Ինչպես մարել վարկը, եթե փող չկա. դիտարկում ենք տարբերակներ
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մեր օրերում բավականին տարածված երևույթ է, որ վարկով գումար վերցրած մարդն ինչ–ինչ պատճառներով չի կարողանում կատարել վճարումները։ Եվ դրա պատճառները բազմաթիվ են` աշխատանքի կորուստ, աշխատավարձի կրճատում, հիվանդություն, ընտանեկան հանգամանքներ։ Այս ամենի հետևանքով վարկառուն հայտնվում է բավականին բարդ իրավիճակում։ Եվ խնդրին ճիշտ լուծում չտալու դեպքում տեղի կունենա կոնֆլիկտ վարկատուի հետ, ինչն էլ կհանգենցի բավականին լուրջ հետևանքների։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնոմ է ֆինանսական բարդ իրավիճակից դուրս գալու մի քանի տարբերակ, որոնք թույլ կտան պահպանել արժանապատվությունն ու գումարը։
Գործողությունների հաջորդականություն
1. Առաջինը պետք է հասկանալ, որ ամեն ինչ անհույս չէ, և իրավիճակից միշտ ելք կիա։ Խուճապի մի մատնվեք, սթափ գնահատեք իրավիճակն ու ճիշտ որոշումներ կայացրեք։ Միաժամանակ հիշեք, որ ձեր վարկը բացի ձեզնից և երաշխավորից ոչ ոք պարտավոր չէ վճարել։

2. Վարկատուի հետ հարաբերություններում հետևեք երկու պարզ կանոնի, որոնք խախտելու դեպքում դուք միայն կբարդացնեք իրավիճակն ու բանկին կտաք առավելություններ հետագա գործողությունների ժամանակ»։
- վերահսկեք իրավիճակը ու մի մոռացեք վճարումներ կատարել։ Որքան շուտ սկսեք զբաղվել խնդրով, այնքան ավելի հեշտ կլինի այն լուծել։ Հակառակ դեպքում վճարների ուշացման համար նախատեսված տույժերն ու տուգանքները կավելացնեն ձեր պարտքը
- մի խուսափեք բանկի հետ բանակցելուց, եղեք կապի մեջ։ Չէ՞ որ դուք եք առաջին հերթին հետաքրքրված համաձայնության գալու հարցում։
3. Վերընթերցեք պայմանագիրը, և, եթե փոխառությունը ապահովագրված է, ուսումնասիրեք պայմանները: Հնարավոր է, ձեր դեպքն ապահովագրական է, այդ դեպքում ապահովագրական ընկերությունը կվճարի ձեր վարկը:
4. Բանկին և/կամ ապահովագրական ընկերությանն ուղարկեք պաշտոնական նամակ՝ բացատրելով, թե ինչ իրավիճակում եք հայտնվել, նամակին կցեք ձեր իրավիճակը պարզաբանող փաստաթղթեր (աշխատանքից հեռացման հրաման, բժշկական տեղեկանք): Ձեր հիմնական խնդիրն է ցույց տալ, որ դուք որպես բարեխիղճ վարկառու եք: Եթե անգամ բանկը չարձագանքի ձեր նամակին, դուք կունենաք ապացույց, որ դուք անբարեխիղճ վճարող չեք, այլ մեկը, ով ընկել է բարդ դրության մեջ և դրսևորել է երկխոսության նախաձեռնություն:

Անպայման պահպանեք բանկի կողմից նամակի ստացման մասին ծանուցումը: Նամակի մեջ ներկայացրեք առաջացած խնդրի լուծման և վարկատուի հետ բանակցությունների շուրջ ձեր առաջարկները:
- Պարտքի վերակազմավորում` ամսավճարի նվազեցման և վարկի ընդհանուր ժամկետի երկարացման միջոցով
- Վարկային արձակուրդներ. դա կա՛մ մի քանի ամսով հետաձգումն է, կա՛մ սկզբից հիմնական վարկի վճարումը, իսկ հետո նոր՝ տոկոսների:
- Վարկի վերազիջում երրորդ անձին: Այս տարբերակը հարմար է, եթե դուք ունեք բարեկամ կամ ծանոթ, ով պատրաստ է գնել ձեր վարկը բանկից:
5. Մի դադարեք ժամանակացույցով վճարումներ կատարել, անգամ եթե դա լինի շատ չնչին գումար: Ձեր խնդիրը սեփական բարեխղճությունը և վճարելու ցանկությունը ցույց տալն է: Ժամանակացույցով վճարումների կատարման փաստը կարևոր հաղթաթուղթ է ձեզ համար:
6. Փորձեք գտնել երկրորդ աշխատանք կամ կողմնակի աշխատանք: Որպես տարբերակ` կարելի է վարձակալության տալ երկրորդ անշարժ գույքը: Մի մտեք արկածների մեջ, ինչպիսիք են բորսայի խաղերը կամ ցանցային մարքեթինգը, քանի որ դրանով դուք կարող եք միայն բարդացնել ձեր` առանց այդ էլ աննախանձելի վիճակը: Ձեր հիմնական խնդիրն է գտնել մշտական և օրինական եկամուտի աղբյուր:
Եվ վերջում…
Պարտքի վերակազմավորումը և վարկային արձակուրդը ձեզ հարմար կլինեն, եթե դուք մասամբ վճարունակ եք:

Բարեկամին կամ ծանոթին վարկի վերազիջումը հնարավոր է այն դեպքում, եթե ձեզ վստահում են, և դուք պատրաստ եք ստանձնել վերցրած պարտքի մարման պատասխանատվությունը: Դա կլինի պարտքի մարման և ժամանակի ընթացքում ձեր նոր վարկի վճարման լավագույն տարբերակը:
Կա նաև վերաֆինանսավորման այլ տարբերակ, երբ վերցնում են երկրորդ վարկն` առաջինը մարելու համար: Սակայն այստեղ կա ֆինանսական խորը փոսում հայտնվելու վտանգ, հատկապես, երբ մի քանի վճարում բաց են թողել և պարտքը սկսել է աճել: Այդպիսի քայլը նպատակահարմար է միայն եթե դուք դեռ չեք ուշացրել վճարումը, իսկ երկրորդ վարկը վերցնում եք ավելի ցածր տոկոսադրույքով:
Ինչպիսին էլ լինի ձեր որոշումը, հիշեք`որպեսզի ձեռ վարկային պատմությունը չտուժի, պայմանավորվեք բանկի հետ:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

