Բուքմեյքերները հավատում են, որ Հայաստանը կանցնի Եվրատեսիլ 2015–ի եզրափակիչ

19.05.2015, 15:01
Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները հավատում են Genealogy հայկական խմբի` «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ անցնելուն, որը կկայանա Ավստրիայի մայրաքաղաքի «Վիներ Շտադհալե» համերգասրահում։
Բուքմեյքերները հավատում են, որ Հայաստանը կանցնի Եվրատեսիլ 2015–ի եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները հավատում են Genealogy հայկական խմբի` «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ անցնելուն, որը կկայանա Ավստրիայի մայրաքաղաքի «Վիներ Շտադհալե» համերգասրահում։

Կիսաեզրափակչի հեռարձակումը կիրականացվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ տեղական ժամանակով ժամը 23։00–ին (Մոսկվայի ժամանակով` 22.00)։

Այսպես, Williamhill բուքմեյքերական գրասենյակը հայկական խմբի` եզրափակիչ անցնելն ընդունում է 1.28 գործակցով տոկոսադրույքներ։ Այդ ցուցանիշը վեցերորդն է առաջին կիսաեզրափակչի բոլոր 16 մասնակիցների թվում։

Առաջին կիսաեզրափակչի ակնհայտ ֆավորիտը, ըստ բուքմեյքերների, Ռուսաստանի մասնակից Պոլինա Գագարինան է` նրա գործակիցը գնահատվում է 1.01։ 

Փորձագետները գործնականորեն չեն կասկածում, որ եզրափակիչ դուրս կգան Էստոնիայի (1,05), Ռումինիայի (1,14), Հունաստանի (1,17) և Վրաստանի (1,17) ներկայացուցիչները։

Բուքմեյքերների կարծիքով, մրցույթն առաջին իսկ փուլում կլքեն Մոլդովան (2,87), Նիդեռլանդները (2,75) և Սերբիան (2,25)։

Մյուս մասնակիցների հնարավորությունները տատանվում են 1.40-1.80, ինչը լուրջ ինտրիգ է ենթադրում։

Genealogy հայկական խումբը բաղկացած է վեց մասնակիցներից` Հայաստանից և հինգ մայրցամաքներից։ Եվրոպան ներկայացնում է ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), երկրորդը` երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, երրորդը` Աֆրիկան ներկայացնող եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանը (Vahe Tilbian), չորրորդը` Ասիան ներկայացնող և Ճապոնիայում բնակվող Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian), հինգերորդը` Ավստրալիան ներկայացնող օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O'Doherty (Vasmatzian), և վերջապես վեցերորդ մասնակիցը` Հայաստանը ներկայացնող Ինգա Արշակյանը։

Խմբի վեց մասնակիցները տարբեր մայրցամաքներից են, բայց բոլորը հայկական ծագում ունեն` Հայոց ցեղասպանությունից հետո նրանց ընտանիքները ցրվել են աշխարհով մեկ ։ «Եվրատեսիլը», այդպիսով, կդառնա ևս մեկ հարթակ, որից աշխարհին կրկին անուղղակիորեն կհիշեցնեն Օսմանյան կայսրությունում 1915 թվականին մարդկության դեմ կատարված սարսափելի ողբերգության մասին։ 

Հայաստանի երգի անվանումն առանձին պատմություն ունի։ Մրցույթից դեռևս շատ առաջ հայկական կողմը «Don't Deny» (Մի ժխտիր) անվանումը փոխարինեց «Face the Shadow»–ով (Ստվերին դեմ առ դեմ)։ Այնուամենայնիվ, երգի իմաստը և դրա հիմնական ուղերձը դրանից չեն փոխվել։

Խմբի տեսահոլովակը մայիսի 18–ի դրությամբ արդեն 1 մլն 580 հազար դիտում է հավաքել Youtube–ում։

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ Այդ կարգախոսը խորհրդանշում է բոլորին միավորող Եվրոպան, քանի որ կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլը» մշակույթներ և լեզուներ է միավորում։

Այս տարի մրցույթին կմասնակցի 40 երկիր` Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Մակեդոնիան (նախկին Հարավսլավիայի մասն է), Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան և առաջին անգամ ` Ավստրալիան։

Մի քանի երկրներ, այդ թվում` Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիա և Հերցեգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը և Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին։

«Եվրատեսիլ 2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչ փուլում երկրորդ համարի ներքո։-0-