Հայկական թղթադրամի պաշտպանության 5 կետ

1. Թղթադրամի որակը
Ամբողջ աշխարհում փողը լինում է թղթադրամից կամ կոմպոզիտային։ ԿԲ–ի կողմից 2018թ.–ից շրջանառության մեջ դրված 3–րդ սերնդի թղթադրամները կոմպոզիտային են, այսինքն դրանք մասամբ բաղկացած են բամբակե թղթից և մասամբ` պոլիէսթերի շերտից։ Այս տարբերակը լավագույնս համապատասխանում է անվտանգության չափանիշներին և ժամանակակից տեխնիկական պահանջներին։ Նման թղթադրամը գրեթե անհնար է կեղծել։ Այն միջինը 2–4 անգամ ավելի երկար է օգտագործվում, քան թղթից պատրաստված դրամը, դժվար է պատռվում, չի կեղտոտվում և չի ենթարկվում արտաքին ազդեցության։
2. Ջրանիշ
Թղթադրամի վրա ներկայացված է անձի դիմապատկերն արտացոլող բազմերանգ ջրանիշ և անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ։ Թղթադրամի վրա առկա է ձևավորման տարրի հստակ պատկերով թափանցիկ պատուհան: Պաշտպանական հատկանիշներին կարելի է ծանոթանալ ԿԲ–ի կողմից ներկայացված հատուկ տեսանյութում։
3. Պաշտպանական մանրաթելեր
Թղթադրամի հումքի մեջ ներառված են տեսանելի և անտեսանելի (ուլտրամանուշակագույն լույսի ներքո լուսածորող) մանրաթելեր: Առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ` գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը և անվանական արժեքն արտահայտող թվի ապամետաղականացված գրառումը։
4. Խոր տպագրություն
Թղթադրամի դիմերեսին որոշ պատկերներ տպագրված են խոր տպագրության եղանակով՝ ունեն բարձր մակերես և հստակ շոշափվում են` դիմանկարը, դիմանկարի շուրջ պատկերները, թղթադրամի անվանական արժեքն արտահայտող թվանշանները, թղթադրամի անվանական արժեքն արտահայտող բառերը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումը, տկարատեսների համար նախատեսված հատկանիշը:
5. Օպտիկապես փոփոխական ներկ
Օպտիկապես փոփոխական ներկով է տպագրված թղթադրամի դիմերեսի պաշտպանական հատկանիշը, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է թափանցիկ պատուհանում ներկայացված ձևավորման տարրը կրկնող և հորիզոնական «լողացող» 3D վառ տարրեր: Թղթադրամի դարձերեսին առկա է երկգույն մարգարտափայլ ժապավեն։
ԿԲ–ի կրթական հավելվածը
ՀՀ 3-րդ շարքի թղթադրամների դիզայնը և պաշտպանական հատկանիշները ներկայացնելու նպատակով iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների օգտատերերի համար ՀՀ կենտրոնական բանկը ստեղծել է «ARMENIAN DRAM 3.0« կրթական ուղղվածություն ունեցող հավելված: Հավելվածը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն ու ռուսերեն, և կարող է ներբեռնվել անվճար AppleAppStore կամ GooglePlayMarket հարթակներից։
Հավելվածն ինտերակտիվ ներկայացնում ու բացատրում է, թե ինչ տեսք ունեն պաշտպանական հատկանիշները թղթադրամի թեքության անկյունը փոխելիս, թղթադրամը լույսի տակ նայելիս կամ խոշորացույցով նայելիս։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–