Ինչպե՞ս երեխաներին սովորեցնել «դրամային» այբուբենը

15.06.2017, 12:28
Հոգեբանները վստահ են, որ դրամային այբուբենը պետք է  ուսումնասիրել վաղ տարիքից, քանի որ 5-6 տարեկանում երեխան արդեն ընդունակ է սկսել հասկանալ, թե ինչ է փողը և ինչպես վարվել դրա հետ:  
Ինչպե՞ս երեխաներին սովորեցնել «դրամային» այբուբենը

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Բոլորը կհամաձայնեն այն պնդման հետ, որ ֆինանսական գրագիտության դասերը, նախ և առաջ, մարդկանց սովորեցնում են գրագետ տնօրինել սեփական ֆինանսները, ճիշտ պլանավորել ծախսերը, իրականացնել դրամական գործառնություններ, նվազագույնի հասցնել կորուստները և այլն: Հոգեբանները վստահ են, որ դրամային այբուբենը պետք է  ուսումնասիրել վաղ տարիքից, քանի որ 5-6 տարեկանում երեխան արդեն ընդունակ է սկսել հասկանալ, թե ինչ է փողը և ինչպես վարվել դրա հետ:  

Երեխաներն, իհարկե, դեռ մինչև վերջ չեն ընկալում փողի բնույթը, բայց շատ արագ են հասկանում, որ այդ թղթիկներում զարմանալի ուժ է ամփոփված: Մայրիկը կամ հայրիկը այդպիսի թղթիկ կտա խանութի վաճառողին և փոխարենը կստանա շատ հրաշալի իրեր` խաղալիքներ կամ քաղցրավենիք:  

Սակայն ծնողները ոչ միշտ կարող են երեխաների համար գնել թանկարժեք խաղալիք, այդ պատճառով փոքրիկին պետք է բացատրել, որ որոշ գնումներ իրենց գրպանին հարմար չեն, որ գումարը միշտ չէ, որ բավարար է և, որ ընտրված իրերը կարելի է գնել, բայց ոչ հենց հիմա, այլ ժամանակի ընթացքում, գումար խնայելու դեպքում։

Այսինքն, ֆինանսական գրագիտության այբուբենը ծնողները կարող են սովորեցնել իրենց փոքրիկներին արդեն վաղ տարիքում: Ճիշտ է` ֆինանսական այբուբենը երեխաները պետք է սովորեն աստիճանաբար` տարիների ընթացքում։       

Загружается новость ... "Лево"

Մի շարք երկրներում երեխաներն արդեն վեց տարեկանում օրենքով իրավունք ունեն, ծնողների համաձայնությամբ և նրանցից գումար ստանալով, գնել ինչ-որ բան և, առհասարակ, տնօրինել այդ գումարը: Պարզ է, որ այդ ամենի համար երեխաները պարզապես պետք է յուրացնեն գոնե դրամային «այբուբենը»։

Ի՞նչ է մեր կյանքը, խաղ…

5-6 տարեկան փոքրիկներին փողի հետ վարվել սովորեցնելու ամենալավ տարբերակը խաղն է: Օրինակ, դուստրն ուզում է ուսուցչուհի դառնալ և սիրում է իր տիկինիկների հետ դպրոց խաղալ: Հրաշալի է: Առաջարկեք նրան դպրոցական պարագաներ գնել իր «աշակերտների» համար: Նրան աշխատավարձ տվեք և ուղարկեք գրենական պիտույքների երևակայական խանութ: Նախապես պատրաստվեք. տաղավարի վրա շարեք տետրեր, մատիտներ, գրիչներ` փակցնելով գնապիտակներ: Հրավիրեք փոքրիկին գնումների: Նման խաղեր կարելի է հորինել տարբեր դեպքերի համար` կախված երեխայի հետաքրքրությունից և սեռից: Գլխավորը, որ նա ընդունի խաղի կանոնները և նրան հետաքրքիր լինի:      

7 տարեկանում երեխաներին արդեն կարելի է ավելի մանրամասն պատմել փողի մասին և ինչպես են այն վաստակում ու ծախսում։ Լավագույն օրինակը հենց երեխաների ընտանիքներն են։ Երեխային կարելի է ծնողների օրինակով բացատրել, որ նրանք աշխատում են և իրենց աշխատանքի դիմաց գումար ստանում, որով կարելի է գնել տարբեր իրեր` ապրանքներ կամ ծառայություններ։ 7 տարեկանում երեխաներին արդեն կարելի է պատմել, որ հնարավոր չէ ամեն ինչ միանգամից գնել, թանկարժեք իրերի կամ ճամփորդության համար հարկավոր է գումար խնայել։ Ի դեպ, այդ տարիքում երեխային արդեն կարելի է խնայատուփ նվիրել, որտեղ նա ոգևորությամբ կպահի այն գումարը, որը տալիս են  ծնողները նրա կարիքների համար։ Փողերի աշխարհի հետ երեխային ծանոթացնելու միջոցներից է նաև խաղը։ Երեխայի հետ, օրինակ, կարելի է խաղալ «Մոնոպոլիա», «Միլիարդատեր», «Սուպեր ֆերմեր» խաղերը։

«Գրպանի» ծախսերի գումար

Հոգեբանները նշում են, որ եթե մինչև 6 տարեկան երեխաները նախընտրում են բնական փոխանակում, օրինակ, մի խաղալիքը` մյուսով, ապա հետո իրավիճակն արմատականորեն փոխվում է։

Загружается новость ... "Право"

6–7 տարեկանում երեխան դառնում է դպրոցական, և ծնողները նրան սովորաբար տալիս են մանրադրամ «գրպանի» ծախսերի համար։ Շատ կարևոր է երեխայի հետ քննարկել տրամադրվող գումարի չափը, ինչպես նաև պայմանավորվել գումար տրամադրելու կոնկրետ ժամկետների շուրջ։ Սկզբում երեխային կարելի է օրական տալ փոքր գումար, իսկ հետո` 2–3 օրը մեկ։ Կարևոր է հետևել, թե ինչպես և ինչի վրա է նա այդ գումարը ծախսելու։ Միգուցե նա անգամ սկսի որոշ գումար խնայել։ Այդ դեպքում հարկավոր է երեխային գովել փողի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար և բացատրել նման գործողությունների իրական օգուտը։

Ֆինանսական կարգապահության հմտությունները

8–9 տարեկանում ձեր որդին կամ դուստրը պետք է արդեն կարողանան փոքր գնումներ կատարել ձեր տված գումարով։ Բացառված չէ, որ նրանք միանգամից կծախսեն ողջ գումարը և կպահանջեն կրկին գումար տալ։ Այստեղ հարկավոր է տեղի չտալ, չտրվել ժամանակից շուտ ֆինանսավորելու գայթակղությանը։ Չէ՞ որ դուք պայմանավորվել եք, որ տրված գումարը նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար։ Թող երեխաները սովորեն պահել խոստումը, հետևել պայմանավորվածությանը։ Այդպես նրանք կսովորեն ֆինանսական կարգապահության։

Վաստակիր ինքդ

Դեռահասության վաղ շրջանում` 10-12 տարեկանում, երեխաներն արդեն կարող են մասնակցել ընտանեկան բյուջեի պլանավորմանը: Նրանց պետք է ցույց տալ, թե ինչպես են ձևավորվում ընտանեկան եկամուտներն ու ծախսերը` որքան գումար է գնում բնակարանի վարձին, սննդամթերքին, հագուստի-կոշկեղենի, և որքան` ժամանցի ու խաղալիքների:

10-12 տարեկանում երեխաների համար օգտակար է ինչ-որ բան, թեկուզ չնչին գումար, ինքնուրույն վաստակել: Կտրականապես չի կարելի վճարել երեխաներին դպրոցում ստացած լավ գնահատականների կամ ծնողներին տանն օգնելու համար: Իսկ ահա եթե դեռահասը հարևանների խնդրանքով մնա իրենց փոքրիկի հետ, օգնի տարեց մարդուն տան հարցերում, և նրանք իրեն ոչ մեծ գումար առաջարկեն, ինչու՞ ոչ:

Պլանավորման հիմքերը

Երեխան մեծանում է և սկսում մտածել իր ապագա մասնագիտության մասին: Նրա հետ արդեն կարելի է լրջորեն խոսել իր պլանների մասին, միասին համացանցում գտնել և քննարկել տեղեկությունն այն մասին, թե որքան է միջինը վաստակում իր ընտրած մասնագիտության ներկայացուցիչը:

Ավելորդ չի նրա ուշադրությունը դարձնել այն փաստին, որ նորեկ և փորձառու մասնագետի աշխատավարձն էապես տարբերվում է: Այժմ դեռահասը լիովին պատրաստ է հաշվարկելու, թե որքան ժամանակ է իրեն պետք լավ ավտոմեքենայի համար կուտակելու, վարկավորման առանձնահատկությունների մասին իմանալու, ապահովագրության կարևորությունը հասկանալու համար:

Загружается новость ... "Лево"

Դեռահասի հետ արդեն կարելի է խոսել նաև չնախատեսված ծախսերի մասին, որոնք սպասում են նրան ապագայում` բուժում հիվանդության դեպքում, ավտոմեքենայի անսպասելի նորոգում, մտերիմի օգնություն և այլն: Այս իմաստով շատ կարևոր է նրան բացատրել, այսպես կոչված, ֆինանսական «անվտանգության բարձիկի» մասին, այսինքն, նրա կուտակած տնտեսումների մասին, որոնց հաշվին նա կկարողանա համեմատաբար անցավ դուրս գալ ֆորսմաժորային իրավիճակներից:

Պոստֆակտում

Անկասկած, ֆինանսական դաստիարակության ընթացքն այդքան էլ դյուրին չէ, ինչպես կարող է թվալ: Բացի այդ, բազմաթիվ ծնողներ իրենք էլ այդքան գիտելիքներ չունեն այդ ոլորտում և կարող են սխալվել: Սխալներից ոչ ոք ապահովագրված չէ, բայց, այնուամենայնիվ, փորձեք դրանցից խուսափել: Ավելի շատ վստահեք ձեր երեխաներին և մի կասկածեք նրանց ունակություններին: Սկզբունքորեն, ձեր երեխաները ձեր «անվտանգության բարձիկն են»` բոլոր հետևանքներով:–0–