«Քոչար» հիմնադրամը հայտարարել է, որ անհետացել են վարպետի 7 ստեղծագործությունները, իսկ թանգարանը հերքում է այս լուրը․ փորձում ենք պարզել իրավիճակը

19.11.2024, 16:05
«Քոչար» հիմնադրամը հայտարարել է, որ անհետացել են վարպետի 7 ստեղծագործությունները, իսկ թանգարանը հերքում է․ ի՞նչ է կատարվում
«Քոչար» հիմնադրամը հայտարարել է, որ անհետացել են վարպետի 7 ստեղծագործությունները, իսկ թանգարանը հերքում է այս լուրը․ փորձում ենք պարզել իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր «ՔՈՉԱՐ» մշակութային հիմնադրամը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության։

Հիմնադրամից նաև նշել են, որ ահազանգվել է ՀՀ կառավարությանը, այժմ գործը ՀՀ քննչական կոմիտեում է։

«Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաև ապօրինի գործարքների հետ կապված։ Երվանդ Քոչարի ժառանգությունը վտանգված է, Հայաստանի պետությունը կարող է կանգնել փաստի առաջ»,-նշված է հիմնադրամի հայտարարության մեջ։

Հիմնադրամից հայտնել են նաև, որ վաղը, ժամը 12:00-ին, IBIS հյուրանոցի ԿԱՐԻՆ սրահում Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանը մամլո ասուլիսում ներկայացնելու են փաստեր։

Кочар

Մի քանի ժամ անց հայտարարությամբ հանդես եկավ Երվանդ Քոչարի թանգարանը՝ պահանջելով լրատվամիջոցներից հերքել Քոչարի ստեղծագործությունների անհետացման մասին լուրը։

«Ձեր լրատվական կայքում տեղ է գտել «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊՈԱԿ-ի վերաբերյալ իրականությանը չհամապատախանող և գործարար համբավն արատավորող տեղեկատվություններ. Մասնավորապես, «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՊՈԱԿ-ից 500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ»։ Սույնով հայտնում եմ, որ վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և սուտ է, և ուստի խնդրում եմ առաջնորդվելով «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կարգավորումներով հերքել իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ տեղեկատվությունները», – թանգարանի հայտարարության մեջ մեջբերվում է թանգարանի ներկայացուցիչ, փաստաբան Վարդուհի Բարսեղյանի խոսքերը։

Кочар

Նշենք, որ Քոչարի ստեղծագործությունների անհետացման թեմային այսօր անդրադարձել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Տեղեկություններ էին ներկայացվել նաև նախարարություն, մենք դիմել ենք նաև իրավապահ մարմիններ, քրեական գործ է հարուցված։ Մենք տեղեկացվել ենք, ինքներս ունենք մոնիտորինգի մեխանիզմ, որով փորձում ենք պարբերաբար գույքագրել և հասկանալ մեր թանգարաններում պահվող նմուշների և դրանց հետ կապված իրավիճակը։ Այս ահազանգը կոնկրետ հնչել է հիմնադրամի կողմից, մենք դրան պատշաճ ընթացք ենք տվել»,- նշել է Անդրեասյանը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձում է պարզել իրավիճակը՝ կապ հաստատելով Քննչական կոմիտեի հետ։ Այս պահին ՔԿ–ից մեզ դեռ չեն պատասխանել։ Պատասխան ստանալուն պես կհրապարակենք։