Հինգ ֆինանսական բջջային հավելվածներ ճամփորդների համար
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Պատրաստվելով արձակուրդի` թեթևացրեք տարատեսակ ֆրինանսական հարցերի լուծումը ճամփորդության ժամանակ։ Այդ հարցում ձեզ կօգնեն մի քանի օգտակար ֆինանսական անվճար հավելվածներ, որոնց միջոցով կարելի է ծանոթանալ ծախսերին, փոխարկել արտարժույթ, օգտվել բոնուսներից և այլն։
1. Ծախսերի հաշվարկում

Expensify. այս հավելվածը թույլ է տալիս տեղեկատվություն կուտակել արձակուրդի ժամանակ կատարած բոլոր ծախսերի մասին։ Չեկերի առկայության դեպքում դրանք պետք է սկանավորել, իսկ եթե չեկեր չկան, ապա գումարը պետք է ինքնուրույն մուտքագրել։ Եթե ցանկանում ենք, որպեսզի ծախսերը հաշվարկվեն ավտոմատ, ապա հավելվածին պետք է կցել բանկային քարտը։ Այս հավելվածը հարմար է գնումներ կատարելիս, սրճարաններ և ռեստորաններ այցելելիս, վարձած մեքենայով այցելություններ կատարելիս և այլն։ Ընդ որում, կարելի է օգտվել տարբեր արժույթներից։ Ծախսերի մասին հաշվետվություններն ուղարկվում են ձեր էլեկտրոնային հասցեին։ Ի դեպ, այս հավելվածը հարմար է ոչ միայն արձակուրդի, այլև գործարար այցելությունների կամ գործուղումների ժամանակ։ Հավելվածը գործում է դեռ միայն անգլերեն iOS և Android օպերացիոն համակարգերի համար։
Trail Wallet. այս հավելվածում կարելի է մուտքագրել ծախսերի ցերեկային սահմանաչափը։ Այն կարելի է օգտագործել առանց համացանցին միանալու, սակայն բոլոր ծախսերը պետք է մուտքագրել ինքնուրույն։ Եթե ունեք ինտերնետային հասանելիություն, բոլոր գումարները կթարմացվեն` հաշվի առնելով ձեր կողմից մուտքագրված արտարժույթի փոխարժեքը։ Հավելվածը գործում է միայն անգլերեն iOS օպերացիոն համակարգի համար։2. Արտարժույթի փոխարկիչներ

xCurrency. նմանատիպ հավելված է, որը հասանելի է ռուսերեն iOS և Android օպերացիոն համակարգերի համար։ Կախված ձեր գտնվելու վայրից` հավելվածը փոխարկում է ձեր գումարը համապատասխան արժույթով։
3. Բոնուսների ստացում

Stocard. այս հավելվածը թույլ է տալիս օգտվել զեղչի քարտերից` թողնելով դրանք տանը։ Հեռախոսի տեսախցիկի միջոցով և Stocard–ի օգնությամբ կարելի է սկանավորել ցանկացած զեղչի քարտ։ Ճամփորդության ժամանակ քարտի գծիկավոր կոդը (штрих-код) հնարավոր կլինի ընթերցել հեռախոսի միջոցով։ Միաժամանակ դուք կարող եք ձեռք բերել զեղչի քարտեր նաև ճամփորդության ժամանակ և ներբեռնելով դրանք հավելվածի մեջ` օգտվել դրանցից հաջորդ ճամփորդության ժամանակ։ Հավելվածը հասանելի է ռուսերեն iOS և Android օպերացիոն համակարգերի համար։
Award Wallet. այս հավելվածն օգնում է մեկ տեղում հավաքել զեղչի բոլոր քարտերը։ Այն աշխատում է որպես տեղեկատու` հիշեցնելով զեղչերի գործողության ժամկետների և գործող առաջարկների մասին։ Զեղչից օգտվելու համար անհրաժեշտ մնացած բոլոր գործողությունները դուք պետք է կատարեք ինքնուրույն։ Ի դեպ, այս հավելվածը ևս ունի բոնուս, որը հնարավոր է գործարկել համապատասխան կայքի միջոցով։ Հավելվածը հասանելի է ռուսերենով iOS և Android օպերացիոն համակարգերի համար։
4. Բյուջեի բաշխում

Budgy. այս հավելվածը շատ հարմար է, եթե դուք ճամփորդում եք ընկերների հետ։ Այն կօգնի արդարացիորեն բաշխել բյուջեն բոլոր մասնակիցների շրջանում` յուրաքանչյուրի ծախսերին համապատասխան։ Դրա համար հարկավոր է հավելվածում մուտքագրել ճամփորդության բոլոր մասնակիցների ցանկը, ինչպես նաև ֆիքսել բոլոր ծախսերը` նշելով, թե ով ինչի համար է վճարել։ Այնուհետև հավելվածը կհաշվի յուրաքանչյուր մասնակցի ծախսերը։ Տեղեկատվությունը կարելի է մուտքագրել նաև offline ռեժիմում, իսկ ֆինանսական հաշվետվությունն` ուղարկել էլեկտրոնային հասցեին։ Այս պահին գործում է հավելվածի միայն անգլալեզու տարբերակը iOS օպերացիոն համակարգի համար։
Trip Budget. սա Budgy–ի նման ֆինանսական հավելված է, որը հասանելի է ռուսերեն Android օպերացիոն համակարգի համար։ Այստեղ ևս ծախսերը բաշխվում են ճամփորդության մի քանի մասնակիցների միջև` ըստ ծախսերի, օրինակ` սնունդ, էքսկուրսիաներ, բնակության համար նախատեսված ծախսեր և այլն։ Այս հավելվածի միջոցով կարելի է նախօրոք պլանավորել ճամփորդության բյուջեն։
5. Անհրաժեշտ օբյեկտների որոնում

Maps.me. հավելվածն իրենից ներկայացնում է ինտերակտիվ քարտեզ, որը մշակված է զբոսաշրջիկների համար։ Աշխատում է offline ռեժիմում և ցույց է տալիս անհրաժեշտ օբյեկտին (խանութ, սրճարան, տեսարժան վայրեր, թանգարաններ, բանկոմատներ և այլն) հասնելու ամենակարճ ճանապարհը։ Դրա համար պարզապես անհրաժեշտ է ներբեռնել երկրի կամ քաղաքի համապատասխան քարտեզը։ Ընդ որում քարտեզի վրա կարելի է անել սեփական նշումներն ու թողնել մեկնաբանություններ։ Հավելվածը հասանելի է ռուսերեն iOS և Android օպերացիոն համակարգերի համար։
Ձեզ հետաքրքրած հավելվածներն ավելի լավ է ներբեռնել նախօրոք, որպեսզի ժամանակ ունենաք ստուգել դրանց աշխատանքն ու սովորել օգտվել դրանցից։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-

