Ի՞նչ է էլեկտրոնային փողը և ինչպե՞ս օգտագործել այն
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ժամանակակից աշխարհում, երբ գործնականում բոլոր ծառայությունները հնարավոր է ստանալ առցանց, էլեկտրոնային վճարման անհրաժեշտություն է առաջանում: Շատերն այսօր կատարում են առցանց կամ բջջային վճարումներ, օգտվում են վարկային քարտերից, էլեկտրոնային փողից:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, թե ինչ էլեկտրոնային փողը և ինչպես օգտվել դրանից:
Ինչո՞ւ «էլեկտրոնային»

Էլեկտրոնային փողը վիրտուալ արժույթ է, որը համարժեք է սովորական փողին՝ մետաղադրամներին և թղթադրամներին, որոնք պահվում են էլեկտրոնային կրիչների մեջ՝ թույլ տալով տարբեր ծավալի անկանխիկ վճարումներ իրականացնել բջջային կապի և ինտերնետի միջոցով: Փաստորեն, էլեկտրոնային փողն օգտագործվում է ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելու համար: Ընդ որում, այն համարժեք է իրական փողին, չնայած գոյություն ունի միայն էլեկտրոնային տարբերակով՝ մասնագիտացված էլեկտրոնային համակարգերում գրառումների տեսքով:
Ըստ էության, տարբերությունն այն է, որ էլեկտրոնային փողի շրջանառությունը տեղի է ունենում ինտերնետում: Էլեկտրոնային փողը կարող է լինել տարբեր արժույթներով, դրանք կարելի է փոխանակել իրական փողով և հակառակը: Հայաստանում 1 էլեկտրոնային միավորը համարժեք է 1 ՀՀ դրամին: Դա նշանակում է, որ էլեկտրոնային փողը համարժեք է սովորական փողին, սակայն չունի թղթադրամներին և մետաղադրամներին բնորոշ շոշափելի տեսք:
Ֆինանսական համակարգում օգտագործվող փողերի մեծ մասը շրջանառվում է թվայնացված միջավայրում: Սովորաբար էլեկտրոնային փող թողարկող կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր թողարկած էլեկտրոնային միավորի շրջանառության միջավայրը և բնագավառները: Սակայն գոյություն ունեն միջազգայնորեն ընդունված սահմանափակումներ՝ կապված որոշակի ոլորտներում (օրինակ՝ արգելված կայքեր) էլեկտրոնային փողն օգտագործելու հետ:
Այսօր աշխարհում էլեկտրոնային փողի տարածված համակարգերից են PayPal–ը, WebMoney–ն, Apple pay–ը, Google pay–ը: Հայաստանում մեծ տարածում ունեն Qiwi–ն, Yandex Money–ն և PayPal–ը, ընդ որում վերջինը՝ սահմանափակ գործառույթներով: Այս առիթով երկրի իշխանություններն արդեն 2 տարի բանակցում են Հայաստանում համակարգի ավելի լայն հասանելիություն ստանալու հնարավորության համար: Գործում են նաև տեղական iDram և TellCell համակարգերը:
Ո՞րն է էլեկտրոնային փողի առանձնահատկությունն ու առավելությունը

Էլեկտրոնային փողի և իրականի գլխավոր տարբերությունը բանկային հաշվի բացակայությունն է: Սա նշանակում է, որ գործարքը կատարվում է երկու անձի միջև առանց բանկի մասնակցության:
Էլեկտրոնային փողի առավելությունների թվում են՝
- մոբիլություն. նման փողի դեպքում չկա ծավալի հասկացություն և միշտ հնարավոր է վճարումներ կատարել առանց լրացուցիչ գործիքների
– ավտոմատացված համակարգ. թվայնացված փողի հետ աշխատելիս մարդկային գործոնն ամբողջությամբ բացակայում է, քանի որ բոլոր գործարքներն իրականացնում է համակարգիչը (գաջեթները), ինչից հետո դրանք ֆիքսվում են
- անանունություն. ի տարբերություն վճարային քարտերով գործարքների, այս դեպքում պահպանվում է անանունություն, հատկապես, եթե խոսքը էլեկտրոնային փողի մեկանգամյա օգտագործման մասին է: Դրամապանակի բազմակի օգտագործման դեպքում ձեր միջոցներն անցնում են հատուկ «ցանցային դարպասներ», որոնք ապահովում են տվյալների գաղտնիությունը
-հարմարավետություն. էլեկտրոնային փողը կարելի է օգտագործել ցանկացած վայրում, ցանկացած պահի՝ անկախ ժամային գոտիների տարբերությունից ու աշխատանքային ժամերից: Դա ավելի արագ է ստացվում, քան վճարային համակարգի միջոցով, որի դեպքում գումարը կարող է հաշվին «նստել» մի քանի օրվա ընթացքում
- անվտանգություն, որն ապահովվում է ժամանակակից հատուկ տեխնոլոգիաների շնորհիվ
– էլեկտրոնային փողով կատարվող բոլոր գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր է պահպանել ու վերստուգել, մինչդեռ կանխիկի օգտագործման դեպքում միշտ կա կորստի վտանգ
Իսկ ի՞նչ բացասական կողմեր կան

Դրական կողմերից բացի, էլեկտրոնային փողն ունի նաև բացասական կողմեր.
-էլեկտրոնային փողի թողարկումը երաշխավորվում է բացառապես թողարկողի կողմից: Պետությունը որևէ երաշխիք չի տալիս դրանց վճարունակության պահպանման համար
- այս պահին չկա ավելի քան մեկ վճարային համակարգում շրջանառվող էլեկտրոնային փող, թեև վճարային համակարգերի միջև փոխադարձ վճարումներ իրականացվում են
- էլեկտրոնային փողն ընդունված վճարման միջոց չէ: Ի տարբերություն բանկային հաշվի, որտեղ ձեր մնացորդի վրա տոկոսներ են փոխանցվում, այս համակարգը չի գործում էլեկտրոնային դրամապանակում, հաճախորդը նաև չի պարգևատրվում էլեկտրոնային փող օգտագործելու համար, նաև չկա վարկի տրամադրման հնարավորություն:
- էլեկտրոնային փողի հնարավոր գողություն: Եթե կողմնակի անձինք մուտք են գործել ձեր դրամապանակ, որի հետևանքով փողերը անհետացել են, ապա դուք չեք կարող ոչ մի տեղ դիմել օգնության համար: Հնարավոր չէ վերադարձնել գողացված գումարը, քանի որ համացանցում ֆինանսական գործունեության այս կողմի իրավական հիմքը դեռևս լիովին մշակված չէ:
Ինչպե՞ս է աշխատում էլեկտրոնային փողը

Էլեկտրոնային փողով գործարքների համար, որպես կանոն, օգտագործվում է էլեկտրոնային դրամապանակ: Այն թույլ է տալիս օգտատիրոջը պահել էլեկտրոնային փողը, կատարել առցանց գնումներ, կատարել տարբեր վճարումներ և իրականացնել այլ անկանխիկ գործարքներ համացանցում: Իրականում, այն նման է բանկային հաշվին: Էլեկտրոնային դրամապանակ բացելուց առաջ պետք է սկզբում ընտրել վճարային համակարգ (վերևում մենք խոսեցինք դրանց մասին):
Դրանից հետո անհրաժեշտ է մուտքագրել գումարը ծառայությունը մատուցողի էլեկտրոնային դրամապանակում: Ունենալով սեփական հաշիվ` կարող եք վճարել ծառայությունների դիմաց կամ գնումներ կատարել: Միջոցի սեփականատիրոջ տեսակետից էլեկտրոնային դրամապանակը սովորաբար ունիկալ նույնացուցիչ է, ինչպես նաև համակարգի հետ փոխգործակցելու մեկ կամ մի քանի ինտերֆեյս, ինչը թույլ է տալիս վերահսկել միջոցները և կատարել վճարումներ:
Երբեմն էլեկտրոնային փողերով աշխատելու համար անհրաժեշտ է հատուկ ծրագիր տեղադրել օգտատիրոջ համակարգչում: Եվ հիշեք, հարկավոր է օգտվել միայն վստահելի առցանց խանութների ծառայություններից: Եթե խանութը նշված է ընտրված վճարային համակարգի կայքում, ապա այն վստահելի է:
Կարելի՞ է արդյոք կանխիկացնել էլեկտրոնային փողը

Էլեկտրոնային դրամապանակի հաշիվը կարելի է համալրել կանխիկ գումարով՝ տերմինալի կամ բանկոմատի միջոցով, եթե դրանց մենյույում կա այդ վճարային համակարգի բաժինը, ինչպես նաև փոխանցում կատարել բանկային քարտից կամ բջջային հեռախոսի հաշվից: Հաշիվը համալրելիս սովորաբար գանձվում է միջնորդավճար, որի գումարը կախված է ընտրված տարբերակից, ուստի խորհուրդ է տրվում նախապես ուսումնասիրել, թե որ տարբերակն է առավել հարմար, դա կարելի է անել էմիտենտի կայքում:
Գումարի կանխիկացումը նույնպես կարող է իրականացվել տարբեր եղանակներով՝ համակարգի օպերատորի դրամարկղից կանխիկի ստացում, ձեր անունով փոստային փոխանցում, բանկային փոխանցում կամ վարկային քարտի համալրում: Հնարավոր է նաև այլ համակարգերի էլեկտրոնային փողի վերածել, բայց այստեղ կարող է գանձվել բարձր միջնորդավճար, կամ կարող է լինել կանխիկացվող գումարի չափի սահմանափակում: Հարկ է նաև նշել, որ Հայաստանում էլեկտրոնային վճարային համակարգերի որոշ տեսակներ չունեն կանխիկի ստացման ծառայություն:
Ի՞նչ տեսակի էլեկտրոնային փողեր կան

Կախված օգտագործվող տեխնոլոգիայից՝ գոյություն ունեն էլեկտրոնային փողի երկու տեսակ՝ էլեկտրոնային դրամապանակ և վիրտուալ փող: Էլեկտրոնային դրամապանակի դեպքում փողը տրվում է քարտի հիման վրա, իսկ գումարը փոխանցվում է ձեր քարտին կամ այլ սարքին և օգտագործվում է համապատասխան ենթակառուցվածքի միջոցով: Համապատասխանաբար, միջոցներն օգտագործելիս դրանք նվազում և ավելանում են, երբ հաշիվը համալրվում է: Ինչ վերաբերում է վիրտուալ փողին, ապա այն տրամադրվում է համակարգչային համակարգի հիման վրա: Մասնավորապես, դրամական արժեքը «մուտքագրվում է» գործառնական համակարգ կամ ծրագրային ապահովում և օգտագործվում է ներքին ցանցի կամ համացանցի միջոցով:
Էլեկտրոնային փողերը կարող են լինել չհամալրվող (մեկանգամյա, չնույնականացվող կամ անանուն): Այս դեպքում էլեկտրոնային միջոցների օգտագտատիրոջ հաշվին եղած գումարը չի կարող գերազանցել 200 հազար դրամը: Պետք է հիշել, որ որոշ երկրներ արգելում են էլեկտրոնային դրամապանակների անանուն համալրումը: Էլեկտրոնային փողերը կարող են նաև լինել համալրվող (նույնականացվող), և այս դեպքում հաշվին եղած գումարը չի կարող գերազանցել 1 միլիոն դրամը:
Օգտակար խորհուրդներ

Նախքան էլեկտրոնային փող օգտագործելը և էլեկտրոնային դրամապանակ բացելը, ծանոթացեք էլեկտրոնային փողի օգտագործման պայմաններին և կարդացեք թողարկողի մասին օգտատերերի մեկնաբանությունները:
Նախքան անձնական տվյալները կամ գաղտնաբառը համացանցում մուտքագրելը, համոզվեք, որ կայքի հասցեն սկսվում է https: //-ով։
Ֆինանսական գործարքներ կատարեք բացառապես ձեր համակարգչից և խուսափեք գաղտնի տեղեկատվության արտահոսքից:
Եթե էլեկտրոնային փողի հետ կապված որևէ խնդիր է առաջանում, ապա Հայաստանում այդ հարցը լուծվում է հետևյալ հաջորդականությամբ. անհրաժեշտ է նամակ-դիմում գրել կազմակերպությանը, և եթե 10 օրվա ընթացքում չեք ստացել պատասխան կամ այն ձեզ չի բավարարում, դիմեք ֆինանսական հաշտարարին: Եթե հիմա էլ ձեզ չի բավարարում արդյունքը, ապա պետք է դիմել դատարան: Ցանկացած բողոք կարել է ուղղել նաև Կենտրոնական բանկ:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–

