Լատվիա արտահանված կանաչ թեյը հայկական ծագման չէ․ ՍԱՏՄ-ն նմուշառում է իրականացրել

19.10.2026, 18:22
Լատվիայում պեստիցիդներ են հայտնաբերվել Հայաստանից ներկրված կանաչ թեյում․ ՍԱՏՄ-ն պարզաբանում է
Լատվիա արտահանված կանաչ թեյը հայկական ծագման չէ․ ՍԱՏՄ-ն նմուշառում է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) հայտնել է, որ պեստիցիդի հայտնաբերման պատճառով ԵՄ ներմուծման արգելքի տակ հայտնված կանաչ թեյի խմբաքանակը հայկական ծագման չէ։

Տեսչական մարմինը նմուշառում է իրականացրել և նմուշները ներկայացրել լաբորատոր փորձաքննության։

Ինչպես հաղորդում է ՍԱՏՄ-ն, Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանից ներկրված 57,6 կգ քաշով կանաչ թեյի խմբաքանակում Եվրամիությունում արգելված թունաքիմիկատ է հայտնաբերվել։

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ներմուծող կազմակերպությունում իրականացված վերահսկողության շրջանակներում, նշված՝ ոչ հայկական ծագման թեյի խմբաքանակից նմուշառում է իրականացրել և ներկայացրել լաբորատոր փորձաքննության», – նշվում է Տեսչական մարմնի հաղորդագրությունում։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ փորձաքննության արդյունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի Տեսչական մարմնի պաշտոնական կայքում։

Ինչ է հայտնել լատվիական կողմը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լատվիան արգելել է Հայաստանից ներկրված կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը Եվրամիություն պեստիցիդների վերաբերյալ խախտումների պատճառով։

Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը (PVD) սահմանային վերահսկողության ընթացքում հայկական ծագման կանաչ թեյում լաբորատոր եղանակով հայտնաբերել է Եվրոպական Միությունում արգելված տոլֆենպիրադ պեստիցիդի մնացորդներ, ինչպես նաև այլ պեստիցիդների՝ լյամբդա-ցիգալոտրինի և տիամետոքսամի առավելագույն թույլատրելի մնացորդային մակարդակների գերազանցում։

Լատվիական կարգավորող մարմինը հայտնել է, որ նշված ապրանքի ներմուծումը Եվրամիություն արգելված է։

Հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվությունը հրապարակվել է Սննդամթերքի և կերերի վերաբերյալ ԵՄ արագ արձագանքման համակարգում (RASFF)։