Խաչատրյանի անվան եռյակն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համատեղ համերգ կունենան Երևանում

05.11.2014, 15:57
Արամ Խաչատրյանի անվան 2–րդ միջազգային փառատոնի շրջանակում Խաչատրյանի անվան եռյակն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը չորեքշաբթի համատեղ համերգ կունենան Երևանում։
Խաչատրյանի անվան եռյակն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համատեղ համերգ կունենան Երևանում

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արամ Խաչատրյանի անվան 2–րդ միջազգային փառատոնի շրջանակում Խաչատրյանի անվան եռյակն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը չորեքշաբթի համատեղ համերգ կունենան Երևանում։

«Այդ հետաքրքիր նախագիծն արդեն իրականացվել է տարբեր նվագախմբերի հետ մի քանի երկրում։ Բայց առաջին անգամ այն ներկայացվել է Երևանում, և մենք ուրախ ենք համագործակցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ»,– լրագրողներին հայտնեց Խաչատրյանի անվան եռյակի մեներգչուհի Արմինե Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով` Խաչատրյանի անվան համերգասրահում նախատեսված ելույթի ժամանակ կկատարեն հայտնի կոմպոզիտորի երեք ստեղծագործություն` «Թավջութակի և նվագախմբի համար կոնցերտ–ռապսոդիա», «Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար» և «Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար»։

Համերգասրահի դահլիճի նախասրահում կանցկացվի նաև Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի կազմակերպած ցուցահանդեսը, որի ընթացքում կներկայացվեն կոմպոզիտորի անձնական իրերն ու նյութեր և լուսանկարներ անձնական արխիվից։

«Համերգը նվիրվում է Վազգեն Սարգսյանի 55–ամյակին։ Երեկոյի ընթացքում նրան նվիրված ֆիլմ կցուցադրվի»,– ասաց Գրիգորյանը։

Եռյակի երրորդ մենակատար Կարեն Շահգալդյանն իր հերթին անդրադարձավ Պետական երիտասարդական նվագախմբի հետ համագործակցությանը։

«Երիտասարդական նվագախմբերում միշտ թեժ է` այդ բառի լայն իմաստով։ Տվյալ դեպքում դա բխում է ղեկավարից, որովհետև Սերգեյ Սմբատյանը չափազանց հետաքրքրասեր և երաժշտասեր մարդ է, ինչը շատ կարևոր է երաժիշտի համար»,– ասաց Շահգալդյանը։

Սմբատյանը, նրա կարծիքով, լրջորեն աշխատում է սեփական անձի, կարիերայի և այն ստեղծագործությունների վրա, որոնք կատարում է նվագախումբը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հիմնել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2005թ.-ին, պետական կարգավիճակ է ստացել` 2008 թվականին։

Նվագախմբի  կազմում ելույթ են ունենում միջազգային մրցույթների դափնեկիրներ և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուներ։

Գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տեղեկատվական հովանավորն է։ -0-