Քոչարի թանգարանից անհետացած նկարների հարցով քրեական գործ է հարուցված. Անդրեասյան

19.11.2024, 14:33
Նախարարը հույս հայտնեց, որ քննությունը պատշաճ կընթանա
Քոչարի թանգարանից անհետացած նկարների հարցով քրեական գործ է հարուցված. Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Տեղեկություններ էին ներկայացվել նաև նախարարություն, մենք դիմել ենք նաև իրավապահ մարմիններ, քրեական գործ է հարուցված։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Երվանդ Քոչարի թանգարանից նկարչի 7 ստեղծագործությունների անհետացման դեպքին, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 500.000 դոլար։

Նախարարը հույս հայտնեց, որ քննությունը պատշաճ կընթանա։

«Մենք տեղեկացվել ենք իրենց կողմից, ինքներս ունենք մոնիտորինգի մեխանիզմ, որով փորձում ենք պարբերաբար գույքագրել և հասկանալ մեր թանգարաններում պահվող նմուշների և դրանց հետ կապված իրավիճակը։ Այս ահազանգը կոնկրետ հնչել է հիմնադրամի կողմից, մենք դրան պատշաճ ընթացք ենք տվել»,-ասաց նա։

Անդրեասյանը նշեց, որ հիմնադրամն ինքն էլ է դիմել իրավապահներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության։