Ամենատարածված ֆինանսական սխալների ԹՈՓ տասնյակը

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Շատերս ենք մտածում սեփական ֆինանսական դրությունը բարելավելու մասին, սակայն միաժամանակ ոչինչ չենք ձեռնարկում։ Այս դժվարին գործում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է պարզել անհաջողությունների պատճառները, ինչից հետո ուղղել սխալները։ Հենց այդ պատճառով «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է ֆինանսական սխալների թոփ տասնյակը, որոնք մենք կատարում ենք գրեթե ամեն օր։
1. Անվերահսկելի ծախսեր
Անկեղծորեն պատասխանեք` արդյոք գրի առնո՞ւմ եք ձեր առօրյա ծախսերը։ Իսկ գրի առնելուց հետո, վերլուծու՞մ եք դրանք։ Համոզված ենք, որ շատերն արդեն առաջին հարցից հետո իրենք իրենց խոտովանեցին, որ ծախսերի հաշվարկ չեն կատարում, և դա ամենամեծ սխալներից մեկն է։ Վարելով յուրօրինակ «անձնական հաշվապահություն»` կարելի է որոշել ծախսերի այն հոդվածները, որոնք արդյունքում կարելի է լիկվիդացնել առանց կյանքի որակի էական վատթարացման։ Չարժե մտածել, որ անձնական ծախսերի հաշվարկի համար անհրաժեշտ է նոթատետր ունենալ։ Հիմա ցանկացած սմարթֆոնում կան բազմաթիվ անվճար հավելվածներ, որոնք հնարավորություն են ընձեռում արագորեն զարգացնել այս օգտակար սովորությունը։
2. Տաքսի` մետրոյի փոխարեն
Որքա՞ն հաճախ եք օգտվում տաքսու ծառայություններից աշխատանքի գնալիս։ Ուշացումները հաշվի չենք առնում, դա պարզ է։ Բայց արժե՞ արդյոք օգտվել այս ծառայությունից ամեն օր, հատկապես այն դեպքում, եթե կանգառը կամ մետրոյի կայարանը տանից հեռու չեն։ Իսկ ի՞նչ, եթե տաքսով երթևեկությունն անհրաժեշտություն է։ Ի՞նչ անել այդ դեպքում։ Երիտասարդներից ոմանք դրսևորում են ստեղծագործական մոտեցում. նրանք հեռավորությունը կրճատելու համար խնդրում են վարորդին իրենց մի փոքր շուտ իջեցնել և անհրաժեշտ վայր հասնում են ոտքով։ Նման օրինակները քիչ չեն, իսկ առաջին հայացքից կարող է թվալ, թե նման մանրուքները էական չեն, այնուամենայնիվ, դրանք թույլ կտան ապահովել ավելի կայուն ֆինանսական դրություն։
3. Լոյալություն ապրանքանիշի նկատմամբ
Հաճախ ականատես եք լինում մի իրավիճակի. մարդիկ երկար քննարկում են`ընտրելու համար նույնատիպ ապրանքներից մեկը, իսկ արդյունքում գնում են ծանոթ ապրանքանիշի արտադրանք։ Անխոս, նման լոյալությունն ունի իր պատճառները, այն պայմանավորված է ձեռք բերված ապրանքի լավ որակով։ Սակայն չարժե մոռանալ, որ ժամանակին այդ ապրանքանիշերը նույնպես անհայտ էին։
Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս ավելի ուշադիր ուսումնասիրել առաջարկվող ապրանքների լայն տեսականին։ Իհարկե, դրանցից ոչ բոլորը կլինեն ձեր սրտով, սակայն ինչ–որ բան դուք հաստատ կհավանեք։ Շանս տալով քիչ հայտնի ապրանքանիշին ու ընտրելով նրա արտադրությունը` դուք ոչ միայն կբացահայտեք այն, այլև կաջակցեք շուկայական մրցակցության զարգացմանը, որն արդյունքում միշտ ձեռնտու է հենց սպառողին։
4. Գայթակղիչ զեղչեր
Ամառային, ամանորյա, սուրբծննդյան մեծ զեղչեր. նման ակցիաները մշտական բնույթ են կրում, և ձեր խնդիրն է բաց չթողնել ու գումար տնտեսել պետքական իր գնելիս։ Մեծ հաջողության դեպքում կարելի է գնել ցանկալի իր գրեթե կես գնով։ Կան զեղչեր, որոնք ոչ միայն հայտնի են ու տարածված, օրինակ` «Սև ուրբաթը» և «Կիբերերկուշաբթին», այլև ինքնատիպ ազդակ են` ազդարարելով մեծ զեղչերի շրջանը։ Ձեր խնդիրն է բաց չթողնել այդ պահը։ Եվ այս կանոնին պետք է հետևել ոչ միայն խոշոր, այլև ամենօրյա գնումներ կատարելիս։
Սակայն չարժե մոռանալ, որ մեծ զեղչերի ժամանակ կարելի է գայթակղվել ու գնել բազմաթիվ իրեր` ծախսելով ավելի շատ, քան հաջողվել է տնտեսել զեղչերի արդյունքում։ Այդ պատճառով մեծ զեղչերից առաջ հարկավոր է պատրաստել գնումների ցուցակ ու հստակ հետևել դրան։
5. Չմտածված վարկեր
«Վարկ 5 րոպեում», «0% կանխավճար», «Առաջին 6 ամիսն առանց տոկոս». ամեն քայլափոխին հանդիպող գայթակղիչ գովազդը, կարծես, ստիպում է մեզ կատարել չմտածված և չնախատեսված ծախսեր։ Անխոս, նման առաջարկները կարող են օգտակար կլիներ, սակայն այն դեպքերում, երբ դուք նախօրոք պլանավորել եք գնումը, այլ ոչ թե գայթակղվել եք գովազդով` ավելացնելով սեփական բյուջեի բեռը։
