Ինչպե՞ս ազատվել պարտքերից. 8 խորհուրդ
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պարտք չունենալու լավագույն միջոցը պարտքով գումար չվերցնելն է։ Ինչպես ասում են` ժամանակավոր վերցնում ես ուրիշի փողերը, իսկ տալիս ես քոնը և ընդմիշտ։ Սակայն տարբեր հանգամանքների բերումով մարդիկ հաճախ ստիպված են վերցնել վարկեր կամ պարտքեր։ Ցավոք, ոչ բոլորին է հաջողվում ժամանակին և առանց խնդրի հետ վերադարձնել բոլոր պարտքերը, ինչն ունի բազմաթիվ պատճառներ` եկամտի ոչ բավարար մակարդակ, ֆինանսական գրագիտության ցածր մակարդակ, անկանխատեսելի իրավիճակներ և այլն։ Այդ ամենի կապակցությամբ կարևոր է իմանալ, թե ինչպես կարելի է ազատվել պարտքերից և ձեռք բերել ֆինանսական ազատություն։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է փուլային հրահանգներ, որոնք կօգնեն հասնել նպատակին։
1. Հաշվում ենք պարտքերի ընդհանուր գումարը

Առաջին հերթին կողմնորոշվեք պարտքերի քանակի հարցում, կազմակերպենք սեփական պարտքերի այսպես կոչված ինվենտարիզացիա` նշելով գումարը, պարտատիրոջ անունն ու առկայության դեպքում տոկոսները, ինչպես նաև մարման և ամսական վճարումների ժամկետները։ Ստանալով վերջնական արդյունք` հաշվեք ստացված ամսական եկամուտը։ Ֆինանսական բարդ իրավիճակից դուրս գալու համար դուք պետք է սովորեք վերահսկել սեփական բյուջեն։
2. Բյուջեի ճիշտ կազմում

Այն բանից հետո, երբ դուք կողմնորոշվեցիք պարտքի ընդհանուր գումարի և ամսական եկամտի չափի հարցում, պետք է սկսել տնտեսել միջոցներ։ Բյուջեն պետք է ներառի ձեր բոլոր ծախսերը, սակայն չպետք է ներառի ձեր պարտքերը (պարտքերի համար կազմվում է առանձին բյուջե)։ Բյուջեում նշվում է ընդհանուր եկամուտը, ընդհանուր ծախսը և ընդհանուր ավելցուկը։ Շատ կարևոր է անշեղորեն հետևել բյուջեին։ Եթե մարդը սեփական ֆինանսական պլանը կազմելիս ինչ–որ բան հաշվի չի առել, երկու–երեք վճարային ցիկլից հետո բյուջեն կփլուզվի։ Այդ իսկ պատճառով պետք է բյուջեում պարտադիր ներառել հնարավոր բոլոր ծախսերը։
Առաջին հերթին պարզեք, թե ինչ է հարկավոր գնել և առանց որ իրերի հնարավոր է ապրել։ Դա կարելի է անել` վերլուծելով սեփական ծախսերը։ Օրինակ, կոմունալ ծառայությունները, բջջային կապը, ինտերնետը, սննդամթերքը և ծախսերի որոշ այլ կատեգորիաներ պարտադիր են։ Իսկ մնացած հարցերում հարկավոր է սահմանափակվել։ Պարտքերից ազատվելու որոշում կայացրած մարդն առաջիկա ամիսներին չի կարող գումար ծախսել ինչ–որ դատարկությունների և հաճույքների վրա։ Պետք չէ գայթակղվել որևէ իր առնելու հարցում, որը ձեզ դուր է եկել և դուք երկար ժամանակ երազել եք։ Բացառություններն այստեղ անթույլատրելի են։ Եթե դուք շեղվեք, ապա երբեք չեք կարողանա կատարել պլանի բոլոր կետերը և միշտ պարտքեր կունենաք։ Դա կարող է հանգեցնել պարտքի ավելացման և ֆինանսական վիճակի վատացման։
3. Ավելացնում ենք եկամուտը

Իհարկե տնտեսումն ու բյուջեի վերահսկողությունն արդյունավետ մեթոդներ են, որոնք թույլ կտան ազատվել պարտքերից, սակայն ավելի արդյունավետ է եկամտի ավելացումը։ Ընդ որում, այստեղ արդյունավետ է ցանկացած տեսակի օրինական աշխատանք։ Դա կարող է լինել ճկուն ժամանակացույցով կամ հեռահար աշխատանք, որը թույլ կտա միջոցներ ստանալ առանց տնից դուրս գալու, օրինակ` ֆրիլանս։ Որքան շատ գումար դուք ամսական կկարողանաք նախատեսել պարտքերի վճարման համար, այնքան ավելի շուտ կազատվեք դրանցից։
4. Ժամանավոր դադարեցնում ենք գումար խնայելը

