7 ամենատարածված միֆերը վարկային պատմության մասին

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Բազմաթիվ չկայացած վարկառուների մի հարց է տանջում՝ ինչու՞ բանկերը նրանց վարկ չեն տալիս: Պատճառներից մեկը վատ վարկային պատմությունն է: Ցավոք, ոչ բոլոր պոտենցիալ վարկառուներն են հստակ պատկերացնում, թե ինչ է վարկային պատմությունը, և ինչ դեր ունի այն վարկի տրամադրման հարցում բանկի որոշման համար: Վարկային պատմության մասին կան բազմաթիվ միֆեր, և «Նովոստի-Արմենիա»-ն ներկայացնում է ամենատարածված յոթ միֆերը:
Միֆ 1. վարկային պատմության բացակայության դեպքում բանկերն այլևս վարկ չեն տա: Որոշ բանկեր վարկային պատմության բացակայությունն իսկապես գնահատում են որպես բարձր ռիսկ, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ առանց դրա նրանք ձեզ վարկ չեն տա: Բանկերը վարկառուին գնահատում են բազմաթիվ չափորոշիչներով, որոնցից ոմանք կարող են գերակշռել վարկային պատմությանը: Գրավադրմամբ վարկերը, օրինակ, հիփոթեքը կամ ավտովարկը պակաս ռիսկային են, և վարկային պատմության բացակայությունը չի խանգարի վարկի հաստատմանը: Ի դեպ, վարկային պատմության ձևավորման համար կարող եք փոքր վարկ վերցնել, օրինակ, կենցաղային տեխնիկայի գնման նպատակով, որը հեշտությամբ կկարողանաք մարել առանց ուշացումների: Դա ապագայում չի խանգարի, երբ ավելի լուրջ վարկի անհրաժեշտություն լինի:
Միֆ 2. վարկային պատմությունը կարևոր է միայն բանկերի համար: Պետք չէ մտածել, որ վարկային պատմությունն անհրաժեշտ է միայն բանկերին, քանի որ դրա օգնությամբ նրանք գնահատում են վարկառուի հուսալիությունը, և դրա հիման վրա որոշում են՝ հավանություն տալ վարկին, թե ոչ:
Իրականում, ձեր համաձայնութամբ վարկային պատմության մասին կարող են հարցում անել.
- ապահովագրական ընկերությունները (եթե ապահովագրողը բարեխիղճ ձևով չի մարում վարկերը, ապա հնարավոր է ապահովագրական դեպքերի իմիտացիա՝ փոխհատուցում ստանալու համար)
- գործատուները՝ ֆինանսապես պատասխանատու պաշտոնի նշանակելիս կամ վարկային կազմակերպությունները (եթե մարդը չի կարողանում տնօրինել իր փողերը, վտանգավոր կլինի վստահել նրան ուրիշի փողերը)
- «քարշեյրինգի» ծառայությունները (եթե մարդը հաճախ չի վճարում վարկերը, հնարավոր է, որ նա անպատասխանատու վերաբերվի նաև վարձակալած ավտոմեքենային):
Միֆ 3. վաղաժամ մարման հետևանքով վարկային պատմությունը վատանում է
Որոշ վարկառուներ մտավախություն ունեն վարկի վաղաժամ մարման դեպքում, եթե նույնիսկ կա նման հնարավորություն՝ ենթադրելով, որ բանկը մինչև վերջ չի ստանա իր տոկոսները և հաջորդ անգամ, չցանկանալով շահույթ կորցնել, կմերժի ու չի տրամադրի վարկ: Իրականում ցանկացած վարկային կազմակերպության համար ամենագլխավորը վարկի ամբողջական մարումն է, այդ թվում՝ տոկոսները:
