Հայազգի ռեժիսոր Սթիվ Զաիլյանն արժանացել է հեղինակավոր «Էմմի» մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայազգի ռեժիսոր, սցենարիստ Սթիվ Զաիլյանը «լավագույն ռեժիսոր» անվանակարգում արժանացել է «Էմմի» հեղինակավոր մրցանակի՝ «Ռիփլի» մինի սերիալի համար։ Այս մասին գրում է Deadline-ը։
Իր ելույթում Զաիլյանն ասել է, որ հիացած է Իտալիայի գեղեցիկ տեսարաններով, և իր շնորհակալությունն է հայտնել սերիալի դերասանական և նկարահանող անձնակազմին:
«Իտալիայում «Ռիփլի»-ն նկարահանելն ինքնին պարգև էր, դա երազի պես էր: Դրանից հետո ինձ ոչինչ պետք չէր»,- ասել է նա։
Իր խոսքում ռեժիսորը նաև պատիվ է համարել նկարահանել այս ֆիլմը և կիսվել դրանով մարդկանց հետ, ովքեր աշխատել են ֆիլմի վրա։
«Ռիփլի»-ն ութ մասից բաղկացած մինի սերիալ է՝ հիմնված Պատրիսիա Հայսմիթի հոգեբանական թրիլլերների վրա։ Սցենարը հիմքում Թոմ Ռիփլիի (դերասան՝ Էնդրյու Սքոթ) կերպարն էր, որը խաբեբա է, ով պայքարում է 1960-ականների սկզբին Նյու Յորքում ապրուստը հոգալու համար։