Հայաստանի մշակույթի նախարարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանին Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու արձանի բեկորների փոխանցման հարցում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ավելի վաղ Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում կոչ էր արել դիմել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությանը՝ Անահիտ աստվածուհու արձանի բեկորները՝ գլուխն ու ձեռքերը, Հայաստանին վերադարձնելու պահանջով:
«Ես կարծում եմ, որ մեզ համար ընդհանրապես շատ կարևոր է, որ մեր ժառանգությունը մենք կարողանանք Հայաստանում հավաքենք։ Այսինքն` ենթադրում եմ, որ այդ ցանկությունն է, որ պրն. Աշոտյանը հայտնել է, և եթե ստացվի բերել Հայաստան, ինչո՞ւ չէ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հելլենիստական մշակույթի բեկորները մեզանում շատ քիչ են պահպանված»,- ասաց Պողոսյանը:
Նա միաժամանակ նշեց, որ եթե իրեն ասեին՝ որևէ խաչքար եկեք տեղափոխենք Հայաստան, կասեր՝ չէ, որտեղ որ կան, թող այնտեղ էլ մնան, որովհետև ինչքան շատ վայրերում լինեն, այնքան ավելի շատ կխոսեն հայերի մշակույթի մասին:
«Բայց այստեղ խոսքն այն արժեքների մասին է, որոնք մեզ մոտ գործնականորեն չեն պահպանվել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե բարի կամք դրսևորվի, բնականաբար, Հայաստանը չի հրաժարվի դրանից:
Նախարարը միաժամանակ կասկած արտահայտեց Բրիտանական թանգարանի համաձայնության առիթով:
Անահիտը հայ դիցաբանության մեջ մայր-աստվածուհին է, պտղաբերության և սիրո աստվածուհին: Նրան կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն: Անահիտը համարվել է խոհեմության ու պարկեշտության մայրը, մարդկանց սնուցող, ապրեցնող ու փառավորող աստվածուհի: -0-