ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում են, որ Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է. «Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երևանում: Անելու ենք առավելագույնը, որ «Մանկական Եվրատեսիլն» իր կոնցեպտով և շոուով հիշարժան լինի թե՛ մրցույթի մասնակիցների, թե՛ բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 19–ին Փարիզում կայացած «Մանկական Եվրատեսիլ»–ում
հաղթանակ տարավ Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան, նա կատարեց «Քամի, քամի» ստեղծագործությունը։ Երիտասարդ երգչուհին վաստակեց 224 միավոր, մրցույթին մասնակցում էր 19 երկիր։–0–