Դուք ստիպված կլինեք մոռանալ «սև օրվա համար» գումար կուտակելու մասին մինչև պարտքերից ազատվելը։ Ավելին, եթե ավելի վաղ հետ դրած գումար ունեիք, ապա հարկավոր է այն ծախսել պարտքերը փակելու համար։ Եթե մարդն ունի դեպոզիտ և մի քանի վարկ, ապա հարկավոր է հասկանալ, որ վարկերի տոկոսներն աճում են ավելի արագ, քան ավանդի եկամտաբերությունը։ Այդ պատճառով հիմարություն է թողնել ավանդը, եթե դուք չմարված վարկ ունեք։

Շատերի կարծիքով, ունեցած վարկերը բաժանելու համար պետք չէ վերցնել նորերը: Բայց դա այդքան էլ այդպես չէ: Եթե պարտապանն ունի մի քանի փոքր վարկեր, ապա ավելի հեշտ է դրանք միավորել մեկ մեծի մեջ: Այս մեթոդը կոչվում է ունիֆիկացիա, այն թույլ է տալիս նվազել վարկային բեռնվածությունը, բայց շարունակել մարման պարտավորությունները: Եթե վարկային պատմությունը թույլ է տալիս, ապա կարելի է նաև օգտվել վերաֆինանսավորումից: Հարկ է նշել, որ այս կերպ պարտքերի խնդիրը կարելի է լուծել միայն ծայրահեղ դեպքում:
6. Ժամանակավորապես հրաժարվում ենք կրեդիտ քարտերից

Կրեդիտ քարտը չար կատակ կարող է խաղալ մեզ հետ: Ըստ վիճակագրության, մենք 30%-ով ավելի ենք ծախսում` օգտագործելով քարտեր և էլեկտրոնային փողեր: Դրա օգնությամբ շատ հեշտ է պարտք հավաքել, սակայն այն որոշակիորեն նաև կարող է օգնել դրանցից ազատվելու հարցում: Եթե մարդն ունի ցածր տոկոսով կրեդիտ քարտ, ապա կարող է այն օգտագործել ավելի բարձր վարկային պարտքեր հաշվարկելու համար: Պարտքերից ազատվելու լավագույն միջոցը կրեդիտ քարտերից ազատվելն է և դրանց վերադառնալն այն ժամանակ, երբ ձեր ֆինանսական վիճակը կկայունանա:
7. Կազմում ենք «պարտքի» բյուջե

Եթե սովորական բյուջեում նշված է, թե որքան գումար է մնացել բոլոր ծախսերից հետո, ապա պարտքային բյուջեն ցույց է տալիս, թե որքան եք պարտք և որքան պետք է վճարեք յուրաքանչյուր պարտքային պարտավորության դիմաց: Երբ սովորական բյուջեում հավելուրդ է գոյացել, այն պետք է տեղափոխել պարտքային բյուջե: Սովորական բյուջեի ավելցուկները պարտքի մարման հիմնական աղբյուր են և հիմնական ուղին դեպի ֆինանսական հաղթանակ:
Բացի վարկերից և փոխառություններից, կարող են լինել վճարումներ պահանջող այլ պարտավորություններ (կոմունալ վճարումներ, ալիմենտներ, հարկեր, տուրքեր և այլն): Եթե դրանցից որևէ մեկը չվճարեք, ապա լուրջ խնդիրներ եք ունենալու` ընդհուպ մինչև դատարան: Այնպես որ չարժե հետաձգել վճարումները: Առաջին իսկ դժվարությունների դեպքում, մասնավորապես, պետք է միանգամից դիմել վարկատուին` ելք փնտրելու համար: Միաժամանակ, պետք է անպայման ցույց տալ վճարումն իրականացնելու ձեր ցանկությունը: Գործուն տարբերակ կարող է լինել փուլային վճարումը, որի դեպքում կարող է մարվել ցանկացած պարտք:
Եզրակացություն
Եթե ունենաք կամքի ուժ, ցանկություն և համառություն` այս բարդ ուղին անցնելու համար, ապա կունենաք ֆինանսական ազատություն, ֆինանսական լուրջ խնդիրների լուծման անգնահատելի փորձ և, անշուշտ, թույլ չեք տա նմանատիպ իրավիճակի կրկնություն: -0-
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում

