերպություններ, որոնց վարկերի իրական տոկոսադրույքները 100 տոկոսով գերազանցում են անվանականները։ Հաճախ վարկատուները, վարկառուին վարկի պայմանները ներկայացնելով, չեն ասում վերջնական իրական տոկոսադրույքը։ Հաճախորդներն իրենք են հաշվարկում այն, ինչը միշտ չէ, որ ճիշտ է ստացվում։
«Մենք եկել ենք այն եզրակացության, որ տվյալ ոլորտում կառավարությունը պետք է իր դերը խաղա։ Եթե Հայաստանում վարկերը տրամադրվում են տարեկան ավելի քան 24% տոկոսադրույքով, ապա, բնականաբար, դա խանգարելու է երկրի տնտեսական զարգացմանը»,– ասաց Հարությունյանը։
Այդ իսկ պատճառով, նրա կարծիքով, անհրաժեշտ է սահմանել իրական տոկոսադրույքների շեմերը ոչ միայն բանկերի, այլ նաև ֆինանսական շուկայի մյուս դերակատարների համար, լինեն դրանք գրավատներ, թե վարկային կազմակերպություններ։
Երկրորդ պատճառը բացատրվում է վարկի սպասարկման չարդարացված բարձր միջնորդավճարով։ Հաճախ սպասարկման միջնորդավճարները հասնում են ամսական տոկոսային վճարների չափերին, իսկ տարեկան կտրվածքով նույնիսկ գերազանցում են դրանք։
Այդ կապակցությամբ առաջարկվում է օրենսդրորեն սահմանել վարկային պայմանագրով նախատեսված վճարումների և սպասարկման միջնորդավճարների խելամիտ շեմ։
Երրորդ պատճառը կապված է տոկոսների և միջնորդավճարների ավելացմամբ վարկի սպասարկման անհնարինության դեպքում։ Այդ իրավիճակը ծագում է այն ժամանակ, երբ վարկառուն խախտել է վարկի պարտավորությունները, արդեն չի կարողանում իրականացնել պայմանագրով սահմանված տոկոսային և մյուս վճարումները, բայց վարկի տոկոսներն ու միջնորդավճարներն ավելանում են։ Բացի այդ, զուգահեռ ավելանում են ուշացումների տույժերն ու տուգանքները։
«Օրենսդրությունը չի սահմանափակում միջնորդավճարների և տոկոսների հաշվեգրումն արդեն խախտված պայմանագրի սպասարկման համար։ Այդ պատճառով մենք առաջարկում ենք օրենսդրորեն սահմանել, որպեսզի վարկային պայմանագրի խախտման դեպում դադարեցվի տոկոսների և վարկով սահմանված այլ վճարների հաշվեգրումը», – ասել է նա։
Չորրորդ պատճառը ժամկետանց վարկի մասով հաշվեգրվող շատ բարձր տույժերն ու տուգանքներն են, որոնք հաճախ մի քանի անգամ գերազանցում են վարկի գումարը։
Հարությունյանի խոսքով, Հայաստանում փոխառուներն ունեին հնարավորություն դատարանի միջոցով խելամիտ սահմանների նվազեցնել ժամկետանց վարկերի գծով տույժերն ու տուգանքները։ Սակայն 2018թ.–ին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում այդ հնարավորությունից կարող են օգտվել այն փոխառուները, որոնք համապատասխանում են որոշակի պայմաններին, օրինակ, պատերազմի մասնակիցները, որոշակի արտոնություններ ունեցող անձինք։
«Մենք առաջարկում ենք Քաղաքացիական օրենսգրքում նախատեսել իրավական կարգավորումներ, որոնց արդյունքում դատարանը լիազորություններ կստանա առանց կողմերի միջնորդության գնահատելու վարկի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները և նվազեցնել դրանք։ Այդ լիազորությունը պետք է տարածվի բոլոր վարկային պայմանագրերի վրա` առանց սահմանափակումների, չնայած ժամկետներին և փոխառուի սոցիալական դրությանը», – ասել է նա։–0–
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: