Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում

13.01.2017, 18:13
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:

«Նման մեծ աջակցություն չէի սպասում, դա ուղղակի կատաղի աջակցություն էր: Դա շատ ուժեղ էր զգացվում: Ինձ համար շատ պատասխանատու էր այնտեղ ելույթ ունենալը, քանի որ քեզ համար քվեարկում են, այդքան մարդ քեզ համար անհանգստանում է, շատ պատասխանատու էր նրանց սպասումները արդարացնելը», - ասաց Խանաղյանը:

Երգիչը ներկայացրեց նաև «Х ֆակտոր 7»-ի մասնակցությունից ստացված տպավորությունները և խոստովանեց, որ հաղթանակն իրեն հեշտ չի տրվել:

««Х ֆակտոր 7»-ի հետ փոքր-ինչ ավելի լավ ստացվեց, քան մնացած նախագծերի, որոնց մասնակցել եմ: Մեծ հաջողությունը նրանում էր, որ կարողացա իմ հեղինակային երգերը կատարել: Կարծում եմ, որ դա բացահայտում է արտիստին որպես անհատականություն, ստեղծագործ էակ: Սա գլխավոր տարբերությունն է «Ձայնի» և «Х ֆակտորի» միջև. ի սկզբանե ես գնացի այս նախագծին մասնակցելու սեփական երգերը կատարելու համար», - ասաց Խանաղյանը:

Երգիչն առաջին անգամ է եկել Հայաստան «Х ֆակտոր 7»-ի հաղթանակից հետո և հայ հանդիսատեսի համար ելույթ կունենա համերգային ծրագրով` կատարելով ինչպես հեղինակային երգերը, այնպես էլ սիրված ստեղծագործությունների cover տարբերակները:

«Արդեն մեկ տարի է, ինչ տանը չեմ եղել (Մեծավան գյուղ, խմբագրություն), կգնամ այնտեղ և կարծում եմ` ինձ այնտեղ ջերմ կդիմավորեն: Ամենաբարի, լուսավոր հիշողություններն են ինձ պարուրում, միշտ ժպիտով եմ հիշում հայրենի քաղաքս: Չնայած որ արդեն երկար ժամանակ է, ինչ Հայաստանում չեմ բնակվում, ամեն ինչ շատ լավ եմ հիշում: Դա իմ հարազատն է, իմ պատմությունը, չեմ կարող դա մոռանալ», - ասաց Խանաղյանը:

Սևակը չբացահայտեց իր ապագա ծրագրերը, սակայն խոստովանեց, որ հաճույքով կհամագործակցեր իր հայ գործընկերների հետ:

«Ծրագրեր շատ կան, «Х ֆակտորը» նոր ավարտվեց, իսկ մեզ մոտ ամեն ինչ նոր է սկսվել: Բնականաբար, մենք կանենք նույնը, ինչ արել ենք մինչև նախագիծը, սակայն այժմ ավելի շատ մարդ կա, ում համար դա կանենք: Մենք երգեր ենք գրում, ալբոմ պատրաստում, կունենանք շատ համերգներ, տեսահոլովակների նկարահանումներ, բազում նորույթներ են սպասվում: Հույս ունեմ, որ ձեզ հաճելիորեն կզարմացնենք», - ասաց Խանաղյանը: -0-