Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող ամենահուզող հարցերը

17.01.2019, 11:07
Ներկայացնում ենք հարցեր, որոնք թույլ կտան ավելի հստակ պատկերացում կազմել կուտակային կենսաթոշակային համակարգի նրբությունների վերաբերյալ։
Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող ամենահուզող հարցերը

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. 2018 թվականի հուլիսի 1–ից Հայաստանում լիարժեք սկսել է գործել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ Թեև համակարգն աշխատում է արդեն մի քանի ամիս, հանրապետության ոչ բոլոր բնակիչները գիտեն, թե որ կենսաթոշակային ֆոնդում են պահվում իրենց միջոցները, որ ընկերությունն է կառավարում կենսաթոշակային կուտակումները, ինչպես հնարավոր կլինի ապագայում կենսաթոշակ ստանալ և համակարգի այլ նրբությունները։ 

«AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT» ՓԲԸ կառավարիչ ընկերությունը լրագրողների համար Հայաստանի կենսաթոշակային համակարգի վերաբերյալ թրենինգներ է անցկացրել։ Բոլոր հետաքրքրվողների համար «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացրել է հարցեր այս թեմայով, որոնք թույլ կտան ընթերցողին ավելի հստակ պատկերացում կազմել կուտակային կենսաթոշակային համակարգի նրբությունների վերաբերյալ։ 

Աշխատավարձի ո՞ր տոկոսը պետք է հատկացվի կենսաթոշակային ֆոնդ 

Նշենք, որ կենսաթոշակային ֆոնդի հատկացումների գումարը կախված է նրանից, թե արդյո՞ք դուք վարձու աշխատող եք թե ոչ, ինչպես նաև ստացվող աշխատավարձի չափից։ Եթե դուք վարձու աշխատող եք ընկերությունում և ստանում եք 500 հազար դրամից պակաս աշխատավարձ, ապա ձեր հատկացումները կազմում են աշխատավարձի 2.5 տոկոսը։ Սակայն, ձեր հատկացումներին ավելանում են պետբյուջեից 7.5 տոկոսի չափով հատկացումներ։ Օրինակ, եթե դուք ստանում եք 200 000 դրամ, ապա 5000 դրամ կգնա ձեր կենսաթոշակային ֆոնդ և դրան կգումարվի ևս 15 000 դրամ պետությունից։ Եթե դուք ստանում եք 500 հազար և ավելի աշխատավարձ, ապա հատկացումները կազմում են 12 500 դրամ ֆիքսված գումար գումարած պետությունից` 37 500 դրամ։

Ո՞վ է կառավարելու ձեր փողերը 

 - рис.1

Աշխատավարձից հատկացումները գործատուն փոխանցում է հարկային մարմին, այսինքն` Հայաստանի պետական եկամուտների կոմիտե։ Դրանից հետո միջոցները հարկայինից ուղղվում են Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիում քաղաքացու անձնական հաշվին և այնուհետև արդեն հայտնվում են կենսաթոշակային ֆոնդերում։ Արդյունքում, կառավարիչ ընկերությունները ստանձնում են ֆոնդերի, այսինքն` ձեր կուտակումների կառավարումը։ 

Իսկ ո՞ր ֆոնդերում է ավելի շահեկան պահել կուտակումները 

Ամեն ինչ կախված է այն կենսաթոշակային ֆոնդից, որտեղ պահվում են կուտակումները։ Եթե ձեր միջոցները պահվում են կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդում, ապա դրանք ներդրվում են բանկային ավանդներում և պետպարտատոմսերում։ 

Ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ընկերությունների բաժնետոմսերում և կորպորատիվ պարտատոմսերում ներդրվում են պահպանողական ֆոնդի միջոցներ 25 տոկոսի չափով և հավասարակշռված ֆոնդից` 50 տոկոսի չափով։ Բնականաբար, ձեր կուտակումներն ավելի արագ կաճեն պահպանողական ֆոնդում և հավասարակշռված ֆոնդում, քանի որ կորպորատիվ պարտատոմսերի և բաժնետոմսերի եկամտաբերությունն ավանդներից բարձր է։ 

Ձեր կուտակումները կներդրվեն աշխարհի թոփ ընկերությունների, օրինակ, Amazon–ի կամ Facebook–ի բաժնետոմսերում։ Նախնական փուլում, ելնելով վերոնշյալից, կենսաթոշակային համակարգի մասնակիցներին հիմնականում խորհուրդ է տրվում ընտրել հավասարակշռված ֆոնդը, ժամանակի ընթացքում այն կարելի է փոխարինել պահպանողականով, իսկ արդեն կենսաթոշակային տարիքի մոտենալիս` կայունով։ 

Կարո՞ղ է, արդյոք, սնանկանալ կենսաթոշակային ֆոնդը 

 - рис.2

Պարտադիր կուտակային համակարգի կենսաթոշակային համակարգը չի կարող սնանկանալ։ Սնանկանալ կարող է միայն կառավարիչ ընկերությունը, ընդ որում կենսաթոշակային ակտիվները կմնան անվտանգ, քանի որ դրանք ընկերության սեփականությունը չեն, այլ հանդիսանում են կենսաթոշակային համակարգի մասնակիցների սեփականությունը։ Ըստ օրենսդրության, կառավարիչ ընկերության սնանկացումից հետո ֆոնդը տեղափոխվում է այլ ընկերության կառավարության ներքո։ 

Որտե՞ղ կարելի է տեղեկատվություն ստանալ կենսաթոշակային ֆոնդի և կառավարիչ ընկերության մասին 

Գոյություն ունի երեք տարբերակ, որոնց միջոցով հնարավոր է տեղեկատվություն ստանալ ֆոնդի, կառավարիչ ընկերությունների, ինչպես նաև ընթացիկ կուտակումների մասին։ Մասնավորապես, այդ տվյալները կարելի է ստանալ www.epension.am կայքում` մուտք գործելով «Իմ հաշիվը» էջը, սակայն դրա համար կպահանջվի ID քարտ, քարտը «կարդացող» սարք և էլեկտրոնային ստորագրություն։ Տեղեկատվություն ստանալու երկրորդ միջոցն է դիմել փոստային ցանկացած բաժանմունք կամ բանկ, որոնք հաշվի օպերատորներ են։ Բացի այդ, ֆոնդի և կուտակումների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև վճարային քարտերի միջոցով` օգտվելով բանկոմատից։ 

Ե՞րբ և ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ կենսաթոշակային կուտակումները 

 - рис.3

ՀՀ քաղաքացիները թոշակի են դուրս գալիս 63 տարեկանից։ Կենսաթոշակային տարիքի հասնելու դեպքում կենսաթոշակային կուտակումները կարելի է ստանալ երեք միջոցով։ Առաջինը ծրագրային վճարումներն են։ Թոշակի վճարման այս տեսակը նախատեսում է կենսաթոշակային ֆոնդից ամսական փոխանցումների իրականացում ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի անհատական հաշիվների վրա, որոնց միջոցով միջոցները վճարվելու են համակարգի մասնակցին մինչև 75 տարեկանը (կյանքի միջին տևողությունը Հայաստանում)։ Երկրորդ տեսակն անուիտետային վճարներն են։ Այս դեպքում կառավարիչ ընկերությունը ձեր կուտակումները կուղղի ապահովագրական ընկերություն, որը կվճարի թոշակը հավասար գումարով մինչև ձեր կյանքի վերջը։ Կենսաթոշակային համակարգի մասնակիցը պարտավոր է կնքել անուիտետի պայմանագիր, եթե հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը մեծ է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից, բայց փոքր այդ կենսաթոշակի հնգապատիկից կամ հավասար է այդ կենսաթոշակի հնգապատիկին։ 

Երրորդ տարբերակն է միանվագ վճարը, որը նախատեսում է ամբողջ կուտակված գումարի տրամադրում:Սակայն այս դեպքում կուտակված գումարը պետք է լինի կամ ոչ փոքր կամ ոչ շատ մեծ: Այսինքն, եթե հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը փոքր է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար է դրան, ապա մասնակիցն իրավունք ունի կուտակային կենսաթոշակը ստանալ անուիտետի կամ ծրագրային վճարների կամ միանվագ վճարի ձևով: Հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, ապա մասնակիցը պարտավոր է իր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մի մասի մարման արդյունքում ստացված միջոցների հաշվին սույն օրենքով սահմանված կարգով կնքել անուիտետի պայմանագիր այն գումարի չափով, որը հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը կկազմի հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, իսկ մնացած մասը մասնակիցն իրավունք ունի ստանալու անուիտետի կամ ծրագրային վճարների կամ միանվագ վճարի ձևով:

Իսկ հնարավոր չէ՞ վերցնել սեփական կուտակումները մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը 

 - рис.4

Հնարավոր է: Կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է վերցնել իր կուտակումները մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը: Օրինակ, 55 տարեկանում, եթե բավական միջոցներ են կուտակված անուիտետի ձեռք բերման համար, մասնավորապես, հիմնական կենսաթոշակի առնվազն հնգապատիկը: Ժամանակից շուտ կենսաթոշակային միջոցները կարող են ստանալ նաև այն մասնակիցները, որոնք ունեն հաշմանդամության երրորդ կարգ, տառապում են լուրջ հիվանդացություններով կամ եթե հանդիսանում են օտարերկրյա քաղաքացիներ, որոնք աշխատում են Հայաստանում, սակայն որոշել են վերադառնալ իրենց մշտական կացության վայր:

Իսկ ո՞վ կստանա իմ փողերը, եթե չապրեմ մինչև կենսաթոշակ 

Կենսաթոշակային կուտակումները, ինչպես քաղաքացիների յուրաքանչուր այլ ունեցվածք, փոխանցվում են ժառանգաբար:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-