Երևանից մինչև Կապան․ հայ և արտասահմանցի երաժիշտները կհամախմբվեն երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի շրջանակում

23.09.2026, 17:38
Համերգները կանցկացվեն Երևանում, Կապանում և Չարենցավանում՝ համախմբելով հայ և արտասահմանցի ճանաչված երաժիշտների
Երևանից մինչև Կապան․ հայ և արտասահմանցի երաժիշտները կհամախմբվեն երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացնի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Համերգները կանցկացվեն Երևանում, Կապանում և Չարենցավանում՝ համախմբելով հայ և արտասահմանցի ճանաչված երաժիշտների։

Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Այն կմեկնարկի հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին նվիրված համերգով՝ ժամը 19:00-ին:

Փառատոնի այս տարվա հրավիրյալ օտարազգի երաժիշտներն են Նորվեգիայում բնակվող և ստեղծագործող, միջազգային բեմերում մեծ ճանաչում վայելող սերբական ծագմամբ երգեհոնահար և դաշնակահար Միլկիցա Ռադովանովիչը, Շվեյցարիայից անվանի երգեհոնահար, կոմպոզիտոր և մանկավարժ Գի Բովեն, ճապոնացի անվանի երգեհոնահար Հիրոկո Ինոյեն։

Նախատեսված են համերգներ՝ նվիրված հայ կոմպոզիտոր և խմբավար Մակար Եկմալյանի ծննդյան 170-ամյակին և կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի ծննդյան 85-ամյակին։

Փակման համերգը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ նվիրված Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծննդյան 270-ամյակին։

Փառատոնը կանցկացվի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունն ու մասնակիցների շրջանակը։ Ծրագիրը խթանում է Հայաստանում երգեհոնային կատարողական արվեստի զարգացումը՝ նպաստելով միջազգային մշակութային կապերի ամրապնդմանը և հայկական երգեհոնային արվեստի հանրահռչակմանն աշխարհում։