Երբեմն մարդիկ օգտվում են այսպես կոչված արագ վարկերից` ընթացիկ հարցերը լուծելու համար, սակայն չեն մտածում, թե որքան ծանր բեռ է այն։ Բարձր տոկոսադրույքները հանգեցնում են ծախսերի, որոնք դուրս են հնարավորության սահմաններից և կարճ ժամանակում դառնում են մի ծանր բեռ։
6. Քեշբեքի անտեսում
Աշխարհում ավելի շատ մարդ է սկսել օգտվել առցանց հարթակից` գնումներ կատարելու համար։ Սակայն մեր հայրենակիցներից շատերի համար քեշբեքը դեռ նման է մութ անտառի։ Շատերը նրա մասին լսել են, սակայն քչերն են դրանից օգտվում։ Իրականում, քեշբեքից օգտվելը շատ հեշտ է։ Դրա համար պետք է ունենալ բանկային դեբետային քարտ` քեշբեքով, որն այսօր առաջարկում են շատ բանկեր, կամ գրանցվել հատուկ հարթակներում։
Միջոցների որոշ մասի վերադարձից բացի, քեշբեքն ունի նաև այլ առավելություններ։ Մասնավորապես, քեշբեքով քարտեր ունեցողների համար զեղչված ապրանքների ցանկը կարող է լինել ավելի մեծ կամ ապրանքը կարող է ավելի շատ զեղչվել։ Մասնագիտացված քեշբեք ծառայություններն իրենց հերթին կարող են առաջարկել բացառիկ զեղչեր, ինչպես նաև քեշբեքի բարձր տոկոսադրույք որոշ խանութներում։
7. Խնայողությունների բացակայություն
Որոշ նպատակների համար գումար տնտեսելը լավ սովորություն է։ Սակայն չարժե մոռանալ, որ աշխարհը սրընթեց կերպով փոխվում է, և չափազանց կարևոր է արդեն այսօր մտածել վաղվա օրվա մասին։ Այդ պատճառով նպատակահարմար է խնայողություններ կատարել «սև օրվա» համար։ Յուրաքանչյուր աշխատավարձից խնայեք որոշակի գումար, և ավելի լավ է դա անել միանգամից, քանի որ հետո մեծ կլինի այդ գումարը ծախսելու գայթակղությունը։
Մասնագետները խորհուրդ են տալիս հետ դնել աշխատավարձի 10%–ը։ Սակայն դա գրված օրենք չէ, դուք ինքներդ կարող եք որոշել, թե աշխատավարձի որ մասն եք տնտեսելու։
Միաժամանակ հարկավոր է հիշել, որ խնայողությունները բարձի տակ կամ պահարանում պահելու ժամանակներն անցել են, և հիմա բազմաթիվ բանկեր առաջարկում են դեպոզիտային հաշիվներ բացելու շահավետ պայմաններ։
8. Հրաժարվել ապահովագրությունից
Հայաստանում և հետխորհրդային երկրներում կյանքի և առողջության ապահովագրությունը տարածված երևույթ չէ, չնայած որ կառավարությունը մտադիր է 2020թ.–ից ներդնել պարտադիր բժշկական ապահովագրության բաղադրիչներ։
Իհարկե ոչ ոք չի ուզում ավելորդ անգամ մտածել հիվանդությունների կամ դժբախտ պատահարների մասին, սակայն եթե դուք լրջորեն մտադիր եք զբաղվել ձեր ֆինանսական բարեկեցությամբ, ապա հարկավոր է մտածել ապահովագրության մասին։
Միաժամանակ պետք է հիշել, որ կարելի է ձեռք բերել նաև ունեցվածքի ապահովագրության պոլիս։ Չէ՞ որ ոչ ոք ապահովագրված չէ դժբախտ պատահարներից։
9. Վախ ներդրումներից
Շատերի համար ներդրումների շուկան վախենալու վայր է` անհասկանալի եզրույթներով, գրաֆիկներով և շրջանառությամբ։ Իրականում այսօր ներդրումների աշխարհ մուտք գործելու շեմը բավականին ցածր է, և բանկերից շատերը պատրաստ են տրամադրել բրոքերական ծառայություններ։
Գրագետ ներդրումների շնորհիվ կարելի է ապահովել ոչ մեծ, սակայն կայուն եկամուտ, հատկապես եթե ձեզ հետաքրքրում է արժեթղթերի շուկան, և դուք կարող եք զգալ հիմնական միտումները։
Բացի այդ, ներդրումների միջոցով կարելի է ոչ միայն լավ գումար աշխատել, այլև ճիշտ պահել խնայողությունները։ Դրա համար կարելի է միջոցները ներդնել` գնելով առավել խոշոր, լիկվիդային և հուսալի ընկերությունների բաժնետոմսեր` եկամտաբերության կայուն ցուցանիշներով։
10. Հոբբիների չգնահատված ներուժը
Սիրու՞մ եք լուսանկարել։ Իսկ միգուցե դուք վրձնի ու գույների վարպե՞տ եք կամ ազատ ժամանակ երգե՞ր եք գրում, այդ դեպքում կարող եք ձեր հոբբին գումարի վերածել։
Անխոս, հոբբի շնորհիվ դուք հանգստանում եք, հաճույք ստանում։ Այդուհանդերձ, եթե այն կարող է դառնալ գումար վաստակելու աղբյուր, ապա ինչու՞ չօգտվել այդ հնարավորությունից։ Ավելին, որ ժամանակի ընթացքում ձեր հոբբին կարող է բերել այնպիսի եկամուտ, որը կդառնա գումար վաստակելու հիմնական աղբյուրը։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-