Միֆ 4. որևէ սարսափելի բան չի լինի, եթե վճարումը մի փոքր ուշ կատարվի: Դա այդպես չէ: Վարկին հավանություն տալիս բանկերը միշտ ուշադրություն են դարձնում նախորդ վարկերի ժամանակ վճարումների ճիշտ կատարմանը: Եվ եթե մեկ օր ուշացումը դեռ կարող են ներել, ապա մեկ շաբաթն արդեն մեծ ժամկետ է: Ավելի լավ է սեփական փորձով չստուգել այս կետն ու միշտ գումարը փոխանցել վարկի մարման օրից երկու-երեք օր շուտ (և հետևել, որպեսզի գումարը նստի ճիշտ հաշվին): Դա դժվար չէ, իսկ վարկային պատմությունը դրանից միայն կլավանա:
Միֆ 5. Հին ժամկետանց վարկը կարելի է չմարել, բավարար է միայն վերցնել նորը, ժամանակին այն մարել, և վարկային պատմությունը կլավանա: Դա այդպես չէ: Վարկային պատմության մեջ հայտնվում է ամբողջ տեղեկատվությունը ձեր փոխառությունների մասին: Օրինակ, եթե դուք մի քանի տարի առաջ բանկից վարկ եք վերցրել ու չեք մարել այն մինչև վերջ, ապա այդ մասին տեղեկատվությունն արդեն կա ձեր վարկային պատմության մեջ: Այդ պատճառով, եթե նույնիսկ ինչ-որ բանկ համաձայնվի ձեզ վարկ տրամադրել, ինչն, իհարկե, քիչ հավանական է, ուշացման փաստն ամեն դեպքում կֆիքսվի վարկային պատմության մեջ, և դրանից այն չի լավանա, եթե նույնիսկ պարտքի չափը չնչին էր:
Միֆ 6. Երաշխավորը ռիսկի տակ չի դնում սեփական վարկային պատմությունը: Երաշխավորը վարկային գործարքի այնպիսի մասնակից է, ինչպես փոխառուն կամ համափոխառուն: Տարբերությունը միայն այն է, որ երաշխավորը պարտավորվում է վարկը վճարել միայն այն ժամանակ, երբ հիմնական փոխառուն չի կարողացել մարել վարկը, և վարկատուն պարտավորություններ է ներկայացնում արդեն երաշխավորին: Եթե, ստանալով նման պահանջներ, երաշխավորը չմարի վարկը, ապա նրա վարկային պատմության մեջ ևս կարտացոլվի վճարն ուշացնելու մասին տեղեկատվությունը:

Հիշեցում
Վարկային պատմությունը ներկայացնում է տեղեկատվություն ձեր բոլոր վարկերի մասին՝ որտեղ, երբ և որքան գումա եք դուք վերցրել բանկերից, հանդես եք եկել որպես համափոխառու կամ երաշխավոր, ժամանակին եք կատարել վճարումները, թե ոչ:
Երբ վարկ կամ փոխառություն ստանալու հայտ եք ներկայացնում, տվյալներն ուղարկվում են Վարկային պատմությունների բյուրո: Դուք ինքներդ եք ձևավորում վարկային պատմությունը, բանկերը միայն փոխանցում են տեղեկատվությունը վարկային բյուրո:
Հայաստանում «ACRA Credit Reporting» հաստատությունն է հավաքում փոխառուների մասին վարկային տեղեկատվությունը: Եթե վարկ ստանալու դիմում ներկայացնելուց առաջ ուզում եք ծանոթանալ ձեր վարկային պատմությանը, ապա դա կարելի է անել վարկային բյուրոյի կայքի, էլեկտրոնային փոստի միջոցով կամ այցելելով ACRA-ի գրասենյակ:
Սովորաբար այս ծառայությունը վճարովի է, բայց տարին մեկ անգամ վարկային հաշվետվությունը տրամադրվում է անվճար: Բանկերը կամ այլ կազմակերպությունները կարող են ստանալ ձեր վարկային պատմությունը միայն ձեր համաձայնության դեպքում: