Ինչպե՞ս անցկացնել ամառային արձակուրդը վարկով

03.08.2018, 12:03
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մի քանի խորհուրդ է առաջարկում այն մարդկանց, ովքեր հստակ որոշել են վարկ վերցնել ամառային հաճելի արձակուրդի համար։
Ինչպե՞ս անցկացնել ամառային արձակուրդը վարկով

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Մարդիկ սովորաբար ողջ տարի սպասում են ամառային արձակուրդին, այդ իսկ պատճառով ցանկանում են առանձնահատուկ անցկացնել այն։ Սակայն ոչ միշտ է ստացվում տեսնել էկզոտիկ երկրներ, այցելել տարբեր քաղաքներ, հիանալ տեղի տեսարժան վայրերով։ Ոչ բոլորն են կարողանում ամառային հանգստի փող կուտակել։ Ու վարկն այդ դեպքում կարող է դառնալ խնդրի լուծում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը մի քանի խորհուրդ է առաջարկում այն մարդկանց, ովքեր հստակ որոշել են վարկ վերցնել ամառային հաճելի արձակուրդի համար։

Համոզվեք, որ վարկն իսկապես անհրաժեշտ է

 - рис.1

Տուրիստական վարկ վերցնելիս առաջին հերթին անհրաժեշտ է հաշվի առնել դրա մարման բարդությունը հոգեբանական առումով։ Ի՞նչ է դա նշանակում։ Օրինակ, եթե դուք վարկ եք վերցնում նոութբուք կամ ավտոմեքենա գնելու համար, ապա վճարման ժամանակաշրջանում և հետագայում կկարողանաք օգտվելձեռք բերված իրով։ Իսկ տուրիստական վարկի դեպքում ստիպված կլինեք սկսել վճարել ուղևորությունից վերադառնալուց հետո, այսինքն, երբ դուք արդեն օգտված կլինեք ծառայությունից։

Հոգեբանորեն շատ վարկառուների համար դա կարող է դժվար լինել. կորում է մոտիվացիան, իսկ վզից կախված պարտքը կարող է փչացնել ուղևորության մասին դրական հիշողությունները։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մի լավ մտածել արձակուրդի համար վարկ վերցնելուց առաջ։

Մի շտապեք ու պլանավորեք

 - рис.2

Եթե դուք, այնուամենայնիվ, որոշել եք վարկ վերցնել հանգստի համար, ապա անպայման պլանավորեք ձեր ուղևորության ողջ երթուղին։ Դա թույլ կտա մեծ գումար խնայել։ Պարտադիր պետք է նախօրոք որոշել, թե որ երկիր եք ցանկանում ուղևորվել, կողմնորոշվել տոմսերի, հյուրանոցի ու էքսկուրսիաների գների հարցում։ Դրանից կախված կլինի վարկի գումարը։

Բացի այդ, միշտ պետք է հիշել մի շատ կարևոր գործոնի` ձեր աշխատավարձի մասին։ Ավելի լավ է ոտքը վերմակի չափով մեկնել ու վարկ վերցնել եկամտին համապատասխան, որպեսզի վարկի վճարումները չձգվեն երկար ժամանակով, իսկ արձակուրդից ստացած լավ հիշողությունները չդառնան մղձավանջ։

Վերլուծեք վարկի պայմանները

 - рис.3

Այն բանից հետո, երբ դուք ամեն ինչ պլանավորել եք ու հաշվի եք առել ձեր հանգստի բոլոր մանրուքները, մնում է միայն ընտրել վարկ ստանալու տարբերակները։ Այդ հարցում, առաջին հերթին անհրաժեշտ է համեմատել ներկայացված պայմաններն ու ընտրել ամենաօպտիմալը։ Պետք է ուշադրություն դարձնել վարկի տոկոսադրույքի և այլ միջնորդավճարների վրա, ինչպես նաև ծանոթանալ վճարման տարբերակներին ու գրավին։

Ամենակարևորը. վարկը պետք է վերցնել ձեր ստացած եկամտի արժույթով, այդպես հնարավոր կլինի խուսափել փոխարժեքի հետ կապված ռիսկերից։

Հանգստի համար նախատեսված վարկերի տարբերակներ

 - рис.4

Նման տարբերակներից է ապառիկով ուղեգիրը, որը կարելի է վերցնել հենց տուրիստական գործակալության գրասենյակում։ Սա շատ հարմար տարբերակ է, քանի որ լրացուցիչ ժամանակ չեք ծախսում բանկերում։ Ամեն ինչ կարելի է անել տեղում, մեկ օրում և անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթով (սովորաբար պահանջվում է միայն անձնագիր և սոցիալական քարտ)։ Այս դեպքում հարկավոր է համոզվել, թե ինչ է ներառված ապառիկով ուղեգրի գումարի մեջ` միայն հյուրանո՞ց ու գի՞դ, թե՞ ուղեգրում ներառված է նաև տոմսը, անհրաժեշտ է պարզել նաև կանխավճարի հարցը։ Նման տարբերակը շատ հարմար է «թեժ» առաջարկների կամ պարզապես չպլանավորված ճամփորդությունների դեպքում։

Երկրորդ տարբերակը բանկային նպատակային տուրիստական վարկն է։ Նման վարկատեսակ, սակայն, ոչ բոլոր հայկական բանկերն են տրամադրում։ Սակայն այս դեպքում, ի տարբերություն ապառիկով ուղեգրի, հնարավորություն կա համեմատել տարբեր բանկերի առաջարկած պայմաններն ու ընտրել ամենաօպտիմալը։ Նման վարկերը հաճախ տրամադրվում են շահավետ պայմաններով կամ, օրինակ, ամառային ակցիաների շրջանակում։ Այստեղ ևս հարկավոր է ճշտել արդյոք բանկն ունի՞ պայմանավորվածություններ որոշ տուրիստական ընկերությունների հետ կամ փոխառուն ունի՞ տուրիստական գործակալությունների մեծ ընտրություն։

Երրորդ տարածված տարբերակը սովորական սպառողական վարկն է, որը տրամադրում են բոլոր բանկերը, այդ պատճառով կարելի է ավելի ճկուն մոտեցում ցուցաբերել փոխառության պայմանների ընտրությանը։ Սակայն սպառողական վարկի դեպքում չի ստացվի վերցնել «թեժ» ուղեգիր, քանի որ նման վարկի ձևակերպումը կարող է տևել մի քանի օր։ Բացի այդ, սպառողական վարկ ձևակերպելու համար կպահանջվեն ավել շատ տեղեկանքներ, քան նպատակային վարկի և ապառիկով ուղեգրի դեպքում։ Այդ պատճառով նման տարբերակի դեպքում հարկավոր է նախօրոք պլանավորել ճամփորդությունը։ Սպառողական վարկի դրական կողմերից մեկը որոշակի գումար ստանալու հնարավորությունն է։ Դա հարմար է, եթե դուք արդեն ունեք կուտակած միջոցներ և պարզապես հարկավոր է դրանք համալրել։ Նման վարկի դրական կողմերից է նաև տուրիստական գործակալությունների մեծ ընտրությունը։ Դուք ստիպված չեք լինի օգտվել որոշակի ծրագրից և ինքներդ կկարողանաք ընտրել ձեզ դուր եկած ուղեգիրը, ինչպես նաև կկարողանաք պլանավորել ճամփորդությունն առանց տուրիստական գործակալությունների օգնության։

Կարևոր է իմանալ

 - рис.5

Մեկնելով օտար երկիր` պարտադիր ձևակերպեք բժշկական ապահովագրություն։ Դուք երևի մտածում եք` ի՞նչ կարող է ինձ հետ պատահել մեկ շաբաթում։ Սակայն, եթե դուք, օրինակ, վնասել եք ձեռքը կամ պարզապես ատամի ցավ ունեք, բժշկական օգնությունն արտերկրում ձեզ համար մի «կլորիկ» գումար կկազմի։–0–

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։