Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում

13.07.2017, 16:26
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
ԵՐԵՎԱՆ , 13 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Տատյանա Դանիլյանցի «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում։

«Ոսկե ծիրան». կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 9-16 –ը` «Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկում» խորագրի ներքո։

Ֆիլմը պատմում է վեց հայ երաժիշտների մասին, որոնց ճակատագրերն ու երաժշտությունը սերտորեն կապված են Երևանի ճակատագրի հետ: Լիամետրաժ ֆիլմի հերոսներ են` դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը, «Grammy» և World Music Award մրցանակների դափնեկիր, Armenian Navy Band–ի հիմնադիր Արտո Թունջբոյաջյանը, կոմպոզիտոր և երգչուհի Լիլիթ Պիպոյանը, դաշնակահար, ջազմեն Մալխասը (Լևոն Մալխասյանը), կոմպոզիտոր, թառահար Միքայել Ոսկանյանը և շանսոնիե Ֆորշը։ Հենց նրանց աչքերով և նրանց երաժշտության միջոցով է ներկայացվում Երևանը` ապրելով ու ենթարկվելով սեփական ռիթմին և մեղեդուն:

Ֆիլմի ցուցադրությունից հետո «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակում հյուրերին սպասվում է համերգ` ֆիլմի հերոսների մասնակցությամբ։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում ասուլիսի ընթացքում ասաց ֆիլմի ռեժիսոր Տատյանա Դանիլյանցը, ֆիլմը նվիրված է Երևանին։

«Ֆիլմը նվիրված է շատ կարևոր երաժիշտների, ովքեր ինձ համար` որպես նախագծի հեղինակի, վայրի հանճարներ են։ Այս ֆիլմն ի սկզբանե պետք է կարճամետրաժ կիներ, և դրանում պետք է նկարահանվեր Ֆորշը։ Տարբեր ստեղծագործական պատճառներով այդ կարճ ֆիլմը չկայացավ, սակայն 2008 թ–ից սկսած այն սկսեց այլ հրաշալի երաժիշտներ ընդգրկել»,–հավելեց Դանիելյանց։

Նրա խոսքով, ֆիլմի պրեմիերան կայացել է ապրիլին Մոսկվայում, այն ցուցադրվել է Ռուսաստանի գրեթե 20 էկրաններին։

«Վավերագրական ֆիլմի համար դա նախադեպ է, քանի որ մենք Ռուսաստանի տարածք վավերագրական ֆիլմերի դիստրիբուցիայի խնդիրներ ունենք»,–ասաց ռեժիսորը։

Կոմպոզիտոր և երգչուհի Լիլիթ Պիպոյանն իր հերթին հավելեց, որ մի քանի տարի առաջ ֆիլմի ռեժիսորն եկել է Երևան, գտել իրեն և առաջարկել է նկարահանվել ֆիլմում։

Загружается новость ... "Лево"

«Ի սկզբանե պարզ էր, թե դա ինչ է լինելու, սակայն, ելնելով երաժշտական և մշակութային շեշտադրումներից, որ դրել էր Տատյանան, ես հասկացա, որ իմ առջև հասկացող մարդ է, արդյունքում ես հաճույքով համաձայնեցի մասնակցել ֆիլմին»,– ընդգծեց Պիպոյանը։

Նա նշեց, որ ֆիլմի ստեղծման գործընթացը բավականին երկար է եղել, ընդգծելով, որ ֆիլմի մոտեցումը բավականին հետաքրքիր է։

«Ես չգիտեմ Երևանի մասին համանման այլ ֆիլմ։ Ֆիլմի նկարահանման ընթացքում Տատյանան մեզ խնդրեց գտնել քաղաքում ամենասիրելի վայրերը, որոնք ցուցադրվել են ֆիլմում։ Չնայած ես միշտ ապրել եմ Թումանյան փողոցում, ես ընտրել եմ 3-րդ մասը (Շենգավիթ վարչական շրջան), որտեղ շատ հետաքրքիր կոլորիտ է պահպանվել»,– հավելեց Պիպոյանը։ -0-