«Վարկամոլություն», «շոփինգամոլություն», կամ ինչպե՞ս չդառնալ գայթակղության զոհ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Վարկային կախվածությունը կամ «վարկամոլությունը» մեր ժամանակների նոր հիվանդություններից է։ Այն այնպիսի կախվածություն է, ինչպիսիք են խաղամոլությունը, համակարգչային կախվածությունը, շոփինգից կախվածությունը և այլն։ Ցավոք, այս չարիքը առկա է նաև Հայաստանում։ Եվ ո՞րն է պատճառը, ինչու՞ են մարդիկ սկսել չափազանց հաճախ (և ոչ միշտ հիմնավորված) դիմել վարկային կազմակերպություններ փոխառու միջոցներ ստանալու համար։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել վարկային կախվածության պատճառները, ինչպես նաև դրան դիմակայելու միջոցները։
Ի՞նչն է մարդկանց ստիպում դառնալ «վարկամոլ»
Ավելի ունևոր երևալու ցանկությունը։
Հավանած իրն այստեղ և հիմա գնելու մեծ գայթակղությունը։
Վարկերի հասանելիությունը։ Այսօր հեշտ է վարկ ձևակերպել ցանկացած բանկում՝ ներկայացնելով նվազագույն քանակի փաստաթղթեր։
Գայթակղիչ առաջարկներով գովազդի, հատկապես ագրեսիվ գովազդի ազդեցությունը։
Եկամուտների ցածր մակարդակը։ Եթե մինչև վարկերը, մարդը, չունենալով փող, նույնիսկ ուշադրություն չէր դարձնում ինչ-որ իրերի, ապա հիմա դրանք դարձել են հասանելի, քանի որ վարկերը ստեղծում են պատրանք, որ նա կարող է իրեն թույլ տալ այդ իրերը գնել։
Ինչպե՞ս դիմակայել «շոփինգամոլությանը»
«Շոփինգամոլությունը» գնումներ կատարելու անվերահսկելի և անհաղթահարելի ցանկությունն է, այն վարկային կախվածության առաջացման գլխավոր պատճառներից է։
Սկզբնական շրջանում «շոփինգամոլությունը» պարզապես դրսևորվում է որպես վնասակար սովորություն, բայց չկանխելու դեպքում այն վերածվում է մոլուցքի և պահանջում է ավելի շատ գումար։ Եթե «շոփինգամոլի» գումարը չի բավարարում ցանկալի ինչ-որ ապրանք գնելու համար, նա սկսում է խուճապի մատնվել և դիմում է ցանկացած միջոցի իր ուզած արդյունքին հասնելու համար։ Շատ հաճախ դա հանգեցնում է նրան, որ ձևակերպվում է բավականին բարձր տոկոսադրույքով վարկ, կուտակվում են պարտքեր, տույժեր, ինչը հանգեցնում է վատ վարկային պատմության։
Եվ ի՞նչ անել։ Հավաքվել և ձեռնարկել հետևյալ քայլերը՝ անպետք գնումներից խուսափելու համար։
· Եթե խանութ եք գնում, վերցրեք միայն կանխիկ գումար։ Վարկային քարտը ստեղծում է զգացում, թե փողերն անվերջ են, իսկ այ իրական թղթադրամը կօգնի զերծ մնալ նման զգացումից։
· ձևակերպեք վարկ միայն այն դեպքում, երբ դա իսկապես անհրաժեշտ է (լուրջ հիվանդության բուժում, կենսական կարևորություն ունեցող ապրանքների ձեռք բերում և այլն)
· միշտ վերցրեք գնումների ցուցակ, հաշվարկեք, թե որքան գումար է անհրաժեշտ և հետևեք ցուցակին
· զսպեք առաջին հանդիպած իրը գնելու ցանկությունը։ Եթե հաստատ գիտեք, թե ինչ եք ուզում, նայեք ուրիշ խանութներում, համեմատեք գները, որակն ու ընտրեք առավել հարմար տարբերակը։
Ի՞նչ է անել, եթե արդեն հայտնվել եք վարկային ծուղակում
Ամենագլխավորն է ընդունել, որ կա խնդիր և հստակ ցանկանալ ազատվել ֆինանսական ստրկությունից։ Եթե այս ամենը կա, կարելի է առաջ շարժվել։
Աուդիտի ենթարկեք սեփական ֆինանսները։
Հաշվարկեք, թե որքան եք պարտք բանկերին։ Գրանցեք ամեն բանկի և վարկատուի վճարումների ժամանակացույցերը։
Դիմեք մտերիմների օգնությանը։ Եթե դուք նրանց առաջարկեք խնդրի լուծման պատրաստի պլան, այլ ոչ թե հերթական անգամ գումար խնդրեք, ապա մեծ է հավանականությունը, որ նրանք կօգնեն ձեզ դուրս գալ ծուղակից։
Փորձեք վերաֆինանսավորել պարտքերը։ Բանկերը սովորաբար հեշտությամբ ընդառաջ են գնում նման խնդրանքներին և նման ծրագրերով առաջարկում են լավ պայմաններ։
Մի մտածեք, որ ստեղծված վիճակը փակուղային է։ Ցանկության դեպքում, դրսևորելով ֆինանսական կարգապահություն, ամեն ինչ կարելի է լուծել։
Եվ հետո, մի զրկեք ձեզ կյանքի բոլոր ուրախություններից։ Ձեր խնդիրն է չհասնել նյարդային կամ ֆինանսական պոռթկման, այլ ստեղծել հավասարակշիռ իրավիճակ և սկսել գումարը խելամիտ ծախսել։
Նախօրոք որոշեք, թե ինչպես եք ապրելու վարկերից ազատվելուց հետո, ինչ եք անելու և ինչպես եք տնօրինելու այն ֆինանսական ռեսուրսները, որոնք հիմա ամեն ամիս տալիս եք բանկին։
Եվ վերջում
Բոլոր կախվածությունները ձևավորվում են նույնանման մեխանիզմով։ Եվ «վարկամոլները», և «շոփինգամոլները» շատ ընդհանուր բան ունեն։ Նրանց միավորում է մեկ նպատակ՝ ցանկացած ձևով հեռանալ դաժան իրականությունից, քանի որ իրականության հետ բախումը վախենում է նրանց։ Կախվածության դեմ պայքարը սկսում է նրանից, որ պետք է ընդունել խնդրի գոյությունն ու ցանկանալ լուծել այն։ Պետք է նայել իրականության աչքերին, պատասխանատու լինել սեփական կյանքի և արարքների համար։ Ոչ ոք չի օգնի ձեզ, քանի դեռ դուք ինքներդ չեք սկսել օգնել ձեզ։ Հենց ընդունեք հստակ որոշում, կհայտնվեն սեփական կյանքը փոխելու բազմաթիվ հնարավորություններ և տարբերակներ։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–