ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի սոցիալ–տնտեսական հետևանքների չեզոքացման շրջանակում արդեն հաստատել է 21 միջոցառում։
Կառավարության կողմից հաստատված հակաճգնաժամային միջոցառումների մի մասն ունի տնտեսական ուղղվածություն, մյուս մասը` սոցիալական։ Միաժամանակ կառավարությունը շարունակում է հաստատել նոր միջոցառումներ և արդեն անցնում է երկարաժամկետ տնտեսական զարգացման ծրագրերին։
Ներկայացնում ենք աջակցության 19–րդ միջոցառումը
Ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանի քաղաքացիներին և առանձին տնտեսվարողներին հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով:
Միջոցառման շրջանակում նախատեսվում է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը, շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը:
Այս միջոցառման առանձնահատկությունն այն , որ եթե դուք դարձել եք սկսնակ գործարարների («զրոյից» բիզնես ստեղծողների) համար միջոցառումների հաջողակ մասնակից և կկարողանաք ապացուցել ձեր նախագծերի կենսունակությունը, ապա բիզնեսի զարգացման և նորարարական գաղափարների ներդրման հաջորդ փուլում կկարողանաք ստանալ պետության կողմից ավելի մեծ ֆինանսական աջակցություն:
Ինչպես և 3-րդ հակաճգնաժամային միջոցառման դեպքում, 19-րդ միջոցառման շահառուները ևս պետք է ունենան լավ վարկային և հարկային պատմություն: Միաժամանակ կան գործունեության որոշ տեսակների սահմանափակումներ, և նշված գործունեությամբ զբաղվողները չեն կարող օգտվել այս ծրագրից:
«Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը սահմանում է գործունեության այն ոլորտները, որոնցում ներգրավված մարդիկ կարող են ներառվել շահառուների ցուցակում: Բացառություն է արվում ֆինանսական ոլորտի համար, քանի որ այսպես թե այնպես նրանք չէին կարող սկսնակ համարվել, ինչպես նաև խաղային ոլորտի, մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտի ընկերությունների համար:
Փաստորեն, շեշտադրում է արվում ծառայությունների և վերամշակող արդյունաբերության ոլորտի ընկերությունների վրա, ընդ որում մեծամասամբ Երևանից դուրս, որտեղ, որպես կանոն, ֆինանսական միջոցները դժվար հասանելի են հենց «զրոյից» բիզնես ստեղծողների համար:
Եթե 2 տարվա ընթացքում ձեռնարկատիրոջ նախագիծը հաջողվի կառավարության աջակցության այլ ծրագրերի շրջանակում, ապա գործարարն իրավունք կստանա հավակնել նորարար գաղափարների համար նախատեսված աջակցությանը։ Նախատեսված ֆինանսական աջակցությունը տրամադրվում է դրամով՝ առավելագույնը 60 ամիս ժամկետով։ Սկսնակ գործարարների համար նախատեսվում է վեցամսյա արտոնյալ ժամկետ վարկի մայր գումարի մարման համար։ Ընդ որում, սկսնակ գործարարներին տրամադրվող առավելագույն գումարը կկազմի 10 մլն դրամ, իսկ նորարարական գաղափարներ ներդնել ցանկացող գործարարներինը՝ 20 մլն դրամ։ Կախված որոշման կայացման ժամկետներից՝ տրամադրված վարկերի տոկոսադրույքը կկազմի 7-10%։
Փաստորեն, եթե կա բիզնես գաղափար, ապա արժե ուսումնական դասընթաց անցնել, և այն հաջող ավարտելու դեպքում՝ պետությունը կտրամադրի աջակցություն 10 մլն դրամի չափով։ Տարեկան ծրագրի շահառու կարող է դառնալ մինչև 250 ձեռներեց։ Ծրագիրը նախատեսված է 4 տարով։ 2020 թ.-ի ընթացքում այս ծագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել 750 մլն դրամ, իսկ հաջորդ տարիների ընթացքում՝ տարեկան 1,5 մլրդ դրամ։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–