Աջակցության 18-րդ միջոցառում. ու՞մ և ինչպե՞ս են օգնել իշխանությունները COVID-19–ի պայմաններում
Կառավարության արդեն հաստատված 18 միջոցառումներից 7–ն ունեն տնտեսական և 11–ը սոցիալական ուղղվածություն։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 18–րդ միջոցառումը։
18–րդ միջոցառում. օժանդակություն աշխատատեղերի պահպանման համար

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ ծրագրի նպատակն է օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը։
Կառավարությունը ծրագրի շահառուներին կվճարի դրամաշնորհ յուրաքանչյուր 5–րդ աշխատակցի աշխատավարձի չափով։
Նմանատիպ համակարգ էր գործում նաև 5–րդ միջոցառման դեպքում, որի շրջանակում դրամաշնորհի տեսքով պետական աջակցություն ստացան այն ընկերությունները, որոնք, չնայած արտակարգ դրության ռեժիմին, չէին հեռացրել իրենց աշխատակիցներին և պահպանել էին աշխատավարձային ֆոնդը։ Ֆինանսական օգնության չափը կազմեց 2,2 մլրդ դրամ։ Այս ծրագրից օգտվեց նաև փոքր բիզնեսը, որի հաստիքում կա 2–50 վարձու աշխատող։
Սակայն նոր ծրագրից կարող են օգտվել այն ընկերությունները, որոնք ունեն մինչև 100 աշխատակից։
Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն սուբյեկտները, որոնց 2020 թվականի ապրիլ ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար և մարտ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը, և 2020 թվականի ապրիլ ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար և մարտ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը:
Հինգ աշխատակցից պակաս հաստիք ունեցող ընկերությունների համար աջակցության չափի կհաշվարկվի մարտ ամսվա աշխատավարձային ֆոնդն աշխատակիցների թվի վրա բաժանելու արդյունքում։ Այն ընկերությունների համար, որոնց աշխատակիցների թիվը գերազանցում է 5–ը, գործելու է նույն սկզբունքը (աշխատավարձային ֆոնդը բաժանվում է աշխատակիցների թվի վրա), միաժամանակ միջոցները տրամադրվելու են յուրաքանչյուր 5–րդ աշխատակցի հաշվարկով։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

