Ֆինանսական բուրգի հինգ նշան և ինչպես չդառնալ դրա զոհը

28.08.2025, 10:53
Պարզաբանում ենք, թե ինչ է ֆինանսական բուրգը և ինչպես չդառնալ դրա զոհը։
Ֆինանսական բուրգի հինգ նշան և ինչպես չդառնալ դրա զոհը

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Դուք հանդիպել եք ձեր ընկերոջը, և նա ոգևորությամբ սկսել է պատմել մեծ հաջողության մասին: Պարզվում է, որ վերջերս նա որոշակի գումար է ներդրել և այժմ ստանում է ամսական 30% շահույթ: Ընկերը շատ ուրախ է, կարծում է, որ շատ բախտավոր է և իր հետ պատահածը ամենևին էլ ֆինանսական բուրգ չէ, այլ նոր տեխնոլոգիա/ներդրումային ակումբ/միջազգային ընկերություն է: Նա պատկերացում անգամ չունի, որ հենց նման պատմություններից է սկսվում ֆինանսական թակարդի ճանապարհը։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզաբանել, թե ինչ է ֆինանսական բուրգը և ինչպես չդառնալ դրա զոհը։

Ո՞րն է ֆինանսական բուրգի էությունը

Ֆինանսական բուրգը սխեմա է, որի դեպքում հին մասնակիցների եկամուտը վճարվում է նորերի գումարների հաշվին: Ոչ մի իրական բիզնես կամ ներդրում չկա: Երբ նորեկների հոսքը դադարում է, սխեման փլուզվում է, իսկ գումարն՝ անհետանում:

Բուրգերի պատմության մեջ ամեն ինչ նույնն է թվում. սկզբում ամեն ինչ «աշխատում է», ինչ-որ մեկը իսկապես ստանում է վճարներ, մարդիկ հավատում են և բերում նոր մարդկանց: Բայց վերջում շահում է միայն նա, ով եղել է ամենավերևում, այսինքն՝ դրա կազմակերպիչները:

Ֆինանսական բուրգի նշանները

кошелек

1. Եկամտի անիրատեսական խոստումներ: Եթե ձեզ ասում են, որ կարելի է ամսական ստանալ 20%, 50% կամ նույնիսկ 100% շահույթ «առանց ռիսկի», դա սուտ է: Իրական շուկայում նման թվերն անհնար են:

2. Լիցենզիաների և թափանցիկության բացակայություն։ Հայաստանում ցանկացած լուրջ ֆինանսական կազմակերպություն պետք է ունենա Կենտրոնական բանկի լիցենզիա կամ պաշտոնական գրանցում արտասահմանում։ Եթե ձեզ ասում են. «Մեզ լիցենզիա պետք չէ», հեռու մնացեք։

3. Եկամտի անհասկանալի աղբյուրներ։ Ձեզ ասում են, որ ներդրումներ են կատարվում կրիպտոարժույթով, կամ հայտարարում են հատուկ առևտրային ռազմավարության մասին, բայց միևնույն ժամանակ չեն տրամադրում որևէ ապացույց կամ իրական փաստաթղթեր։ Իրական բիզնեսը միշտ կարող է ներկայացնել հաշվետվություններ, նախագծեր, պայմանագրեր։

4. Նոր անդամներ հրավիրելու առաջարկ: Ձեզ բոնուս են առաջարկում ընկեր բերելու համար, իսկ «ներդրումը» սահմանափակվում է նոր մարդկանց ներգրավելով: Սա բուրգի դասական սխեմա է:

5. Ճնշում և հրատապություն։ «Կատարիր ներդրում այսօր, վաղը շատ ուշ կլինի»․ խաբեբաները դիտավորյալ ստեղծում են շտապողականության էֆեկտ, որպեսզի ժամանակ չունենաք մտածելու կամ տեղեկատվությունը ստուգելու համար։

Ինչ տեսք ունի ֆինանսական բուրգն այսօր

Նրանք ժամանակին համընթաց քայլում են և գիտեն, թե ինչպես գրավել անփորձ մասնակցին։ Առաջարկների շրջանակը բավականին մեծ է․

• Ներդրումներ «նոր կրիպտոարժույթում», որի «գինը սրընթաց կբարձրանա»։

• «Կրթական հարթակներ»՝ վճարովի մուտքով, որտեղ հիմնական եկամուտը նոր ուսանողների հաշվին է։

• «Բարեգործական հիմնադրամներ», որոնք խոստանում են նվիրատվությունները վերադարձնել շահույթի տեսքով։

• «Մարքեթփլեյսեր», որտեղ մասնակիցները ապրանքներ կամ ծառայություններ են գնում միայն համակարգի ներսում։

• «Բանկեր»՝ անհավանական տոկոսադրույքներով։

Առանցքային սխալներ, որոնք պատճառով մարդիկ հայտնվում են «թակարդում»

ա) ագահություն՝ առանց ջանքերի արագ հարստանալու ցանկություն

բ) վստահություն «ընկերների, հարազատների» նկատմամբ՝ մասնակցություն միայն այն պատճառով, որ ընկերը կամ ազգականն է հրավիրել

գ) ստուգման բացակայություն՝ մարդիկ չեն կարդում պայմանագիրը, չեն ստուգում ընկերության գրանցումը

դ) «զգուշացնող ազդանշանների» անտեսում՝ տարօրինակ պայմաններ, գաղտնիություն, ճնշում

դ) ֆինանսական պլանի բացակայություն՝ երբ նպատակ և ռազմավարություն չկա, հեշտ է տրվել «հեշտ փողի» գայթակղությանը։

Ինչպես պաշտպանվել

3 ВТБ кошелек

• Ստուգեք ընկերությունը ՀՀ Կենտրոնական բանկի կամ միջազգային ֆինանսական կարգավորիչների ռեեստրերում

• Մի՛ ներդնեք այնպիսի գումար, որը պատրաստ չեք կորցնել

• Խորհրդակցեք նրանց հետ, ովքեր հասկանում են ֆինանսներից (և չեն մասնակցում նախագծին)

• Մի՛ տրվեք զգացմունքներին. ներդրում կատարելու որոշումը պետք է լինի սառը և մտածված։

Գլխավոր մտքեր

Ցանկացած «ներդրում», որը խոստանում է մեծ եկամուտ արագ և առանց ռիսկի, գրեթե միշտ խաբեություն է։

Ավելի լավ է դանդաղ կառուցել իրական կապիտալ, քան արագ կորցնել ամեն ինչ «ոսկե հնարավորության» հետևանքով։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։