Վարչապետն ասաց, վարչապետը կատարեց. ՀՀ–ում երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքի տոկոսադրույքները կնվազեն
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 14–ին կայացած նիստի ժամանակ փոփոխություններ է կատարել «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրով հիփոթեքային վարկերի սուբսիդավորման կարգում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ խոստացել էր որոշ շտկումներ կատարել հիփոթեքի սուբսիդավորման մեջ։ Ինչպես նշել են կառավարությունից, «այսօր բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ սեփական բնակարանի կարիք ունեն, որոնցից շատերը կարող են լուծել այդ խնդիրը «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի շնորհիվ»։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը պարզաբանում է, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են իրականացվելու երիտասարդ ընտանիքների հիփոթեքային վարկավորման դեպքում։
Վարչապետը խոստացավ, վարչապետը կատարեց

Սեպտեմբերի 2–ին Facebook–յան էջում կազմակերպված ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետը խոստացավ աննախադեպ հիփոթեքային տոկոսադրույքներ երիտասարդ ընտանիքների համար սոցիալական բնակարանների ծրագրով։ Նա նշեց, որ բանկերն արդեն 1–2%–ով նվազեցրել են հիփոթեքի տոկոսադրույքները, իսկ կառավարությունն աշխատում է սոցիալական հիփոթեքային ծրագրի վրա։ Գործընթացն արդեն ավարտական փուլում է։
«Առաջիկայում մենք կներկայացնենք աննախադեպ հիփոթեքային պայմաններ երիտասարդ ընտանիքների համար նախատեսված սոցիալական բնակարանաշինության ծրագրով։ Մասնավորապես, երկրորդային շուկայի համար նախատեսվում է Երևանում տրամադրել հիփոթեք 7,5%–ով և մինչև 5,5%–ով` մարզերում։ Նման հիփոթեքային տոկոսադրույքներ Հայաստանում երբեք չեն եղել։ Բացի այդ, կբարձրացվի ամուսինների հանրագումարային տարիքը` 65–ից դառնալով 70», – նշել է ՀՀ վարչապետը։
Նա նաև նշել է, որ կլինեն նաև այլ հիփոթեքային ծրագրեր, որոնք կտարածվեն անշարժ գույքի առաջնային շուկայի վրա, որտեղ տոկոսադրույքը ևս կկազմի մոտ 7,5%։
«Այստեղ կլինի մեկ այլ առավելություն. այս դեպքում շահառուները կստանան եկամտահարկի փոխհատուցում։ Ծրագրի շրջանակում նորակառույցում 20–25 մլն դրամ արժողությամբ (մոտ 41,2–51,5 հազար դոլար) բնակարան գնելու դեպքում նրանք հնարավորություն կունենան վերադարձնել իրենց եկամտահարկը։ Կարող է ստացվել այնպես, որ նրանց հիփոթեքը դառնա անտոկոս։ Դա կարող է դառնալ շատ շահավետ ու աննախադեպ առաջարկ Հայաստանի պատմության մեջ», – ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տոկոսադրույքները` ցածր, տարիքը` բարձր

Ավելի վաղ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում հայկական շուկայում գործել են տարեկան 10.5–11% տոկոսադրույքներ, դրանցից կառավարությունը սուբսիդավորել է 2% և 4%` կախված ձեռք բերվող անշարժ գույքի վայրից` Երևան, թե մարզեր։
Փոփոխություններից հետո ծրագրի հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները կիջնեն մինչև 9.5%, իսկ դա նշանակում է, որ ծրագրի շահառուները կկարողանան տարեկան 7.5% վարկեր ստանալ Երևանում և 5.5 տոկոսով` մարզերում։
Բացի այդ, բարձրանում է վարկառու ամուսինների տարիքի հանրագումարը։ Եթե նախկինում ծրագրով հիփոթեք կարող էին ստանալ այն զույգերը, որոնց տարիքի հանրագումարը հասնում էր 65 տարեկանի, ապա այժմ այս թիվը կազմում է 70 տարեկան։
Միաժամանակ նախատեսված է, որ նորակառույցում բնակարանի գնման վարկերի առավելագույն գումարը կհասնի 30 մլն դրամ (մոտ $61,8 հազ.), իսկ երկրորդային բնակարանի գնման դեպքում` 25 մլն դրամ (շուրջ $51.5 հազ.)։
Ապահովագրության ինստիտուտը կանխավճարի համար

Նոր փոփոխություններով առաջարկվում է նաև ներդնել կանխավճարի ապահովագրության ինստիտուտ։ Մասնավորապես, եթե այժմ կանխավճարը պետք է կազմի բնակարանի արժեքի 30 տոկոսը, ապա փոփոխությունների համաձայն, շահառուները կարող են վճարել 10 տոկոս կանխիկ` կանխավճարի մնացած մասի համար երաշխիք ստանալով։ Երաշխիքը տրամադրվում է 20 տոկոսի չափով նվազագույն և 10 տոկոսանոց կատարած կանխավճարի միջև տարբերության հաշվարկից։
Այսպիսի պայմանները կթեթևացնեն այն ընտանիքների վճարումը, որոնք ի վիճակի չեն նախնական վճարել անհրաժեշտ ամբողջ գումարը, բայց կարող են նախնական վճարում կատարել որոշակի ժամանակահատվածում։ Մասնավորապես, հնարավոր կլինի նորակառույցում 30 մլն դրամի բնակարան (մոտ $61,8 հազ.) ձեռք բերել նվազագույն կանխավճարով և 7.5 տոկոս տարեկան տոկոսադրույքով, 10 տարի մարման ժամկետով։
Ընթացիկ վիճակը և սպասելիքները

Ծրագրի շրջանակում վարկերի ֆինանսավորմամբ զբաղվում են 19 կազմակերպություններ` 14 բանկեր և 5 վարկային կազմակերպություններ։ 2018 թվականի օգոստոսի 30–ի տվյալներով, արդեն տրվել է 3466 վարկ (1814 վարկ Երևանում, 1652 –ը` մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային գումարը կազմում է շուրջ 28.5 մլրդ դրամ ($58,7 մլն), որոնցից 18,4 մլրդ դրամը ($37,9 մլն) Երևանում և 10,1 մլրդ դրամը ($20,8 մլն) մարզերում։
Կառավարությունը հաշվարկում է, որ կատարված փոփոխությունները թույլ կտան բարձրացնել ծրագրի մատչելիությունը և ակտիվացնել անշարժ գույքի շուկան մինչև 10 տոկոս կանխավճարն իջեցնելու և ապահովագրության գործիքի ներդրման շնորհիվ ($51,5 հազ- 61,8 հազ)։ Սպասվում է, որ առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն ֆինանսավորման 20–տոկոսանոց աճի։
Միաժամանակ, 2019 թվականի բյուջեով նախատեսված 785 մլն դրամի ($1,6 մլն) սուբսիդավորումն առաջարկվում է նախնական ավելացնել ևս 75 մլն դրամով ($154, 6 հազ)։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-

